Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Այսօրը, որ դեռ երեկ ապագա էր,
սպասելիքներով շռայլ, անակնկալներով բազմախոստում,
հիմա հեռանում է անվերադարձ ու գլխահակ,
ծրագրերը ձախողած ղեկավարի նման,
որի հիշատակի համար արդեն վաղը,
ինչպես անչար շիրմաքարի առջև,
գլխարկ պետք է հանենք ու հիշենք անհիշաչար.
«Հեռացողի մասին միայն լավը»:
Ես կախվել եմ ժամանակի թարթիչներից.
արտասուք եմ, կուտակվում եմ ու չեմ ընկնում,
մի ձայն հանկարծ մութ խորքերից շշնջաց ինձ.
-Ի՞նչ ես կախվել, թափվելու տեղ զո՛ւր ես փնտրում:
Ապագայում լավագույն կյանք ունենալու մասին երազների իրականացումը պետք է սկսված լիներ այն ժամանակ, երբ լոկալ հաղթության արդյունքում ծովը թվում էր ծնկներից, բայց իրականում, եթե երկրի կառավարման գործին նաև խոր միտքը մասնակցեր, կտեսներ, որ, Արցախի հարցի ձգձգմանը զուգընթաց, ծովի մակարդակը բարձրանում էր, որն էլ մոտ ապագայում խեղդվելու բացահայտ նշան էր...