Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի», 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստանի», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 5,8 տոկոսը՝ «Միասնության թևերի» օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Ստացվում է՝ ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5, ՔՊ-ն՝ 28,8 տոկոս:               
 

Հայ ազգը տուժել և պարտվել է միմիայն դավաճանների պատճառով

Հայ ազգը տուժել և պարտվել է միմիայն դավաճանների պատճառով
02.04.2026 | 15:00

Վերընթերցում եմ Բագրատ Այվազյանի «Անիի կործանումը» գիրքը և կրկին մեծ ցավ ապրում։

Այսօր էլ նույնն է կրկնվում, նոր Վեստ Սարգիսն ու Եղոները կան և նույն միամիտ ու դյուրահավատ հայերը կան, որ հավատում են կեղծ հայրենասերների։

Խորհում եմ նաև, իսկ Խենթի նմանները կա՞ն, իհարկե կան, ես հավատում եմ դրան, հաստատ կան։

Շատ տպավորիչ և այժմեական դրվագներ կարող էի հրապարակել այս գրքից, բայց ցանկացա հենց այս մասը հրապարակել, որտեղ հենց չքնաղ Անիի անկումն է նկարագրված (գուցե ոմանց սթափեցնի) և դավաճանի պատիժը։

Անիի կործանումը

Ծանր, արհավրալից տարիներ էին անցել:

1064 թվականն էր:

Մինչդեռ Հայաստանի բնությունը ուրախ ժպտում էր, մինչդեռ առուները ձմռան կապանքներից նոր ազատված ուրախ-ուրախ խոխոջում էին և կչկչալով երգում հին-հին դարերի վիշտն ու խինդը, ժպիտն ու արցունքը, այդ միջոցին Անին սև սուգ էր մտել և ողբում էր յուր դառն օրերը... Անին պաշարված էր:

Պաշարված էր նա Ալփասլանի վայրենի, գազանաբարո հրոսակներից, որոնց աչքերը արյունով լցված րոպե առ րոպե սպասում էին, որ ներս թափվեն քաղաք և մեծից մինչև փոքրը սրի անց կացնեն: Նրանք ծարավի էին արյան և փափագում էին տեսնել իրենց առաջ մոխիր ու հուր, այնինչ իրենց առաջ կանգուն էր դեռ Անին յուր 1001 եկեղեցիներով, բրջերով ու աշտարակներով, պալատներով ու հրաշակերտ շինվածքներով:

Դարերից ի վեր մարդկությունը արյուն քրտինք էր մտեք այդ ճոխ, հրաշակերտ շինությունները կանգնեցրել, և այժմ Ալփասլանը յուր վայրենի գնդերով կանգնած էր այդ հրաշալի քաղաքի առաջ և ցանկանում էր միայն մի քանի ժամում հայության այդ կենդանի վկաներին խորտակել, փշրել, ավերել և ջնջել աշխարհի երեսից... Ի՞նչ էր ուզում նա…

Ավերել, քանդել և կոտորել... Եվ Ալփասլանը հասկանում էր, որ գտել է ժամանակը, երբ մի հարվածով պիտի ոչնչացնի Հայաստանի երերուն ինքնուրույնությունը:

Նա գիտեր, որ Անիի վերջնական կործանմամբ պիտի կործանվի Հայաստանի հոգևարք անկախությունը, և այդ պատճառով հարվածն ուզում էր ուղղակի Հայաստանի սրտին հասցնել:

Անեցիք տխուր էին ու տրտում: Սև սուգ էին մտել նրանք, բայց և ամեն մի քաղաքացի վճռել էր մեռնել զենքը ձեռքին, յուր սիրուն Անիի հետ և նրա փլատակների տակ գտնել յուր գերեզմանը:

Եվ նրանք իրենց խոսքը կատարեցին:

Անտեր էր այդ միջոցին Անին: Չկար առաջնորդ, չկար ղեկավար: Զառամյալ, քայքայված Վեստ Սարգիս իշխանն էր, որ յուր զորքերը բախտի կամքին թողնելով ինքը ապաստանել էր միջնաբերդում: Քաղաքացիք էին, որ դեռ կռվում էին, դեռ դիմանում էին պաշարմանը:

Ալփասլանը, բավական երկար պաշարելով Անին, արդեն կամաց-կամաց յուր հույսը կտրում էր Անին վերցնելուց:

Ամեն անգամ, երբ Ալփասլանի հրոսակները գրոհ էին տալիս դեպի պարիսպները, քաղաքացիք մեծ արիությամբ ետ էին մղում նրանց և Ալփասլանի հրոսակների մեջ մեծ կոտորած անում:

Հուսահատվում էր Ալփասլանը, հուսահատվում և կատաղությունից շրթունքները կրծոտում: Բայց նախանձելի չէր և անեցվոց վիճակը:

Դեռ Ալփասլանի պաշարումից առաջ հույները Անիից փախուստ էին տվել և քաղաքը թողել բախտի կամքին:

Իսկ քաղաքացիք մինչև ե՞րբ պիտի կարողանային պաշտպանվել, քանի որ չկային իրենց սիրելի թագավորը` Գագիկը, հայրենասեր Վահրամյանները, սիրելի և նվիրված ազնիվ նախարարներն ու իշխանները... Մինչդեռ պարիսպներին արդեն վաղուց զարկվում էին թշնամիներից արձակված բաբանների ահագին քարերը, զարկվում էին պատերին և տեղ-տեղ ճաքեցնում հսկա պարիսպները...

Հանկարծ սարսափելի լուրը ցնցեց անեցիներին:

Նրանք իմացան, որ Անիի պարիսպներից մեկը կործանվել է և այնտեղից ուզում է ներս խուժել թշնամին:

«Տե՛ր, փրկիր մեզ, մի՜ թողնի մեզ կորչելու», — կանչեցին քաղաքացիք և գրոհ տվին դեպի կործանված պարիսպը: Թշնամին չդիմացավ այդ բուռն հոսանքին, ուր հուսահատությունը և վրեժխնդրությունը իրար խառնված` հրաշքներ էր գործում:

Եվ Ալփասլանը ետ նահանջեց կործանված պարիսպի տակից: Նա հասկացավ, որ յուր բանը չէ Անին առնելը:

Փոքրիկ բերդապահ գունդը և քաղաքացիք փլված պարիսպի մոտի կռվից նոր էին վերադառնում, երբ քաղաքի փողոցներից մինում երևաց մեզ ծանոթ Խենթը:

Նրա աչքերը կատաղի էին, մազերը` ցրված, դեմքը` այլայլված և շորերը` պատառոտված: Նա ձեռքին մի մերկ սուր ուներ, որից կաթում էր արյունը:

Քաղաքացիներից մեկը, նկատելով նրան, հարցրեց.

- Հը՛, Խե՜նթ, ի՞նչ բանի ես:

- Ինչ բանի որ դուք եք, - պատասխանեց Խենթը լրջմտությամբ և սրի վրայից արյունը սրբելով, սուրը պատյանը դրեց:

- Շատ մարդ կոտորեցի՞ր, - հարցրեց նույնը:

- Շա՛տ, բայց մեկը պակաս:

- Ինչպե՞ս թե մեկը պակաս: Խե՜նթ, դու կրկին սկսեցիր քո խենթությունները:

- Խենթը յուր խենթությունը կանե, բայց ես մեկով պակաս սպանեցի: Շուտով ամեն բանի վերջ կլինի, բաժակը լցված է, համբերությունը` հատած:

- Ինչպե՞ս, Խե՜նթ, ես ոչինչ չեմ հասկանում, - ասաց խոսակիցը և Խենթին առանձնացնելով` հարցական կերպով նրա երեսին նայեց:

- Լույսի նման պարզ է, որ շուտով Անին կկործանվի, բայց Անիի կործանումով նա էլ կկործանվի, նա չի մնա:

- Ո՞վ, Խե՜նթ, ո՞վ չի մնա:

- Իշխանը, մատնիչ իշխանը:

- Վեստ Սարգի՞սը... բայց նա ինչո՞վ է մեղավոր:

- Հը՛մ… ինչո՞վ է մեղավոր... մի՞թե ձեզ հայտնի չէ, որ նա եղավ Անիի կործանման պատճառը: Մի՞թե չգիտեք, որ նա հանձնեց Անին հույներին, իսկ այժմ էլ բանակցում է Ալփասլանի հետ, որ քաղաքը մատնությամբ նրան հանձնի, եթե թույլ տա իրեն Անիից կենդանի հեռանալ:

- Մի՞թե այդ ճշմարիտ է, Խե՜նթ, բայց դա սարսափելի է, մենք կկործանվենք:

- Ինքն էլ մեզ հետ,- պատասխանեց Խենթը և նրա աչքերից կայծակներ թռան:

- Ինչպե՞ս, դու մտադիր ես նրան սպանե՞լ:

- Անպատճառ: Նա այս բազկից կստանա յուր մահը, - ասաց Խենթը և մտամոլոր առաջ անցավ:

Խոսակիցը երկար նայեց նրա ետևից և ապա, գլուխն օրորելով, մրմնջաց.

- Արժանի է... Շան պես պիտի սատակի դավաճանը:

Այս խոսակցությունից անցել էր մի քանի օր: Մութ գիշեր էր, ոչինչ չէր երևում: Անիի շուրջը միայն առկայծում էին մի քանի լույսեր: Նիրհում էր Ալփասլանի բանակը և այնտեղ ո՜չ մի շարժում, ո՜չ մի շշունջ չկար: Միայն պահապանները լուռ հսկում էին բանակը, երբ մի տեսակ աղիողորմ ձայն հասավ նրանց ականջին:

Նրանք դեպի Անին նայեցին, ուր խավար էր տիրում և որտեղից լսվում էին հուսահատության աղաղակ, լացի ու կոծի ձայներ: Արդյոք ի՞նչ էր պատահել անեցիների հետ: Ինչո՞ւ նրանք ողբում են ու լալիս, քանի որ իրենք, հուսահատված անեցիների համառ դիմադրությունից, վճռել էին թողնել Անին և հեռանալ այդտեղից:

Լուրը հասցրին Ալփասլանին: Նա լրտեսներ ուղարկեց եղելությունն իմանալու, որոնք լուր բերին, թե Անիի աշտարակների վրա այլևս պահապաններ չեն երևում և թե պահապան զորքը քաշվել է միջնաբերդը թողնելով քաղաքացվոց անպաշտպան դրության մեջ:

Ալփասլանը հենց այդ բանին էր սպասում: Շուտով նա հրաման տվեց յուր գնդերին պատրաստվելու և հարձակվելու անպաշտպան քաղաքի վրա:

Մի րոպեում փողերի ձայնը, զորականների գոռում-գոչյունը դղրդացրեց Անիի շրջակայքի լռությունը և անեցիների մարմնով սարսուռ տարածեց: Անեցիները լսեցին այդ գոռ ձայնը և լացի ու հեծկլտանքի ձայները ավելի ուժեղացրին: Լալիս էին երեխաներ, ծերեր ու պատանիներ և իրենց աղաչավոր ձեռքերը երկինք բարձրացնում:

Դժոխային, սիրտ կտրատող ձայներ էին տարածվում Անիի միջից, երբ Ալփասլանի հրոսակները ներս խուժեցին քաղաք և սկսեցին կոտորածը, արյունալի, զարհուրելի կոտորածը…

Կոտորում էին երեխաներին, ծերերին ու պատանիներին, իսկ շատերին ձգում էին ահռելի բարձրություններից դեպի Ախուրյանի սուր-սուր ժայռերը, ուր նրանց գլուխները դիպչելով քարերին` ցրվում էր ուղեղը և շուրջը արյունով ներկում: Հանկարծ Անիի զանազան անկյուններից սկսեցին կրակե լեզուներ երևալ, որոնք հետզհետե սաստկանալով սկսեցին լափել հրաշակերտ շինությունները և լուսավորել արյունալի տեսարանը: Գեհենի դևերի նման մերկ սրերը ձեռքներին, աչքները արյունով լի, Ալփասլանի հրոսակներն անխնա ջարդում ու կոտորում էին անեցիներին, իսկ կրակը լափում էր շինությունները:

Չկար փրկություն, չկար ազատվելու հնար:

Խելագարների նման կանայք, երեխաներ, մեծ թե փոքր վազում էին Անիի փողոցներով, բայց ամեն տեղ իրենց մահն էին գտնում: Փողոցներում առվի պես վազում էր արյունը և ցած վազելով ներկում էր Ախուրյանի ջրերը: Արյուն էր կտրել Անին, դիակներով լցվել Ծաղկոցաձորը, իսկ գետը կարմրատակել: Ամեն կողմը դիակներ, ամեն կողմ սուր ու կրակ: Հանկարծ Անիի միջնաբերդի դռները ջարդ ու փշուր եղան և այնտեղ սկսվեցավ սոսկալի կռիվը:

- Խնայեցե՛ք, - կանչում էին շատերը ծունկ չոքած իրենց դահիճների առաջ և գրկած անմեղ մանուկներին, սակայն դահիճները դուրս էին կորզում մայրերի ձեռքից երեխաներին, պատերին էին զարկում նրանց և իրենց սրերն ու տեգերը կոխում մայրերի սիրտը...

Սոսկալի և զարհուրելի էր տեսարանը:

Բոցերը ճարճատում էին, աշտարակներն ու բրջերը կործանվում և իրենց փլատակների տակ թաղում հարյուրավոր մարդկանց:

Այդ կոտորածի ժամանակ էր, որ մի մարդ մերկ սուրը ձեռքին առաջ էր վազում: Նա չէր նայում ոչ յուր ոտքերի տակ հառաչող դիակներին, ոչ աշտարակների փլվելուն և ոչ վայրենի աղաղակներին, այլ դիակից դիակ թռչելով անցնում էր դեպի միջնաբերդը, ուր կռիվը շատ տաք կերպարանք էր առել:

Այդ մարդը զարհուրելի էր: Մի քանի թուրքեր առաջ ընկան սպանելու դրան, սակայն իրենք արյունաթաթախ վայր գլորվեցան: Այդ մարդը առաջ անցավ և տեսավ մի խումբ հայ զինվորներ, որոնք շրջապատել էին ինչ-որ իշխանի և ամեն կերպ աշխատում էին խույս տալ կռվի դաշտից:

Նա մոտեցավ այդ փոքրիկ խմբին և զարհուրելի կերպով գոռաց.

- Իշխա՜ն Վեստ Սարգիս, նայի՜ր ինձ…

Իշխանը նայեց նրան և սարսափեց: Նրա առաջ կանգնած էր Խենթը, որ յուր մոլի հայացքը ուղղելով` արագությամբ մոտենում էր իրեն:

- Վատ և անարգ մարդ, ո՞ւր ես փախչում… սրանք բոլորը քո զոհերն են, տես և կշտացիր, - ասաց Խենթը և մի թռիչք գործեց դեպի Վեստ Սարգիսը, որը քարացածի նման դեռ կանգնած էր միևնույն տեղում:

Խենթի շարժումը նկատելով` երկու զինվոր առաջը կտրեցին, սակայն Խենթը այնպես օրորեց սուրը նրանց վրա, որ նրանք ետ-ետ գնացին, իսկ ինքը առաջ ցատկեց և յուր սուրը այնպիսի ուժգնությամբ մխեց Վեստ Սարգսի սիրտը, որ սրի ծայրը մեջքից երևեցավ: Վեստ Սարգիսն ընկավ և մահու տագնապի մեջ էր, երբ ամեն կողմից երևեցան Ալփասլանի հրոսակները և շրջապատեցին Խենթին: Խենթը վայրենի կերպով մռնչաց, վեր թռավ Վեստ Սարգսի դիակից և կուրծքը բանալով կանչեց.

- Շունը սատկեց, այժմ կարող եք...

Խոսքը կիսատ մնաց Խենթի բերանում, երբ մի քանի տեգեր մխվեցան նրա կուրծքը, և նա վայր գլորվեց:

Այդ ժամանակ մոտակա աշտարակը փլվեց ահագին դղրդյունով և ամեն ինչ ծածկեց փոշու ու քարերի կույտի տակ:

Երկար ժամանակ էլ ոչինչ չէր երևում…

Նրանք դեռ կռվում են անվերջ և ոչ մեկը նրանցից հաղթական չի դուրս եկել...

Ի՞նչ կլինի վերջը, այդ աստված միայն գիտե…

Հատված՝ Բագրատ Այվազյանի

«Անիի կործանումը» գրքից

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3629

Մեկնաբանություններ