Սկիզբը՝ այստեղ
(ինչու՞ է Աստված թույլ տալիս նեղությունները)
Հիմա, եթե մեզանում ապաշխարության կյանքով ապրելու դեռ էներգիա է մնացել, և ընդունակ ենք զղջման ու աղոթքի, ապա շուտով այս վերջիններն ի զորու են մոբիլիզացնելու մեր հոգևոր զորությունները և թույլ չտալու, որ երբևէ մեր անզբաղ հոգևոր ուշադրությունը լքի մեր սրտի տարածքը, այլ միտքը զգոնապես հսկի հոգու դռները, իսկ անդադար աղոթքն անմար կանթեղի նման միշտ վառ մնա մեր ներսում և ջերմացնի այն:
Եվ հետո՝ երբեք չդատենք ուրիշներին, քանի որ սեփական ապաշխարության, քաղցր լուծով տառապանքի մեջ հեշտացած ճանապարհը մեզ սովորեցնում է դեպի ներս նայել և ի ներքս լինել: Եթե մեր մեղքով Քրիստոսից բաժանման, ոչ ըստ մարմնի՝ այլ, ըստ հոգու, սրտի տրտմության ու տառապանքի փորձն ունենք, երբեք չենք դատի ուրիշներին, որոնք տառապում են իրենց անզեղջ մեղքի պատճառով: Եվ եթե մարդն իրապես ապաշխարության կյանքով է ապրում, ապա երբեք չի բողոքի ասելով, թե՝ բավական է մեզ ապաշխարության կոչերով ահաբեկեք: Այլ նա խորապէս ճանաչում է, այդ կոչերի իրական ու ճիշտ հասցեատիրոջը և թե՝ ում է ուղղված Տիրոջ Ավետարանի «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մատթ․, 4։17) կոչը:
Եթե մենք զղջման ու ապաշխարության լրջմիտ կյանք ենք ապրում, «ամենազգաստ արթնութեամբ» կենտրոնացած ենք մեր ներսի վրա, գիտակցում ենք, թե որքան խորն է մեր ներսի ցավը, ապա մեր աչքերի մեջ հստակ երևում է մեր մեղքի գերանը և անպայման հարազատ ու զգալի է դառնում մեզ համար Քրիստոսի կենդանի ներկայության հոգենորոգ ու զվարթարար ապրումը:
Այսպիսով, Աստված է թույլ տալիս նեղությունները, պատուհասներն ու աղետները, դժբախտ պատահարներն ու հալածանքները, որպեսզի մաքրի մեզ որոշ մեղքերից, մեր հոգևոր տեսողությունից վրիպող փոքր ու մեծ անկումներից:
Աստված ում սիրում է՝ խրատում է:
Հայր Շնորհք ՊԱԼՈՅԱՆ