«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ալիևի բազմաքայլ կոմբինացիան

Ալիևի բազմաքայլ կոմբինացիան
16.10.2026 | 11:25

(ինչո՞ւ է Բաքուն գնում ներքին ու արտաքին սրացումների)

Շատերը հարցնում են ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի պատճառով սկսված բողոքի ցույցերի, ինչպես նաև վերջին օրերին թուրք-ադրբեջանական հարաբերություններում դիտարկվող լարվածության ու անհամաձայնությունների մասին։ Որևէ կասկած չունեմ, որ այս որոշումը լրջորեն նախապատրաստվել է ավելի քան մեկ տարի՝ 2025 թվականի իրանա-իսրայելական հունիսյան 12-օրյա պատերազմից և Վաշինգտոնում օգոստոսի 8-ի հայ-ադրբեջանական հռչակագրի ստորագրումից անմիջապես հետո։ Ադրբեջանական սոցմեդիայի հրապարակումներից ակնհայտ է դառնում, որ արդեն 2026 թվականի գարնանը դպրոցներին իջեցվել էր ներքին հրահանգ՝ հիջաբ կրող աղջիկներին թույլ չտալ դասի հաճախել։ Ամառային արձակուրդների ընթացքում՝ առանց հանրային քննարկումների, իշխանություններն ընդունեցին համապատասխան օրենքը, իսկ աշնանը՝ սեպտեմբերի 21-ին, ընդունվեց կառավարության թիվ 309 որոշումը, որն էլ դարձավ ներկա աղմուկի բուն առիթը։
Վերոգրյալի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում այս ամենն Ալիևի ինչի՞ն է պետք հիմա։ Փորձենք հասկանալ։ Անկասկած է, որ Ադրբեջանի բռնապետի այս որոշման նպատակադրումներից մեկն իր ընտանեկան համակարգում իշխանության ապագա փոխանցման (տրանսֆերի) նախապատրաստումն է՝ հորից որդուն։ Ադրբեջանցիներին ցույց են տալիս և այսուհետև դաստիարակելու են այն գիտակցությամբ, որ իրենց երկրում կա միայն մեկ բարձրագույն հեղինակություն կառավարող ընտանիքը և պետության ղեկին կանգնած նրա ներկայացուցիչը, որին ենթակա են բոլորը, այդ թվում` մզկիթն ու մահմեդական հոգևորականությունը։
Ալիևը վաղուց արդեն վերջնականապես ոչնչացրել է պայմանականորեն ասված աշխարհիկ ընդդիմությունը։ Հետևաբար, միակ ուժը, որ այդ երկրում կարող է հանրային կոնսոլիդացիա նախաձեռնել, հանդես գալ որպես իրական ընդդիմադիր առանցք նոր իշխանության ձևավորման կամ իշխանափոխության գործընթացներում և միջամտել տրանսֆերին, կրոնական կազմակերպություններն են։
Ի դեպ, այստեղ հետաքրքիր նմանություններ և զուգահեռներ կան ներկայիս «Իրական Հայաստանի» հետ։ Մեր Նիկոլի նման՝ հիմա Ալիևն իր այս արշավով երևակում է ընդդիմադիր ռեսուրսը, որպեսզի տեսանելի դառնա, թե ովքե՞ր են բողոքում, ովքե՞ր են պատրաստ ընդդիմանալ, որից հետո ամենաբարձր խոսողներին, անկասկած, կչեզոքացնեն (կստերիլիզացնեն), ինչպես Հայաստանում։ Փաշինյանն այս դաշտում, փաստորեն, բավականին հաջողակ ուսուցիչ է Իլհամ Հեյդարիչի համար։ Մեզ մոտ Հայ Առաքելական Եկեղեցին կոմբինատորը հռչակել է ու Արևմուտքին ներկայացնում է որպես ռուսական ազդեցության գործակալ, իսկ Ադրբեջանում Ալիևը շիա կրոնական կազմակերպություններն է մատուցում որպես Արևմուտքի մյուս թշնամու` Իսլամական Իրանի ազդեցության հենարան։
Ու պահն ընտրված է հստակ հաշվարկով. Իրանն այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ ու հոգսեր ունի, քան Ադրբեջանում հիջաբի արգելքի սահմանումը։ Սրանով Ալիևը նաև ուղերձ է հղում հավաքական Արևմուտքին, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր է Իրանի դեմ պայքարում և Արևմուտք-Իրան հակամարտության մեջ հարավային հարևանի դաշնակիցը չէ ամենևին։ Այս ամենը կայուն հող է նախապատրաստում երիտասարդ Հեյդարին իշխանության փոխանցման պարագայում արևմտյան աջակցության կամ առնվազն չեզոքության հեռանկարի առումով։
Բնականաբար, այս ամենում, այդուհանդերձ, առանցքային է Թուրքիայի գործոնը։ Վստահ եմ՝ քիչ չեն եղել նրանք, ովքեր զարմացել են, երբ Էրդողանի խորհրդականը հրապարակավ դիմեց Բաքվին՝ որոշումը չեղարկելու խնդրանքով, ինչը արտաքուստ ավելի շատ պահանջի էր նման` ուղեկցված Թուրքիայում բավականին մեծ հանրային բողոքի ցույցերով։ Թուրքերին ու Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև Էրդողան-Ալիև զույգի արտաքին քաղաքական ռազմավարական նպատակադրումներին անծանոթ յուրաքանչյուր մեկի համար պաշտոնական Բաքվի կոշտ մերժումը կարող է թվալ վկայություն, թե Ադրբեջանի և նրա «ավագ եղբոր» հարաբերություններում ճաքեր են առաջացել, կամ թե Ալիևն ինքնուրույն է իր որոշումներում։
Այս համատեքստում արդեն իսկ տեսանելի է, որ հիջաբի արգելքի ալիևյան օպերացիան բազմաքայլ կոմբինացիա է՝ մի քանի նպատակադրումներով, որոնցում, ի դեպ, խորքային առումով առանցքային են ոչ թե վերոնշյալները, այլ իսրայելական և մեր` հայկական թեմատիկաները։ Բայց այդ մասին ավելի մանրամասն կանդրադառնամ առանձին՝ հաջորդիվ գրառմամբ։

(շարունակելի)

Վարդան ԲԱԼՅԱՆ
Դիտվել է՝ 147

Մեկնաբանություններ