«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Բողոքը՝ տանը, իշխանափոխությունը՝ սպասման մեջ, արդյունքում՝ անարգել իշխանություն

Բողոքը՝ տանը, իշխանափոխությունը՝ սպասման մեջ, արդյունքում՝ անարգել իշխանություն
17.11.2026 | 11:31

Դժգոհ ենք, բայց չենք խանգարում:

Հայաստանում իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը։

Կարելի է բանտարկել ընդդիմադիր բոլոր առաջնորդներին, առաջ քաշել Ադրբեջանի պահանջով ՀՀ նոր Սահմանադրության ընդունման նախաձեռնությունը, խաղաղության անվան տակ քննարկել նոր զիջումներ, խոսել արտահերթ ընտրությունների միջոցով ընդդիմությանը ճնշելու կամ փոխարինելու մասին, պետական պարտքը հասցնել աննախադեպ չափերի, կոլապսի ենթարկել ոլորտային քաղաքականությունները, մտնել աշխարհաքաղաքական բախումների արանքը, ավիրել հանրային բարոյականության և քաղաքական մշակույթի սահմանները, որևէ կարմիր գիծ չունենալ հոգևոր և պահպանողական ինստիտուտների նկատմամբ, իսկ հանրային արձագանքը, ամենայն հավանականությամբ, կմնա նույնը՝ ֆեյսբուքյան վրդովմունք, մի քանի հեռուստաելույթ, քարոզչական փոշի և փոխադարձ մեղադրանքներ։

Իսկ փողոցը, որպես կանոն, կմնա դատարկ։ Ոչ թե որովհետև Հայաստանում դժգոհություն չկա, այլ որովհետև կազմալուծվել են դժգոհությունը քաղաքական ազդեցության վերածելու մեխանիզմները։ Եվ սա այս իշխանության ամենամեծ, բայց ամենաքիչ քննարկվող քաղաքական առավելություններից է։

Նայենք եվրոպական երկրներում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Փողոց են դուրս գալիս ուսուցիչներ, ուսանողներ, բժիշկներ, աշխատողներ, արհմիությունների անդամներ։ Նրանք միշտ չէ, որ ունեն միասնական առաջնորդ, քաղաքական բեմ կամ իշխանափոխության ծրագիր։ Կարող են ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, լինել նույնիսկ հակադիր կուսակցությունների ընտրողներ կամ առհասարակ ընտրության չգնացողներ, բայց միավորվել կոնկրետ որոշման, քաղաքականության կամ անարդարության դեմ՝ ելնելով իրենց շահերից։

Ֆրանսիացի ուսուցիչը Մակրոնին հեռացնելու ծրագիր չի ներկայացնում, որպեսզի բողոքի կրթական քաղաքականության դեմ։ Իսպանիայում աշխատավորը պարտավոր չէ ապացուցել, որ կառավարությունը տապալելու հնարավորություն ու ցանկություն ունի, որպեսզի պահանջի իր սոցիալական իրավունքների պաշտպանությունը։ Եվրոպական բողոքի մշակույթում քաղաքացին իր անհամաձայնությունն արտահայտելու համար չի սպասում իշխանափոխության հստակ ծրագրի, ժամանակացույցի և երաշխիքի։

Հայաստանում, սակայն, ձևավորվել է բոլորովին այլ տրամաբանություն։ Քաղաքացու մասնակցությունը հանրահավաքին հաճախ պայմանավորված է առաջնորդի նկատմամբ վստահությամբ, իշխանափոխության ծրագրի համոզչությամբ և դրա իրականացման հեռանկարով։ Եթե այդ հեռանկարը տեսանելի չէ, ապա հրապարակ դուրս գալն էլ կորցնում է իր իմաստը։

Այսպես մենք բողոքի իրավունքի իրացումը փոխարինել ենք իշխանափոխության սպասումով, իսկ քաղաքացու քաղաքական մասնակցությունը՝ կազմակերպած պայքարի արդյունքը գնահատելով։

Քաղաքացին կարող է դեմ լինել կառավարության որոշմանը, բայց չբողոքել դրա դեմ, որովհետև չի վստահում ընդդիմության առաջնորդությանը։

Կարող է դեմ լինել Ադրբեջանի պահանջով նոր Սահմանադրության ընդունմանը, բայց չմասնակցել որևէ հավաքի, որովհետև չի տեսնում իշխանափոխության հեռանկար։

Կարող է դժգոհ լինել երկրի անվտանգության վիճակից, բայց սպասել, թե որ քաղաքական ուժն է իրեն հրապարակ հրավիրելու։

Ստացվում է՝ Փաշինյանի քաղաքականությանը հրապարակայնորեն դեմ լինելու համար քաղաքացին նախ պետք է վստահի Փաշինյանի ընդդիմությանը։ Իսկ եթե չի վստահում, նրա անհամաձայնությունը մնում է տանը։

Սա քաղաքական աբսուրդ է։ Իշխանության քաղաքականության նկատմամբ քաղաքացու դիրքորոշումը չպետք է կախված լինի ընդդիմության հեղինակությունից, կազմակերպական կարողություններից կամ իշխանափոխության հեռանկարից։ Քաղաքացիական անհամաձայնությունն ինքնուրույն քաղաքական արժեք է, և դրա իրացման համար որևէ քաղաքական ուժի հաջողության երաշխիք անհրաժեշտ չէ։

Բայց սա միայն քաղաքացու պատասխանատվության հարցը չէ։ Սա հասարակության ինքնակազմակերպման խնդիր է։

Հայաստանում ունենք հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ, իրավապաշտպան խմբեր, մասնագիտական միավորումներ։ Սակայն դեռևս չունենք բավարար ազդեցություն ունեցող կազմակերպված քաղաքացիական հասարակություն, որն ի վիճակի է ինքնուրույն համախմբել հազարավոր մարդկանց և իշխանությանը ստիպել հաշվի նստել նրանց պահանջների հետ։

Աշխատավարձերի, սոցիալական խնդիրների, հանրային ծառայությունների կամ մասնագիտական իրավունքների շուրջ դժգոհությունները հազվադեպ են վերածվում շարունակական, զանգվածային քաղաքացիական ճնշման։ Քաղաքացին իր խնդրի լուծման համար հաճախ ստիպված է դիմել կուսակցության, պատգամավորի կամ ազդեցիկ պաշտոնյայի, այլ ոչ թե իր շահերը ներկայացնող մասնագիտական կամ հասարակական միավորման։

Մեր հասարակական կազմակերպությունները հաճախ ավելի տեսանելի են իրենց հայտարարություններով ու զեկույցներով, քան զանգվածային ինքնակազմակերպմամբ։ Սա չի նշանակում, որ Հայաստանում քաղաքացիական բողոք չկա։ Նշանակում է, որ այն դեռ չի դարձել իշխանության որոշումների վրա մշտական ազդեցություն ունեցող հանրային ինստիտուտ։

Արդյունքում ունենք դժգոհ քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ, ընդդիմադիր կուսակցություններ, բայց չունենք դրանց միջև այնպիսի արդյունավետ փոխգործակցություն, որը հանրային դժգոհությունը կվերածի կազմակերպված քաղաքական ազդեցության։

Այս բացը չի լրացնում նաև ընդդիմությունը, որն աստիճանաբար հայտնվել է սեփական օրակարգի թակարդում։ Հայկական ընդդիմության խնդիրն այսօր միայն Փաշինյանին չհաղթելն ու իշխանությունից չհեռացնելը չէ։ Խնդիրն այն է, որ ընդդիմադիր գործունեության գրեթե ամբողջ իմաստը կապվել է իշխանափոխության վերջնական նպատակի հետ։

Եթե հանրահավաք է, ուրեմն պետք է իշխանափոխություն լինի։ Եթե փողոցային պայքար է, ուրեմն պետք է վճռական գործողություն լինի։ Եթե իշխանափոխություն տեղի չի ունենում, ուրեմն ամեն ինչ ձախողվել է։

Այս տրամաբանությունն արդեն վերածվել է քաղաքական բարդույթի, որի հետևանքով իշխանափոխության յուրաքանչյուր անհաջող փորձ դժվարացնում է հաջորդ հանրահավաքի կազմակերպումը։ Հանրությունն ակնկալում է ոչ թե կոնկրետ քաղաքական պահանջի առաջադրում, այլ իշխանափոխության հերթական փորձ։

Այդպես ընդդիմությունը դառնում է իր իսկ ձևավորած սպասումների պատանդը՝ կորցնելով իշխանության վրա ամենօրյա քաղաքական ճնշում գործադրելու հնարավորությունը։

Իսկ այդ ընթացքում իշխանությունը շարունակում է գործել։

Դիտարկենք հայկական քաղաքական իրականության կոնկրետ պատկերը։

«Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստանը» 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում միասին ստացել են 543 276 ձայն։ Այդ ձայների ընդամենը 10 տոկոսը շուրջ 54 հազար մարդ է։

Իհարկե, ընտրական ձայնը դեռևս հանրահավաքի մասնակից չէ։ Բայց հենց այդ ներուժը քաղաքական գործողության վերածելու համար են գոյություն ունենում կուսակցությունները, դրանց ղեկավար մարմինները, տարածքային կառույցները, կազմակերպական ռեսուրսներն ու քաղաքական առաջնորդությունը։

Ընտրական աջակցությունը ոչ միայն քաղաքական կապիտալ է, այլև քաղաքական պարտավորություն։

Երեք քաղաքական առաջնորդների ազատության սահմանափակման և հարյուր հազարավոր ընտրողների աջակցության պայմաններում քաղաքական պայքարի տեսանելի հատվածը մեծապես կենտրոնացել է դատարանների բակերում։ Մինչդեռ պիկետները, նստացույցերը, երթերը, հանրահավաքներն ու շարունակական հանրային ակցիաները կարող էին քաղաքական օրակարգի ինքնուրույն բաղադրիչ դառնալ՝ անկախ դատական նիստերի ժամանակացույցից։

Ես նախկինում արդեն անդրադարձել եմ քաղաքականության առևանգման երևույթին, երբ քաղաքական պայքարը հրապարակից տեղափոխվում է դատարան։ Այդ դեպքում փոխվում է ոչ միայն պայքարի վայրը, այլև դրա տրամաբանությունը։

Հրապարակում քաղաքական ուժն ինքն է որոշում իր գործողության ժամանակը, օրակարգն ու պահանջները։ Դատարանում այդ ամենը ենթարկվում է դատավարական ընթացակարգերին։ Քաղաքական առաջնորդի փոխարեն հանրային ուշադրության կենտրոնում հայտնվում է փաստաբանը, քաղաքական պահանջի փոխարեն՝ միջնորդությունը, իսկ քաղաքական նախաձեռնության փոխարեն՝ հերթական դատական նիստի սպասումը։

Դատական նիստ կա՝ հավաքվում ենք։ Նիստն ավարտվեց՝ հայտարարություն ենք տարածում։ Հաջորդ նիստը նշանակվեց՝ կրկին պատրաստվում ենք դատարան գնալ։

Սակայն իրավական շահի պաշտպանությունը դեռևս քաղաքական շահի իրացում չէ, իսկ դատարանում ներկայացված փաստարկը՝ հանրային քաղաքական ճնշում։

Սա իրավաբանության դեմ քննադատություն չէ։ Սա քաղաքականությունը իրավաբանությամբ փոխարինելու քննադատություն է։

Փաստաբանը պետք է պաշտպանի իրավունքը, տնտեսագետը՝ գնահատի տնտեսական հետևանքները, իսկ քաղաքական գործիչը պետք է կարողանա այդ ամենը վերածել քաղաքական պահանջի, կազմակերպված գործողության և իշխանության նկատմամբ ազդեցության։

Քաղաքականությունն առանձին մասնագիտություն է՝ նպատակների, ուժերի հարաբերակցության, հանրային աջակցության և իշխանության սահմանափակման հնարավորությունների կազմակերպման մասնագիտություն։ Երբ քաղաքական որոշումների հիմքում գերակշռում են բացառապես իրավական ռիսկերի, տնտեսական հաշվարկների կամ վարչական ընթացակարգերի տրամաբանությունները, քաղաքական ուժը վտանգում է կորցնել իր հիմնական գործառույթը՝ քաղաքական նախաձեռնությունը։

Հենց այստեղ է մեր ընդդիմության խորքային խնդիրներից մեկը։ Իրավական ճանապարհով քաղաքական խնդիրներ լուծելու փորձը, կազմակերպված գործողությունը քարոզչությամբ փոխարինելը և սպասողականությունը որպես ռազմավարություն ընկալելը։

Սպասել դատարանի որոշմանը, հաջորդ նիստին, միջազգային արձագանքին, իշխանության սխալին, ավելի հարմար պահին։

Բայց քաղաքականության մեջ քո սպասելու ընթացքում հակառակորդը չի սպասում։ Նա գործում է, որոշումներ ընդունում, ձևավորում օրակարգը և զբաղեցնում քո թողած քաղաքական տարածքը։

Իշխանափոխությունը քաղաքական պայքարի հնարավոր վերջնական նպատակներից մեկն է, բայց քաղաքական գործունեության միակ արդյունքը չէ։ Ընդդիմությունը կարող է այսօր չկարողանալ հեռացնել Փաշինյանին, բայց դա դեռ չի նշանակում, որ չի կարող նրա որոշումների համար քաղաքական գին սահմանել։ Եթե առայժմ հնարավոր չէ փոխել իշխանությանը, հնարավոր է սահմանափակել նրա գործողությունների ազատությունը։ Եթե հնարավոր չէ անմիջապես փոխել քաղաքական համակարգը, հնարավոր է թույլ չտալ, որ այն գործի առանց կազմակերպված հակակշռի։

Հենց այդ միջանկյալ քաղաքական արդյունքների համար պայքարելու կարողությունն է մեզանում վտանգավոր չափով թուլացել։

Եվ սա ուղղակիորեն ազդում է իշխանության վարքագծի վրա։

Փողոցը՝ առանց շարունակական քաղաքական բողոքի։

Նախարարությունները՝ առանց պարբերական պիկետների։

Կառավարությունը՝ առանց հետևողական հանրային պահանջների։

Հանրապետության հրապարակը՝ առանց զանգվածային հանրահավաքների։

Այս քաղաքական դատարկությունն ինքն իրեն չի առաջանում։ Այն նաև հանրային և քաղաքական չկազմակերպման հետևանք է։ Իսկ քաղաքական դատարկությունը երկար ժամանակ դատարկ չի մնում։ Այն զբաղեցնում է իշխանությունը՝ սեփական օրակարգով, նախաձեռնություններով և կանոններով։

Ահա թե ինչպես է Փաշինյանն ընդլայնում իր քաղաքական մանևրի հնարավորությունները՝ ոչ միայն սեփական գործողությունների, այլև քաղհասարակության և ընդդիմության չարածի հաշվին։

Նա խոսում է նոր Սահմանադրության հարցում ընդդիմության ձայները ստանալու, անհրաժեշտության դեպքում արտահերթ ընտրությունների և ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրելու մասին։ Իսկ ընդդիմությունը հիմնականում շարունակում է պատասխանել նրա առաջարկներին, հերքել հիմնավորումները և քննարկել հնարավոր քայլերը։

Իշխանությունը քաղաքական գործընթաց է նախագծում, ընդդիմությունը՝ բացատրում, թե ինչու է այդ գործընթացը սխալ։

Սակայն քաղաքականության մեջ հակառակորդի սխալն ապացուցելը դեռևս չի նշանակում սահմանափակել նրա հնարավորությունները։ Իշխանությունը կարող է քաղաքական շահ ստանալ նույնիսկ չիրականացված նախաձեռնությունից, եթե կարողանում է պարտադրել քննարկման պայմանները և ընդդիմությանը պահել արձագանքողի կարգավիճակում։

Հենց այդ պատճառով եմ բազմիցս կարևորել ոչ թե Փաշինյանի հերթական օֆերտային պարզապես պատասխանելը, այլ սեփական քաղաքական կոնտրօֆերտայով խաղի պայմանները փոխելը։

Բայց նույնիսկ լավագույն քաղաքական հակաառաջարկը կարող է մնալ ընդամենը տեքստ, եթե դրա հետևում չկա կազմակերպված հանրային մասնակցություն։ Քաղաքական դիրքորոշումը պետք է ունենա ոչ միայն բովանդակություն, այլև այն պաշտպանելու տեսանելի հանրային կարողություն։

Եվ այստեղ է սկսվում այս ամենի առավել վտանգավոր հետևանքը՝ իշխանության ավտորիտարացման համար նպաստավոր քաղաքական միջավայրի ձևավորումը։

Փաշինյանի իշխանության ավտորիտար միտումները հնարավոր չէ բացատրել միայն իշխանության կենտրոնացմամբ, իրավապահ համակարգի գործելակերպով կամ պետական ինստիտուտների նկատմամբ քաղաքական վերահսկողությամբ։ Դրանց խորացմանը նպաստում է նաև կազմակերպված հասարակական և քաղաքական հակակշիռների հակազդեցության թուլացումը։

Երբ իշխանությունը համոզվում է, որ անգամ ամենավիճահարույց որոշման դեմ չի ձևավորվելու զանգվածային ու հետևողական դիմադրություն, նվազում է հանրային արձագանքը հաշվի առնելու քաղաքական անհրաժեշտությունը։

Այդ պայմաններում կարելի է Ադրբեջանի պահանջով նոր Սահմանադրության ընդունումը կապել խաղաղության հետ, արտաքին քաղաքական զիջումները ներկայացնել որպես անխուսափելիություն, ընդդիմությանը սպառնալ քաղաքական դաշտից դուրս թողնելու հեռանկարով, իսկ ցանկացած անհամաձայնություն ներկայացնել որպես խաղաղության դեմ պայքար։

Փաշինյանի իշխանության համար պարտադիր չէ, որ հասարակության լռությունը համաձայնություն նշանակի։ Բավական է, որ նրա անհամաձայնությունը քաղաքական հետևանք չունենա։

Այստեղ է ավտորիտարացման կարևոր մեխանիզմներից մեկը։ Իշխանությունն ավելի քիչ է սահմանափակվում հասարակության դիմադրությամբ, իսկ հասարակությունը, չտեսնելով իր դիմադրության արդյունքը, ավելի է հեռանում քաղաքական մասնակցությունից։

Ստեղծվում են միմյանց սնուցող երկու գործընթացներ՝ իշխանության ինքնավստահության աճ և հասարակության քաղաքական անգործության խորացում։

Փաշինյանը քաղաքական մոնստր չէ։ Նրա քաղաքական հնարավորությունների մի մասը հենց մեր չօգտագործած հնարավորություններն են։

Որքան պակաս է մեր քաղաքական գործունակությունը, այնքան ավելի ուժեղ է թվում Փաշինյանը։ Ոչ պարտադիր այն պատճառով, որ իշխանությունն իրականում անսահման ուժեղ է, այլ որովհետև նրա հնարավորությունները սահմանափակող ուժերը բավարար չափով չեն գործում։

Եվ սա քաղաքական օրինաչափություն է՝ անկախ իշխանության ղեկավարի ազգանունից։

Ժողովրդավարությունը միայն ընտրությունների անցկացման ընթացակարգ չէ։ Այն նաև իշխանության նկատմամբ հասարակության մշտական վերահսկողություն, քաղաքական մրցակցություն և կազմակերպված անհամաձայնության հնարավորություն է։ Երբ այդ մեխանիզմները թուլանում են, մեծանում է ցանկացած իշխանության ավտորիտարացման վտանգը։

Հետևաբար, մեզ անհրաժեշտ է վերականգնել բողոքի ինքնուրույն քաղաքական իմաստը։

Հայաստանի քաղաքացին իրավունք ունի դեմ լինել կոնկրետ որոշմանը՝ առանց որևէ ընդդիմադիր կուսակցության անդամ դառնալու։ Իրավունք ունի պահանջել հաշվետվություն՝ առանց իշխանափոխության պարտադիր ծրագրի։ Իրավունք ունի դուրս գալ հրապարակ՝ նույնիսկ եթե հաջորդ օրը կառավարությունը հրաժարական չի տալու։

Եվ այդ մասնակցությունն անիմաստ չէ։ Եթե իշխանությունը ստիպված է հիմնավորել իր որոշումը, եթե հանրային ճնշման հետևանքով բարձրանում է այդ որոշման քաղաքական գինը, եթե այն վերանայվում կամ հետաձգվում է, դա արդեն քաղաքական արդյունք է։ Նույնիսկ երբ որոշումը չի փոխվում, կազմակերպված անհամաձայնությունը պահպանում է հասարակության դիմադրության կարողությունը։

Մեզ անհրաժեշտ են ոչ միայն իշխանափոխություն խոստացող առաջնորդներ, այլև սեփական քաղաքական պատասխանատվությունը գիտակցող քաղաքացիներ։ Ոչ միայն կուսակցական հանրահավաքներ, այլև ինքնուրույն քաղաքացիական նախաձեռնություններ, ազդեցիկ արհմիություններ և մասնագիտական համերաշխության շարժումներ։

Մեզ անհրաժեշտ է ընդդիմություն, որն իր ընտրական աջակցությունն ընկալում է ոչ միայն որպես ստացած մանդատների քանակ, այլև որպես շարունակական քաղաքական ներկայացուցչության պարտավորություն։

Ընտրողը քաղաքական ուժին ձայն է տալիս ոչ թե նրա համար, որ ընտրություններից հետո այդ ուժը տարիներ շարունակ հաշվի սեփական ձայները, այլ որպեսզի ներկայացնի և քաղաքական գործողության վերածի իր ընտրողների կամքը։

Եվ եթե սեփական առաջնորդների ազատության հարցում այդ ընտրական ռեսուրսը չի վերածվում կազմակերպված քաղաքական ազդեցության, ապա իշխանափոխության անհամեմատ ավելի բարդ խնդրի լուծման կարողությունը նույնպես հարցականի տակ է հայտնվում։

Սա ոչ թե հուսահատության, այլ քաղաքական գործելակերպը վերանայելու անհրաժեշտության մասին է։

Եվ հենց այստեղ է Հայաստանի ու եվրոպական բողոքի մշակույթների միջև ամենաէական տարբերությունը։

Եվրոպական հասարակություններում քաղաքացին հաճախ փողոց է դուրս գալիս, որպեսզի իշխանությունը փոխի իր որոշումը։

Հայաստանում քաղաքացին հաճախ սպասում է, որ որևէ մեկը փոխի իշխանությանը, որպեսզի հետո փոխվեն որոշումները։

Առաջին դեպքում հասարակությունը մասնակցում է իշխանության սահմանափակմանը։ Երկրորդ դեպքում այդ սահմանափակումը հետաձգվում է մինչև իշխանափոխության անորոշ պահը։

Իսկ այդ ընթացքում իշխանությունը շարունակում է որոշումներ ընդունել։

2018-ին Փաշինյանն իշխանության եկավ փողոցի քաղաքական ուժի շնորհիվ։ 2026-ին նրա իշխանության ամենամեծ առավելություններից մեկը հենց այդ փողոցի քաղաքական թուլությունն է։ Սա մեր քաղաքական իրականության պատմական պարադոքսն է։

P.S. Հայաստանի խնդիրը միայն այն չէ, որ Փաշինյանը շատ բան է իրեն թույլ տալիս, որը մեծ խզումների մեջ է ժողովրդավարության հետ։ Խնդիրն այն է, որ մենք գնալով ավելի քիչ բան ենք նրան քաղաքականապես արգելում։ Եվ ամենավտանգավորը դատարկ փողոցը չէ։ Ամենավտանգավորն այն է, երբ իշխանությունն արդեն գիտի, թե ինչու է փողոցը դատարկ լինելու, ընդդիմությունը բացատրում է, թե ինչու չի կարող այն լցնել, իսկ հասարակությունն ինքն է հիմնավորում, թե ինչու այնտեղ գնալու իմաստ չկա։

Այդ պահին իշխանությունն այլևս կարիք չունի հաղթահարելու հանրային դիմադրությունը։ Նրան բավական է կառավարել հանրային և քաղաքական կանխատեսելի անվերահսկելիության և անդիմադրության պայմաններում։

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 245

Մեկնաբանություններ