Մենք առանց սենսացիայի ապրել չենք կարող։
Օր չի անցնում, որ չարձանագրվի գոնե մեկ աղմկահարույց «բացահայտում»։ Եվ պարադոքսն այն է, որ այսօր ամենամեծ սենսացիան սենսացիայի բացակայությունն է։ Ամեն ինչ այնքան բացահայտ է, այնքան անթաքույց, որ այլևս ոչ ոքի չի զարմացնում։
Իշխանավորների ինքնապարգևավճարների մասին լուրերը հոսում են ինչպես գարնանային հեղեղը՝ աղմուկով, բայց առանց խոչընդոտի։ Այդ հոսքը պարզապես կրկին հաստատում է վաղուց հայտնի ճշմարտությունը. բորենիական մի ոհմակ, առանց ամոթի ու երկմտանքի, թալանում է հայ ժողովրդի ստեղծածը։
Պետության գլխավոր պահուստարանի դռները ջախջախված են։
Ներսում վխտում է հրոսակախումբը։
Նրանք լավ գիտեն՝ ժամանակավոր են։
Գիտեն նաև, որ թալանի հնարավորությունը հավերժ չէ։
Ահա թե ինչու մոնղոլ-թաթարական հրոսակախմբի ագահությամբ «վիզ են դրել»՝ մինչև հատակը դատարկել ժողովրդի դառը քրտինքով կուտակվածը։
Ոհմակի առաջնորդը
Ոհմակի առաջնորդի ախորժակը համապատասխան է դիրքին, մարմնաչափերին, անհագությանը...
Լուրերը ստույգ են՝ վարչապետը ընդհանուր գանձարկղից ստացել է 11 մլն 950 հազար 800 դրամ ինքնապարգևավճար, իբր՝ 2025 թ. առաջին կիսամյակի «արդյունքային ցուցանիշների» համար։
Դրան գումարած՝ ևս 1 մլն 970 հազար դրամ՝ առանձին տողով։
Տեսնում եք՝ հաշվարկը խնամքով է արված, մինչև վերջին լուման, որովհետև այդ գումարից թեկուզ մի դրամ պակասի դեպքում վարչապետը, ըստ երևույթին, կկանգներ սովամահ լինելու վտանգի առաջ։
Թանկ վարչապետ ունենք։
Եվ առավել թանկ՝ վարչապետական ընտանիք։
Վարչապետի, նրա կնոջ և ընտանիքի ավտոշարասյունը կարելի է ներառել պետական գանձարանի թալանի մասին առանձին հոդվածում։ Լրագրողական հրապարակումների համաձայն՝ վարչապետի ծառայողական մեքենան արժե մոտ 300 հազար դոլար, Աննա Հակոբյանին սպասարկողը՝ մոտ 150 հազար դոլար, թիկնազորի մեքենաներից յուրաքանչյուրը՝ մոտ 100 հազար դոլար, իսկ ավագ դստերը տրամադրված մեքենան՝ շուրջ 30 հազար դոլար։
Բայց ո՞վ է հաշվում, երբ պետական դրամապանակը շարունակաբար բզկտվում է։
Վարչապետը շռայլորեն պահում է նաև իր աշխատակազմը՝ շուրջ 500 մարդ։
2021–2025 թվականներին նրանց բաժին է հասել 2 մլրդ 835 մլն 550 հազար դրամ պարգևավճար։ Տեսան՝ քիչ է։ Այս տարի ավելացրին ևս 1.5 մլրդ դրամ։
Ի դեպ, միայն փոխվարչապետները հինգ տարում ստացել են մոտ 106 մլն 738 հազար դրամ պարգևավճար։
Ախորժակը՝ համատարած
Պակաս ախորժակ չունեն նաև մյուսները։
ԱԺ պատգամավորները տարեվերջին ստացել են 3 միլիոն դրամ։
Պաշտպանության փոխնախարարները՝ 4 մլն 800 հազար դրամ, անգամ նախարարի՝ «խորհուրդն իրենց պահող», խորհրդականները՝ 2 մլն 600 հազար դրամ։
Ցուցակը շարունակելու դեպքում հոդվածը կդառնա բազմահատոր։
Չենք խոսում նաև բյուջեից այս ու այն օլիգարխին, այս կամ այն «յուրայինին» անխնա շռայլվող միջոցների մասին։
Ի վերջո, ողջ ծովը խմելու կարիք չկա, որ հասկանաս՝ ջուրը աղի է։
Թոշակառուներին 10 հազար դրամ հավելում տալու «սիրտ չունեցող» իշխանավորները մեկ օրում ստանում են մի գումար, որը համարժեք է մեկ մարդու 7 տարվա աշխատավարձի,
մեկ թոշակառուի 16 տարվա թոշակի։
Մագիլներն այնքան ամուր են սեղմված, որ արանքներից նույնիսկ փշրանք չի սահում։
Իսկ ժողովուրդը: Ի՞նչ է մտածում ժողովուրդը։
Իսկ ո՞վ է նրան բանի տեղ դնում։
Խեղճ ժողովուրդ։ Իհարկե մտածում է։ Իհարկե մտահոգ է։
Բայց ոչինչ չի կարող անել, որովհետև թույնը ինքն է իրեն մատուցել, պարանն էլ ինքն է իր վզին հանգուցել՝ ընտրելով անպատկառներին։
Ժողովուրդը հիշեցնում է թունավորված գետից ափ նետված ձկների վտառ։
Այդ տեսարանը սեփական աչքերով տեսել եմ տարիներ առաջ՝ Դեբեդ գետում, նրա Չիչխան ու Փամբակ վտակներում։
Վանաձորի քիմգործարանում հերթական աղետալի վթարն էր։ Պայթել էր թունավոր նյութերով լի բաքը։ Զոհեր կային, վիրավորներ։ Եվ նոր աղետից «խուսափելու» համար վտանգավոր նյութերը ուղղեցին դեպի գետը։
Դա այն օրերն էին, երբ ընդամենը ամիսներ առաջ գործարանը հանդիսավոր բացել էին։ Ցնծություն, խոստումներ, արտադրություն՝ «այսինչ օրից»։
Լրագրողական պարտականությամբ ներկա եմ եղել այդ շքեղ բացումներին։ Զարմանում էի, որ աշխատողներն անտարբեր են, չեն էլ ցանկանում մասնակցել ընդհանուր ուրախությանը:
Զոդողների բրիգադավար ծանոթս կամաց ասաց.
«Այս գործարանը, որը կարող էր պահել ոչ միայն իր 4200 աշխատողին, այլ ամբողջ քաղաքը, այլևս չի աշխատի։ Ինձ էլ են ժամանակին հանձնարարել կտրատել խողովակները։ Ամեն ինչ թալանված է։ Ինչպե՞ս պիտի աշխատի՝ կախարդական փայտիկո՞վ։ Թոզ են փչում»։
Եվ «թոզը» աչքեր մշուշեց, «թոզն» աշխատեց։
Ընտրվողներն ընտրվեցին։
Գործարանը չաշխատեց։
Գետերը թունավորվեցին։
Ձկները սատկեցին։
Տասնյակ հազարավոր շնչահեղձ ձկներ, շրթունքներով օդ որսացող, ափերին կափկափող, մեռնող…
Նրանք այդպես էլ «չիմացան», որ իրենց մահվան պատճառը ոչ թե պատահական վթարն էր, այլ համատարած թալանը։
Եզրափակում
Այսօր մեր ժողովուրդը նույն վիճակում է, ինչ Դեբեդի ձկները։
Ազգային միջոցների համատարած կողոպուտ, կենսական հյութերի թունավորում, երկրի ցամաքեցում։
Ձկները անլեզու էին։
Ժողովուրդը՝ դեռ լեզու ունի։
Հարցն այն է՝ կխոսի՞, թե՞ կհամաձայնի, որ իրեն էլ թունավորված ու շնչահեղձ՝ գոհունակ նետեն ցամաքի ափ։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ