ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Կրակը, որ բորբոքվել է, հետո անհնար կլինի մարել

Կրակը, որ բորբոքվել է, հետո անհնար կլինի մարել
02.06.2017 | 00:03

Եթե ընտանիքիդ մեջ վեճ ու կռիվ է սկսվել, դա փորձությունների սկիզբն է, պետք է իմաստնաբար դիմակայել, այլապես կրակը, որ բորբոքվել է, հետո անհնար կլինի մարել, և բաժանությունն ու օջախիդ քայքայումը անխուսափելի իրողության կվերածվեն։


Առաջինը Աստծուց կարգված ընտանիքի գլուխը` տղամարդը, թող իր անձը քննի, արդյո՞ք Տիրոջ առջև մեղք չի գործել խոսքով կամ գործով, քանզի ընտանիքի մեջ սատանայի մահաբեր վարակն է թափանցել։ Հին ուխտի պատմության մեջ, երբ Դավիթ թագավորը մեղք գործեց իր զինվոր ՈՒրիայի կնոջ հետ, ու նա հղիացավ, իր մեղքը ծածկելու համար Դավիթը ՈՒրիային սպանել տվեց և նրա կնոջ հետ ամուսնացավ։ Իսկ երբ Տիրոջ մարգարեի միջոցով բացահայտվեց թագավորի մեղքը, Դավիթը չնայած զղջումով մեղա եկավ, բայց հետևյալ խոսքը լսեց մարգարեի բերանով. «Քետացի ՈՒրիայի կինը քեզ կին առնելուդ համար քո տնից սուրը հավիտյան պակաս պիտի չլինի։ Քո տնից քո դեմ չարիք պիտի հանեմ» (Բ Թագավորաց 12.10)։ Այդպես էլ եղավ. Դավթի որդի Աբիսողոմը հոր դեմ ապստամբեց, նրա հարճերին հրապարակավ անարգեց, ապա զորք հավաքեց հոր թագավորությունը խլելու համար։ Բայց քանի որ Դավիթը զղջացել էր իր մեղքի համար, Աստված թույլ չտվեց, որ այդ անօրենությունը կատարվի, պատերազմի ժամանակ Աբիսողոմը դաժանաբար սպանվեց` հորը մեծ ցավ պատճառելով, քանզի նա գիտեր, որ իր գործած մեղքի պատճառով այդ ամենը եղավ։


Հետևություն բոլոր ընտանիք ունեցողների համար. երբ տեսնում եք, որ ձեր օջախում օտար կրակ է բռնկվել, հոշոտում ու պառակտում է ձեր ընտանիքը, ընտանիքի հայրը, մայրն ու բոլոր անդամները թող իրենց անձերը քննեն` արդյո՞ք իրենց որևէ մեղքի պատճառով չեն սկսվել անախորժությունները։ Ընտանիքի յուրաքանչյուր գիտակից անդամ թող իր անձը քննի Տիրոջ խոսքի լույսի ներքո` արդյո՞ք դա իմ մեղքի պատճառով չի եղել, և ապաշխարությամբ ու խոստովանությամբ մաքրվեք այդ վարակից, որ առավել մեծ ավերածությունների պատճառ չդառնա ու, ի վերջո, ընտանիքը քայքայի։
Որպես օրինակ կարող եք օգտվել նույն Դավթի սաղմոսների այս խոսքերից. «Փորձիր ինձ, ով Աստված, և քննիր իմ սիրտը, թե արդյո՞ք ես չար ճամփաների մեջ եմ քայլում, և ուղղիր իմ ճանապարհը քո հավիտենական ճանապարհով»։


Եվ թող Աստված յուրաքանչյուրիս իմաստություն շնորհի, որ կարողանանք անաղարտության մեջ պահել մեր ազգի բջիջները՝ ընտանիքները, որոնցից էլ կախված են մեր հայրենիքի ամրությունն ու ապահովությունը, քանզի Տիրոջ պատվիրաններով ապրող ազգը Աստծո պահպանության տակ է, Տերն է նրա թշնամիների սրտերում ահ ու սարսափ գցում, որ եթե մի ճանապարհով հարձակվելու լինեն պատվիրանապահ ազգի վրա, յոթ ճանապարհով հետ փախչեն։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ