ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մահացել է բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը

Մահացել է բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը
13.12.2013 | 15:47

Կյանքի 61-րդ տարում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանը:

Հ. Բեյլերյանը ծնվել էր 1952-ի մարտի 27-ին Վանաձորում: 1974-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
1974-79թթ. աշխատել է Ապարանի շրջանի Ափնա, այնուհետև Վարդենուտ գյուղերի դպրոցներում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1979-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում, 1983-ից կինոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ էր:
1982-ին տպագրվել է նրա «Հարթավայրի սիրտը» բանաստեղծությունների ժողովածուն։ Թարգմանել է Մանդելշտամի, Վոլոշինի, Ախմատովայի ստեղծագործություններից, նմուշներ ճապոնական պոեզիայից, ռուս արձակագիր Ա.Պլատոնովի երկերից: 1986-ին լույս է տեսել նրա «Մհերի դուռը», 2004-ին՝ «Վերջալույսը թռչուն» գրքերը:
Հայաստանի Գրողների միության անդամ էր 1984-ից:

«Իրատես de facto»-ն խորապես վշտակցում է բանաստեղծի ընտանիքին, հարազատներին ու գրչակից ընկերներին` ծանր կորստի համար:

ԵՐԱԶ

Անծին սպասումի սարսուռներում անձայն
Բուստե բլուրներով երեք նժույգ անցավ.
Բառեր էր բանում, անունս Հրաչյա,-
Մա՜հ իմ կապուտաչյա։

Նրանց վրնջյունը անդունդին քարափե
Սահմռկած գույների ծիածանն իր կապեց,-
Մա՜հ իմ կապուտաչյա։

Պայտված էին բառիվ, տրոփյունն էր հստակ,
Ցփնում էին չորսդին զարհուրանքի սուտակ,-
Մա՜հ իմ կապուտաչյա։

Եվ բաշերը նրանց` ասես բիլ բոցի թագ,
Բայց ափսոս որ բոլոր դարպասներն էին փակ,-
Մա՜հ իմ կապուտաչյա։

Հետո եղև այնպես, հետո այնպես եղև -
Վրնջյունն անթեղեց համբույրի խնկեղեգ,-
Մա՜հ իմ կապուտաչյա։

Եվ համբույրն այդ հպվեց կենաց շիրմափոսին,
Ելա մարմնիս նաշից, հանգույն Ղազարոսի,
Երբ անդենը կանչեց անունս ` Հրաչյա,-
Մա՜հ իմ կապուտաչյա։

Դիտվել է՝ 2955

Մեկնաբանություններ