ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տարեմուտի ուղերձը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տարեմուտի ուղերձը
02.01.2014 | 13:06

Սիրելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի կապակցությամբ:
Անցնող տարին հագեցած էր բազում նախաձեռնություններով ու իրադարձություններով, բայց ամենակարևորը, կարծում եմ, Հայաստանի տնտեսական վերելքին և անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված` խորը գիտակցված աշխատանքն էր: Մենք ավելի սերտացրինք Հայաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ: Հայաստանը ստեղծում է նոր իրականություն, որտեղ լինելու է ավելի պաշտպանված և ավելի մրցունակ:
Մենք շարունակեցինք և հետևողականորեն շարունակելու ենք բարեփոխումների մեր ճանապարհը: Այստեղ մեր համագործակցությունը Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ոչ միայն չի թուլանալու, այլև խորանալու է: Մեր նպատակն անփոփոխ է, և ուզում ենք, ի դեմս Հայաստանի, տեսնել արդիական պետություն՝ ամուր հասարակական հարաբերություններով և կայացած իրավական համակարգով:
Խոստովանենք, որ անցնող տարին նաև փորձությունների տարի էր: Չնայած բոլոր դժվարություններին` մեզ հաջողվեց իրականություն դարձնել աշխատավարձերի և կենսաթոշակների պարբերական բարձրացման` խոստացված քաղաքականությունը: Մենք գտանք հիմնարար լուծումներ, որոնք կգործեն ոչ միայն գալիք տարի:
Սիրելի հայրենակիցներ,
Անշուշտ, Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր, նոր սպասումներ ու ծրագրեր: Համոզված եմ, որ այդ հույսերի և ծրագրերի իրականացումը մեր ձեռքբերումն է: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր ակնկալիքները, իր ծրագրերը, իր հոգսերն ու իր երջանկությունը: Ոմանք սպասում են բանակից որդու վերադարձին, ոմանք՝ իրենց օջախի շինարարության ավարտին են լծվել, ոմանք՝ նորածին մանկան ճիչն ու բերկրանքն են ակնկալում և այսպես շարունակ: Մաղթում եմ, որ Հայաստանի ամեն մի ընտանիք նոր՝ 2014 թվականին կարողանա կյանքի կոչել իր երազանքները: Յուրաքանչյուր երջանկացած ընտանիք հավաքականորեն ավելի ուժեղ է դարձնում մեր երկիրը, ավելի լավատես է դարձնում մեզ բոլորիս:
Ցանկանում եմ, որ լավատեսական տրամադրություններով և լուրջ ծրագրերով մտնենք 2014 թվական. առավել ևս, դրա հիմքերն ունենք, և դրանք մեզնից յուրաքանչյուրի մեջ են: Ինչպես տրամադրվենք ու աշխատենք, այնպիսի արդյունքներ էլ կունենանք:
Սիրելի հայրենակիցներ,
Ավանդույթի համաձայն՝ այսօր մենք բաժակ ենք բարձրացնելու հայրենիքի զինվորների համար, ովքեր այս պահին ցրտաշունչ լեռներում հսկում են սահմանները: Պաշտպանում են իրենց ու մեր լեռները: Պաշտպանում են իրենց ու մեր երազանքները: Պաշտպանում են հաղթանակած երկիրն ու ազգային իղձերը:
Չեմ կասկածում, մենք մեր վարքով ու աշխատանքով արժանի ենք լինելու նրանց ու մեր բարձր նպատակներին: Շենացնելու ենք մեր գյուղերն ու քաղաքները, ծաղկեցնելու ենք մեր հողի ամեն մի քառակուսի մետրը, օտար եզերքներից տուն ենք վերադարձնելու մեր հարազատներին: Մենք դա կարող ենք և անելու ենք միասին: Իսկ նոր տարին մեզ հաղորդելու է նոր լիցքեր և կրկնապատկված եռանդ:
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ նաև Արցախի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում սիրիահայ մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր անցնում են ծանր փորձությունների միջով: Նրանց ցավը բոլորիս ցավն է: Այս տոնական օրը աղոթենք ու հավատանք, որ վաղը՝ գալիք 2014 թվականին, նրանց սպասվում են խաղաղություն և հաջողություն: Եվ նրանց երջանկությունը նույնպես լինելու է բոլորինս:
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը մաղթում եմ ամենայն բարիք: Առողջություն ձեզ, ձեր զավակներին ու ձեր ծնողներին:
Շնորհավոր Ամանոր և գալիք Սուրբ Ծնունդ:

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ