2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից՝ տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ «Նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:               
 

«Խաղաղության» կեղծ թեզը՝ նախընտրական ծխածածկույթ

«Խաղաղության» կեղծ թեզը՝  նախընտրական ծխածածկույթ
07.04.2026 | 15:21

ՀՀ իշխող վարչախումբը, նախընտրական շրջանին ընդառաջ, ավելի է սրում իր հռետորաբանությունը՝ փաստացի ապացուցելով, որ Հայաստանի հետ կապված ունի բոլորովին այլ պլաններ, իսկ «խաղաղության» մասին կեղծ թեզը տվյալ փուլում նախընտրական գործընթացում կիրառվող սովորական, բայց արդյունավետ ծխածածկույթ է։ Ավելին՝ արդեն բաց տեքստով հայտարարվում է, որ ադրբեջանական նարատիվը իրենց համար դառնում է առաջնային։

Օրերս Սիմոնյան Ալենը հայտարարեց, որ «ՀՀ անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է»․ ակամայից հիշեցի, թե ինչպես էր Քյազիմ Կարաբեքիրը 1918 թվականին խոսում «Հայաստանի անվտանգության» թուրքական երաշխիքների մասին, իսկ թե ինչպիսի «երաշխավոր» եղավ Թուրքիան, պատմությունը վաղուց տվել է իր հստակ պատասխանը։

Քաղաքական իմաստով սա տեղավորվում է գործող իշխանության ավելի լայն նարատիվի մեջ, որտեղ անվտանգությունը դիտարկվում է ոչ թե ավանդական դաշնակցային համակարգերի, այլ «խաղաղության օրակարգի» շրջանակում։ Սակայն այստեղ առկա է ակնհայտ ռիսկ․ հակառակորդի հետ չկայացած կամ ասիմետրիկ խաղաղությունը ոչ թե նվազեցնում է, այլ ստեղծում նոր խոցելիություն:

Հատկանշական է, որ Կարաբեքիրի առաջ քաշած այս թեզը որոշակիորեն ստիպված էր զարգացնել նաև Ալեքսանդր Խատիսյանը։ Սակայն կարևոր է հասկանալ, որ նրա դեպքում դա իրավիճակային, հարկադրական քաղաքական հաշվարկ էր՝ պայմանավորված պետականության փրկության հրատապությամբ, այլ ոչ թե Թուրքիայի նկատմամբ ռազմավարական վստահություն։ Եվ ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները 1919-1920 թվականներին, այդ մոտեցումը չուներ կենսունակություն և բացահայտեց իր ամբողջ վտանգավորությունը։

Ըստ էության, ուժային անհավասարակշռության պայմաններում «խաղաղության պայմանագիրը» անխուսափելիորեն վերածվում է ոչ թե հավասարակշռված համաձայնության, այլ պարտադրանքի ինստիտուցիոնալացման։ Այսինքն՝ այն, ինչ ներկայացվում է որպես խաղաղություն, իրականում կարող է վերածվել վերահսկելիության նոր ձևի։

Պատմական համատեքստում սա հիշեցնում է այն իրավիճակները, երբ փոքր պետությունները փորձել են իրենց անվտանգությունը կառուցել ավելի ուժեղ հակառակորդների հետ «խաղաղ համակեցության» հույսի վրա՝ առանց բավարար հակակշիռների։ Բաթումի պայմանագրից հետո Խատիսյանի վարած քաղաքականությունը նույնպես մասամբ կառուցված էր այս տրամաբանության վրա, սակայն շատ արագ պարզ դարձավ, որ այդ «խաղաղությունը» չի վերացնում ուժային հակասությունները, այլ ընդամենը ժամանակավորապես քողարկում է դրանք։

Պատմությունը մեկ անգամ արդեն ցույց է տվել, թե ինչ է տեղի ունենում, երբ «թղթային խաղաղության» մոդելը ներկայացվում է որպես միակ հնարավոր ճանապարհ։ Հարցը հիմա այն չէ՝ խաղաղություն ուզո՞ւմ ենք, թե ոչ, այլ այն՝ ինչ գին ունի այդ «խաղաղությունը» և արդյոք այդ գինը չի վերածվելու նոր, ավելի ծանր կորուստների հիմքի։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 139

Մեկնաբանություններ