Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի», 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստանի», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 5,8 տոկոսը՝ «Միասնության թևերի» օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Ստացվում է՝ ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5, ՔՊ-ն՝ 28,8 տոկոս:               
 

Смех с доставкой на дом

Смех с доставкой на дом
22.05.2026 | 21:39

(կամ՝ սքանչելապատում նշանակովի «դյուցազնի» մասին)

2026 թվականի մայիսի 21-ից՝ սոցցանցային ֆեյքերի հերկած խոպանում «աշխօր է գցում» ՀԺ-ի՝ «Ի վերջո, ինչ կլիներ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, ինչ խափանեց նա, և ինչու հասկացավ ու ընդունեց նրան ժողովուրդը» «էպիկական» վերտառությամբ հրապարակումը։

Չդիմացա գայթակղությանն ու՞․․․

․․․ ու հայտնվեցի մի հրաշապատում հեքիաթում, որի հեղինակը, փորձելով ստեղծել պետականամետ և խոր վերլուծական հոդված, ակամայից հասել է այնպիսի գրական չափազանցությունների՝ հիպերբոլաների, որոնք տեքստը վերածում են իսկական տրագիկոմեդիայի։

Մերօրյա «քերթողահայրը» որոշել է ոչ մի պատմական հերոսի ու կինոկերպարի չխնայել՝ բոլորին մեկտեղել իր «սքանչելապատումում»՝ ստեղծելով անհավանական աշխարհաքաղաքական «աջափսանդալ»։

Եթե անկեղծ՝ ընթերցողի «ուղեղի սպիտակ նյութի վերջին մոլեկուլը սկսում է ցավել», երբ փորձում է պատկերացնել պատմական դեմքերի անհեթեթ շքերթը»։

Եվ այսպես․

․․․ ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ «բարձր պատերով ու խունավ սենյակներում» նստած աշխարհաքաղաքական հայտնի մոդելավորող-«ճարտարապետները»՝ բացեցին «ոչնչացված պետությունների» նամշած հոտով քարտեզներն ու երկար մտորումներից հետո որոշեցին այս անգամ էլ Հայաստանից ստանալ հերթական «մատաղացու գառը»։

Ծրագիրը կատարյալ էր, դաժան ու... հոլիվուդյան։

Սակայն չար քեռիները թույլ տվեցին իրենց կյանքի ամենամեծ սայթաքում-սխալը. այդ նույն սենյակներում, որպես նորօրյա Քաջազնունի ու Վրացյան, նրանք գլխավոր դերում «նշանակեցին» Նիկոլ Փաշինյանին։

Այո՛, այո՛, հենց այդպես՝ «նշանակեցին»։

«Նիկոլ Փաշինյանը այդ խունավ, մեծ պատուհաններով ու բարձր պատերով սենյակներում նշանակված էր որպես նոր Քաջազնունի ու Վրացյան։ Սակայն նա այնքան հզոր կերպար դուրս եկավ, որ ոչ միայն խափանեց այդ սցենարը, այլև դարձավ մեր պատմության հավաքական Արտաշես, Վռամշապուհ, Պապ ու միաժամանակ Արամ Մանուկյան, որին հասկացավ ու ընդունեց հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդն էլ հաստատ առաջվանը չէր, հասկացել էր այդ «շուստրի կոմբինացիան» և չնայած իր շարքերում բազում երեսուն արծաթանոցներին ու միամիտներին՝ ոտքը ամուր խփեց գետնին ու կանգնեց այն ղեկավարի կողքին, որին «մեղավոր» էին նշանակել»։

Հարգարժան հեղինակը, առաջ ընկնելով իրադարձություններից, ընդամենը մեկ բառով՝ «նշանակել», ջնջեց «ժողովրդական ու ինքնաբուխ» թավշյա հեղափոխության ութամյա առասպելը, ուղարկեց պատմության արխիվ ու ակամա հաստատեց ընդդիմության ամենասիրած թեզը՝ ՔՊ առաջնորդին պարզապես բերել են դրսից ու դրել երկրի վարչապետի աթոռին։

Բայց դե, ո՞վ է նման «մանրուքների» վրա ուշադրություն դարձնում, երբ նպատակը վեհ է՝ շարքային «դեղնավուն» խմբագրից կերտել համաշխարհային դավադրություններ խափանող նոր «հզոր դյուցազն»։

Հատկապես, երբ «բեմում» իսկական խառնաշփոթ է։

Արտաշես Բարեպաշտն ու Պապ թագավորը ձեռք-ձեռքի տված փորձում են հասկանալ, թե ինչու է իրենց հավաքական կերպարը հայտնվել հեծանիվի վրա։

Մարկոս Կրասոսը կուլիսներում փնտրում է Սպարտակի գոյություն չունեցող որդուն, որպեսզի նրան նշանակի Հռոմի լեգեոնի հրամանատար։

Օսմանյան ենիչերիները ՀՅԴ գրասենյակում անդամատոմս են լրացնում։

Իսկ զարգացումների կենտրոնում հայտնված Սարոյան Հայկը եղբորից փորձում է վերցնել հանրահայտ հեծանիվը, բայց նրա հետևից արդեն վազում է գնդապետ Սուրմելյանը՝ մերկացրած սրով և ներազգային թշնամանք հրահրելու պատրաստի սցենարով։

ՈՒ հենց այս էպիկական խառնաշփոթի պահին, երբ ընթերցողը պատրաստվում է հանել թաշկինակն ու սրբել հուզմունքից թափվող արցունքները, հնչում է գլխավոր «թեզը».

«Հանգիստ վեր ընկեք տեղներդ, նոր Ալեքսանդրապոլը կանխված է»։

Ե՞վ... հարցնում է զարմացած ընթերցողը՝ նայելով դատարկված-հանձնված Արցախին, «Եռաբլուրին» ու Հայաստանի գզգզված սահմաններին։

«Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, քո հետևից կկրակեր հերթական գնդապետ Սուրմելյանը, և դու դեռ ոչինչ, հերթական Պետրոս Գետադարձը Հայոց պետականության բանալիները ուրիշին կհանձներ, ու կավարտվեր ամեն ինչ։ Այո, ցավոտ է, բայց այլ ելք չկա։»,- հանգստացնում է «հպարտ» հեղինակն ու շարունակում․

«Նույն կերպ էլ վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանի համար է վիրավորական ու անտանելի, որ նրան հաճախ չեն հասկանում, որ նա ավելի մեծ արագությամբ ու թափով չի կարողանում հզորացնել Հայաստանի Հանրապետությունը։ Հաճախ իր ներդրումները լիարժեք չեն կյանքի կոչվում։ Նա էլ է, սակայն, գիտակցում, որ, ցավոք, ավելի արագ հնարավոր չէ։ Նույն կերպ էլ նա է գիտակցում, որ մի քիչ էլ է պետք սպասել ու լուռ գործ անել առանց փոթորիկների, իսկ պատմությունը կգնահատի»։

Ինչպես կասեր դասականը՝ «Хотели как лучше, а получилось... Калашников!»: Փորձեցին գրել ազգափրկիչ ներբող, բայց ավտոմատի ճշգրտությամբ կրակեցին սեփական թիմի ոտքին։

Տրագիկոմեդիայի վարագույրն իջնում է, հանդիսատեսը ծափահարում է, իսկ կուլիսներում հնչում է «Смех с доставкой на дом» հայտնի հաղորդաշարի ուրախ երաժշտությունը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ