2008-ին, երբ աշխարհում մոլեգնում էր տնտեսական ճգնաժամը, մեր պաշտոնյաներից մեկը նշեց, թե դա Հայաստանի տնտեսության վրա չի անդրադառնա: Իհարկե, հայտարարություն անողը երևի նկատի ուներ մեր տնտեսության ամրությունը կամ զարգացման ռեսուրսը: Սակայն այդ ինքնավստահությունն առնվազն տարակուսելի ու ծիծաղելի է, որովհետև Հայաստանը, դասական իմաստով, տնտեսություն չունի, եղածն էլ, ճիշտ հակառակը, խիստ կախման մեջ է արտաքին գործոններից, մասնավորապես՝ ռուսաստանյան իրականությունից:
Օրինակ, ես, երբ լսում էի մեր այդ պաշտոնյայի ինքնավստահ խոսքը, այլ բան մտածեցի: Հասկացա, որ մեր տնտեսությունն այնքան թույլ ու անօգնական է, որ դուրս է համաշխարհային համատեքստից ու հետևաբար՝ գլոբալ տնտեսությունից չի ստանում դրական կամ բացասական իմպուլսներ:
Հետո, այնուամենայնիվ, պարզվեց, որ համաշխարհային ճգնաժամը մեր տնտեսության վրա լավ էլ ազդում է: Վատն այն է, որ ճգնաժամն ազդում է, բայց ճգնաժամի հաղթահարումը՝ ոչ:
Խոսենք այսօրվա իրականության մասին: Տեսեք, ԵԱՏՄ անդամ դառնալը՝ ըստ տրամաբանության ու մեր իշխանությունների վարդագույն խոստումների, պետք է դրական ազդեցություն ունենար մեր տնտեսական կոնյունկտուրայի վրա, սակայն, ըստ ամենայնի, տեղի է ունենալու հակառակը, որովհետև ռուսական ռուբլու անկումը հանգեցնելու է գազի սակագնի բարձրացման՝ անգամ ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար: Իսկ եթե գազը թանկացավ, թանկանալու են նաև առաջին անհրաժեշտության ապրանքները, էլ չեմ ասում այն մասին, որ միջին բիզնեսի վերացման նոր ալիքի ու գործազրկության և արտագաղթի նոր դրսևորումների ենք ականատես լինելու:
Մեկ այլ օրինակ բերեմ: Աշխարհում սրընթաց վայրէջք են ապրում նավթի գները, սակայն մեզանում նավթամթերքը ոչ միայն չի էժանանում, այլ թանկանում է: Սա պարադոքս է ու խոսում է երկու հանգամանքի մասին: Կամ՝ Հայաստանի տնտեսությունն իսկապես դուրս է համաշխարհայինից, ու մենք փակված ենք մեր «սարերում» (այս դեպքում, իհարկե, անհասկանալի է, թե ինչու են բացասական երևույթները մեզ վրա ազդում), կամ էլ՝ մեզանում անարդյունավետ կառավարումն ու բացահայտ կամ քողարկված մենաշնորհը հասել են այնպիսի ծավալների, որ որոշիչը ոչ թե տնտեսական օրինաչափությունն է, այլ չգրված կանոնները, որոնք հաստատում են շուկան «նայողները»:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ