«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Խրախուսել հասարակության ինքնուրույնացման ճանապարհը

Խրախուսել հասարակության ինքնուրույնացման ճանապարհը
08.01.2025 | 13:11

Հասկանում եմ, որ Ալիևի երեկվա հայտարարություններից հետո բոլոր մտածող մարդիկ մտածմունքների ու անելիքների փնտրտուքի մեջ են։ Ոմանք անմիջապես են արձագանքել՝ առաջարկելով քայլեր։ Բայց ես խորհուրդ կտամ իմ գործընկերներին, ընկերներին՝ այս անգամ մի փոքր դադար վերցնել։

Թողենք, որ մեծարգոների ենթամշակույթը, նրանց սպասարկող հանրային շերտերը, բացահայտ ու լատենտ նիկոլականները, իբր կրթվելու կողմնակիցները ու իբր պրոգրեսիվ արևմտամետները ինքնուրույն հասկանան ու տարին սկսեն ինքնուրույն ընկալելով, թե ինչ է իրենց սպառնում առաջիկայում։

Ամեն անգամ մի 15-20 հոգով պետք չէ լինել «սպիտակ ագռավ» ու փորձել ամբողջական հասարակությանը և նրա առանձին շերտերին բացատրել, թե ուր է տանում այս ընթացքը և ինչ պետք է անել։

Եկեք ընդունենք, որ մեր ձայնը հաճախ տեղ չի հասնում, և մենք ինչ-որ իմաստով «հարամում» ենք մարդկանց խաղաղ կյանքը։

Այս սոցիոլոգիական պատկերով հասարակությունը տանում է պետության կործանման։ Մենք պետք է վերանայենք պայքարի ստանդարտ մոտեցումները։

Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը։

Պետք է թողնել, որ հայ հասարակությունն ինքնուրույն հասկանա, որ Ալիևը երեկ հարամեց բոլորի տոնական օրերը և շատ պարզ ձևակերպեց իր առաջիկա անելիքները։ Թողնենք, որ հասարակությունը ինքնուրույն հասկանա այդ պարզ ձևակերպումները։ Թողնենք, որ ինքնուրույն հասկանա «էքսի օրվա ձվածեղի» և լուրջ իշխանության տարբերությանը։

Ինքնուրույն հասկանա, որ վտանգավոր է նման իշխանություն ունենալը, և ծայրահեղ անպատվաբեր է նրան մեծարգո ասելը կամ նրանց առաջ ճկվելը։

Թողնենք՝ իբր կրթված ու իբր պրոգրեսիվ շրջանակներն ինքնուրույն հասկանան, թե ինչ է նշանակում Թրամփի՝ Սիրիայում Թուրքիայի քայլերը ողջունելը, և «Էրդողանը իմ ընկերն է, որին ես շատ հարգում եմ» ձևակերպումը։

Թողնենք՝ մեծարգոների փոքր շերտին սպասարկող, քծնող ու ճկվող ավելի մեծ շերտն ինքնուրույն ապրի իր՝ առաջիկա հնարավոր ողբերգության սցենարը։

Թողնենք, որ «Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք» շերտը (որտեղ, ի դեպ, շատ կրթված ու կայացած մարդիկ կային), հիմա բարձրաձայնի «Սյունիքն ու Վայոց Ձորը տանք՝ հանգիստ ապրենք» միտքը։ Իսկ Ալիևը հենց դա էր ասում։

Թողնենք, վերջապես, որ այլ միջավայրում ցերեկը ազգային խաղացող, իսկ երեկոյան մեկ այլ միջավայրում որպես նիկոլական նույնականացող շերտը, որը քիչ տոկոս չի կազմում, ինքնուրույն ամաչի և իր ինքնուրույն տագնապը զգա այս վիճակից։

Ի վերջո, Հայաստանում փոփոխությունները լինելու են այն պահին, երբ մեծ հասարակությունը դա մոտիվացված պահանջի։ Օգնենք, որ այդ պրոցեսն արագանա։ Երեխաների նման, որոնք երբեմն մենակ ու ինքնուրույն մնալով են արագ լրջանում։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3491

Մեկնաբանություններ