Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

Եպիսկոպոսաց ժողովները՝ Էջմիածնից դուրս

Եպիսկոպոսաց ժողովները՝ Էջմիածնից դուրս
23.01.2026 | 11:57

Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Ավստրիայում եպիսկպոսաց ժողով հրավիրելու օրինականությունը քննարկող եւ շահարկող մեկնաբանություն անողներին առաջարկում եմ վերհիշել կամ ծանոթանալ ստորև ներկայցվող փաստագրությանը։

Պատմական իրողություն առաջին․ Էջմիածինը երբեք եպիսկոպոսաց ժողով գումարելու մենաշնորհ չի ունեցել

Հայ Եկեղեցու առաջին համահայկական եկեղեցական ժողովը գումարվել է ոչ թե Էջմիածնում, այլ՝ Աշտիշատում (354 թ․)՝ Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Այդ ժողովում են սահմանվել Հայ Եկեղեցու սոցիալական և կարգապահական կարևորագույն սկզբունքները։

444 թ․ Շահապիվանի ժողովը, 506 թ․ Դվինի առաջին ժողովը, 554 թ․ Դվինի երկրորդ ժողովը, 609/610 թթ․ Դվինի երրորդ ժողովը՝ բոլորը գումարվել են քաղաքական և վարչական կենտրոններում, ոչ թե Էջմիածնում։ Եվ դա ոչ թե պատահականություն էր, այլ՝ ժամանակի տրամաբանություն։

Եթե ընդունենք այն թեզը, որ ժողովը պետք է գումարվի միայն Մայր Աթոռում, ապա ստիպված կլինենք կասկածի տակ դնել հենց այն ժողովները, որոնցով ձևավորվել է Հայ Եկեղեցու դավանական ինքնությունը։

Պատմական իրողություն երկրորդ․ ժողովների աշխարհագրությունը միշտ պայմանավորված է եղել իրավիճակով

633 թ․ Կարինի ժողովը, 726 թ․ Մանազկերտի ժողովը, 768 թ․ Պարտավի ժողովը, 862 թ․ Շիրակավանի ժողովը գումարվել են տվյալ ժամանակի քաղաքական և անվտանգային պայմաններից ելնելով։

1179 թ․ Հռոմկլայի ժողովը, որը համարվում է միջնադարյան Հայ Եկեղեցու ամենակարևոր ժողովներից մեկը, տեղի է ունեցել Կիլիկիայում, ոչ միայն Էջմիածնից դուրս, այլև Հայաստանի աշխարհագրական սահմաններից դուրս։ Այնուամենայնիվ, որևէ մեկը երբեք չի վիճարկել դրա կանոնական ուժը։

Պատմական իրողություն երրորդ․ նորագույն շրջանի հստակ նախադեպեր

1956 թ․ մարտի 5-8-ը Եպիսկոպոսաց ժողովը գումարվել է Կահիրեում՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով։ Ժողովի արձանագրությունները պահպանված են և պաշտոնական են։ Ժողովը գումարվել է Սփյուռքում՝ պայմանավորված Խորհրդային Հայաստանի պայմաններով և եկեղեցու գործունեության սահմանափակումներով։

2016 թ․ Եպիսկոպոսաց ժողովներ են գումարվել Ստեփանակերտում և Նյու Յորքում։ Երկու դեպքում էլ գործ ունենք նույն տրամաբանության հետ՝ անվտանգություն, ազատ քննարկում, համահայկական ընդգրկում։

Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, ոչ թե շենք․ Սանկտ Փյոլթընի ժողովը՝ պատմական օրինաչափության մեջ

2026 թ․ փետրվարի 16–19-ը Սանկտ Փյոլթընում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովը տեղավորվում է հենց այս պատմական շղթայի մեջ։ Հայաստանում վերջին շրջանում արձանագրված եկեղեցականների նկատմամբ ճնշումները, կալանավորումները և ազատ եկեղեցական կյանքի սահմանափակման վտանգները պաշտոնապես արձանագրված փաստեր են դեռևս 2025 թ․ դեկտեմբերից։

Այս պայմաններում ժողովի անցկացումը այլ միջավայրում չի խախտում եկեղեցական կարգը, այլ ապահովում է դրա բովանդակային լիարժեքությունը։

Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս եղել է, կա և կմնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինաչափ գործելակերպերից մեկը՝ պայմանավորված ժամանակի իրողություններով։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 104

Մեկնաբանություններ