Ինչո՞վ է զբաղվում Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Մի քանի օր առաջ Ախալքալաքում, ՀՀ քաղաքացու մասնակցությամբ, տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները: Գործ է հարուցվել: ՀՀ քաղաքացու հանդեպ կիրառվել է բացակայության արգելք:
ՀՀ քաղաքացին զանգահարել է Վրաստանում Հայաստանի դեսպանություն: Վերջինս ոչ միայն որևէ օգնություն չի ստացել, այլև արժանացել է արհամարհանքի և անարգանքի:
Ուրեմն, ՀՀ քաղաքացիների նկատմամբ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պարտականությունները սահմանվում են ՀՀ գործող օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ-ի կողմից վավերացված և գործող միջազգային պայմանագրերով: Մասնավորապես` դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները պարտավոր են իրենց իրավասությունների և լիազորությունների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի խախտման դեպքերում դրանց պաշտպանության նպատակով։
Փաստորեն, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հրաժարվել էր պաշտպանել իրեն դիմած ՀՀ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը: Այդ դեպքում, ինչու՞ է Հայաստանին անհրաժեշտ Վրաստանում դեսպանություն ունենալ: Ավելի լավ չէ՞ դեսպանություն բացենք Վանուատուի մայրաքաղաք Պորտ Վիլայում, որտեղ ՀՀ քաղաքացիներ ընդհանրապես չկան, հետևաբար` դեսպանություն զանգահարող չի լինի:
Կարեն Հեքիմյան