Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Փակեք դպրոցները և «ղզիկանոցներ» բացեք

Փակեք դպրոցները և «ղզիկանոցներ» բացեք
23.09.2026 | 09:35

Ո՞ւր ենք հասել։
Դասարանում կարգապահություն խախտող աշակերտի մասին ծնողին տեղեկացնելը, ուսուցչի կողմից խիստ պատժվելը կամ ուսուցչի պահանջը կատարելն այսօր երբեմն ներկայացվում է որպես արտառոց դեպք։ Ոմանք անմիջապես պահանջում են պատասխանատվության ենթարկել ուսուցչին, դիմում են քաղմաս, իսկ երեխայի յուրաքանչյուր սխալ փորձում են արդարացնել։
Իսկ ես մի հարց ունեմ․ ո՞վ է ասել, որ դպրոցը խաղադաշտ է, իսկ դասարանը՝ «չինգաչունգ» խաղալու վայր։
Ես չեմ ասում, որ երեխայի նկատմամբ բռնությունը պետք է խրախուսել։ Բայց չեմ էլ կարծում, որ յուրաքանչյուր կարգապահական խնդիր պետք է վերածել մեծ սկանդալի՝ առանց հասկանալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Երկրորդ դասարանում էի սովորում՝ երկրորդ կիսամյակն էր։ Դասս չէի սովորել։ Տանից դուրս եկա, բայց դպրոց գնալու փոխարեն գնացի դպրոցից մի քիչ հեռու գտնվող տարածք, որտեղ մեծ քարեր կային, ու թաքնվեցի։ Ուսուցիչս՝ ընկեր Սարգսյանը, նկատել էր։
Հաջորդ օրը դպրոց գնացի։ Նա ինձ շատ խիստ պատժեց։ Հաջորդ դասին ես ոչ միայն նախորդ դասը, այլև հաջորդող դասն էի անգիր արել։ Այսօր, տարիներ անց, այդ դեպքը հիշում եմ և շնորհակալ եմ նրան՝ ինձ պատասխանատվության ու դասը սովորելու կարևորությունը հասկացնել տալու համար։
Իհարկե, սա իմ անձնական փորձն է, և ես չեմ առաջարկում իմ մանկության տարիների մեթոդները բառացիորեն կրկնել այսօր։ Ժամանակները փոխվել են, դպրոցն էլ պետք է ունենա երեխայի իրավունքները պաշտպանող հստակ սահմաններ։ Բայց մի բան չպետք է կորցնենք՝ ուսուցչի հեղինակությունը, կարգապահության գաղափարը և երեխային իր արարքների համար պատասխանատու դարձնելու անհրաժեշտությունը։
Եթե երեխան դասի ժամանակ խանգարում է, դա պետք է քննարկվի։ Եթե սխալ է արել, պետք է հասկանա իր սխալը։ Եթե ծնողն ամեն իրավիճակում միայն երեխայի կողմն է բռնում և ուսուցչին դարձնում մեղավոր, մենք ոչ թե դաստիարակում ենք երեխային, այլ նրան սովորեցնում ենք, որ իր յուրաքանչյուր արարքի համար ուրիշը պետք է պատասխան տա։
Եվ այստեղ արդեն պետք է ոչ միայն ուսուցչին հարցնել՝ «Ինչո՞ւ պատժեցիր», այլև ծնողին՝ «Իսկ դու ի՞նչ ես սովորեցրել քո երեխային պատասխանատվության մասին»։
Դպրոցը պետք է լինի կրթության, կարգապահության և մարդկային արժեքների ձևավորման վայր, ոչ թե մի տարածք, որտեղ ուսուցիչը վախենում է երեխային անգամ խիստ նկատողություն անել, իսկ երեխան սովորում է, որ ցանկացած սխալից հետո կարող է պարզապես գնալ տուն և բողոքել։
Կրթությունը միայն դասագիրք ու գնահատական չէ։ Կրթությունը նաև պատասխանատվություն է, սահմանների ճանաչում և սեփական արարքների հետևանքները հասկանալը։
Եկե՛ք երեխաներին պաշտպանենք, բայց միաժամանակ չզրկենք նրանց պատասխանատվությունից։ Եվ եկե՛ք ուսուցչի հեղինակությունը պաշտպանենք՝ միաժամանակ հստակ սահմանելով այն սահմանագիծը, որը երբեք չպետք է անցնի ո՛չ ուսուցիչը, ո՛չ ծնողը։

Նարեկ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ