Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Մեզ շատ լուրջ հենարան է պետք և իրական պատկերացում, թե արևի տակ որն է մեր տեղը

Մեզ շատ լուրջ հենարան է պետք և իրական պատկերացում, թե արևի տակ որն է մեր տեղը
24.02.2026 | 13:28

Մեր խնդիրը, ներկա ստորացված վիճակում, ոչ թե այս, վատ իմաստով և շատ կողմերով անընդունելի երևույթն ավելի վառ ու բազմակողմանի ներկայացնելն է, որը նշանակում է մեր մոլորված ժողովրդին է՛լ ավելի ստորացնել, այլ նման հոգեկան փակուղու մեջ գտնվող մարդկանց հույս ներշնչելն ու այդ վիճակից ինչ-որ ելք ցույց տալն է։

Ներկայում մեզ հետ տեղի ունեցողը, վերջին 200 տարվա ընթացքում, երրորդ կտրուկ փոփոխությունն է մեր կյանքում։

Առաջինը ռուսների կողմից Արևելյան Հայաստանի վերջնական գրավումն էր Օսմանյան կայսրության և խանական Պարսկաստանի թուրքերից, մեծ թվով հայերի ներգաղթի կազմակերպումը և Հայկական մարզի ստեղծումը, որն էլ մեզ բերեց կյանքի ապահովություն և ինչ-որ չափով առնչվելու հնարավորություն քաղաքակրթական նորմալ գոյության հետ։

Հաջորդ կտրուկ փոփոխությունը մեր կյանքում բոլշևիկյան հեղափոխությունն էր, որն անցյալ դարի քսանական ու երեսնական թվերի անիմաստ դաժանությունների հետ միասին բերեց մեզ նաև անվիճելի քաղաքակրթական նվաճումներով լի նոր ու աննախադեպ կյանք, մանավանդ, հիսունական թվերից մինչև ԽՍՀՄ-ի անկումը։

Երրորդ կտրուկ փոփոխությունը մեր կյանքում անկախացումն էր իր պրոբլեմներով, որը, բոլոր բնական օրենքներով, մեզ պետք է բերեր բազմակողմանի ու աննախադեպ վերելք, բայց բերեց անկման, որի ակնհայտ ապացույցը մեր հասարակ մարդկանց կյանքի որակի ու հոգեկան վիճակի կտրուկ անկումն է՝ համեմատած անցյալ դարի 80-ականների մեր կենսամակարդակի ու հոգեկան վիճակի հետ։

Մեր կյանքի այս երրորդ կտրուկ փոփոխությունը, ի տարբերություն առաջին և երկրորդ փոփոխությունների, որոնք մեզ, ընդհանուր առմամբ, դուրս բերեցին ծայրահեղ ստորացված վիճակից, արեց և շարունակում է անել հակառակը, այսինքն, տարել և տանում է դեպի ավելի ստորացում, որն ակնառու երևում է հասարակ մարդկանց կյանքի նույնիսկ մակերեսային դիտարկումով։

Այն դեմագոգիկ կարծիքը, որը պնդում է, որ մեր կյանքի մակարդակը կտրուկ աճել է և որպես ապացույց բերում է այն փաստը, որ Երևանի ռեստորանները միշտ լիքն են, նույն դեմագոգիայի շարունակությունն է։

Հակառակի ապացույցը մեր դատարկվող գյուղերն են իրենց ավելի ու ավելի դեպի կենսաբանական կյանքը գնացող առօրյայով, որն էլ լրիվ բացատրելի է ուժային բնույթի մրցակցային պայքարի պայմաններում ուժ չունենալով և վայրագ միջավայրում գտնվելով։

Նույնն է վիճակը նաև քաղաքային բնակչության մեծամասնության համար՝ կյանքի անմխիթար մակարդակ։

Եթե փորձենք մեր կյանքին ու դրա հեռանկարին նայել շատ թե քիչ օբյեկտիվ հայացքով, ապա կտեսնենք, որ մեր ներքին փոխադարձ ագրեսիայով լի կյանքը և վայրագ միջավայրի ճնշումը մեզ վրա որևէ լավ հեռանկար չեն խոստանում, ու այս պայմաններում մենք պետք է, ապագա բարեկեցիկ կյանքի մասին հեքիաթները դնելով մի կողմ, կենտրոնանանք մեր հետագա կասկածելի գոյության հետ կապված խնդիրների վրա։

Այս վիճակում էլ մեր հետագա գոյության հետ կապված պրոբլեմները կարող են լուծվել միայն որևէ հզորի օգնությամբ, քանի որ այլ լուծում մերի նման միջավայրում չկա։

Այս ուղղությամբ էլ հնարավոր լուծումների թիվը խիստ սահմանափակ է՝ 1․ Ավանդական ռուսականը,

2․ Գոյաբանական ռիսկերով լի թուրքականը,

3․ Ավելի քիչ հավանական արևմտյանը, ներառյալ ԱՄՆ-ը և Եվրոպան,

4․ Շատ ավելի քիչ հավանական Իրանը, Հնդկաստանն ու Չինաստանը և այլն։

Եվ որ շատ ավելի կարևոր է, մենք պետք է կարողանանք վերջապես դուրս գալ այն մանկամիտ թմբիրից, որ մենք կարևոր ենք, կամ էլ ուրիշները մեզ հարգում ու սիրում են, քանի որ աշխարհում անխտիր բոլոր հարցերը լուծվում են ուժով ու խելքով և առանց էմոցիաների ու սթափ ուղեղով ձգտելով ապրելու հետ կապված շահի առավելագույնին և կորուստների նվազագույնին։

Մեր մենթալիտետային մեծամիտ մանկամտությունն ու շահի մասին պարզունակ էգոիստական պատկերացումները ուղիղ գծով մեզ տանում են դեպի կործանում։

Մեզ շատ լուրջ հենարան է պետք և իրական պատկերացում, թե արևի տակ որն է մեր տեղը։

Ըստ էության, մենք գտնվում ենք շատ մեծ անորոշությոն մեջ, քանի որ ամենահզորների հարաբերություններն են շատ մեծ անորոշության մեջ, մի պրոբլեմ, որի հնարավոր ապագա լուծումների ածանցյալն էլ կլինի մեր վիճակը։

Մյուս կողմից էլ, մեր ուժերով մեր իսկ վիճակը դեպի լավը տանելը համարյա թե անհնարին բան է, բայց դեպի ավելի վատը տանելը լիովին գտնվում է մեր հնարավորությունների սահմաններում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 305

Մեկնաբանություններ