ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Նորածնի հայրը ծաղիկների փոխարեն նախընտրեց հրազենը

Նորածնի հայրը ծաղիկների փոխարեն նախընտրեց հրազենը
30.06.2015 | 14:20

Հունիսի 30-ի առավոտյան պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը ցնցվեց կրակոցի ձայնից։ Մի քանի վայրկյան անց պարզ դարձավ, որ նորածնի հայրը հիվանդասենյակում կրակել է նախ կնոջ վրա, ապա` իր։ Հայրը մահացել է, իսկ մոր վիճակը փորձեցինք ճշտել առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանից. «Դեպքից անմիջապես հետո նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր տեղափոխել են վիրավոր աղջկան: Անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բուժհետազոտություններ։ Հիվանդի վիճակը գնահատվում է ծանր՝ ունի հրազենային վնասվածքներ։ Ժամը 12.00-ին հրավիրվել է բժշկական կոնսիլիում, ինչի կարիքն առաջացավ համակարգչային հետազոտությունից հետո։ Ամենայն հավանականությամբ, նեյրովիրաբույժի միջամտության կարիք կլինի, քանի որ հայտնաբերվել է գանգուղեղային վնասվածք։ Կիրականացվի նաև առաջնային վիրաբուժական մշակում։ Հետազոտման արդյունքում մեկ փամփուշտ էլ հայտնաբերվել է թիակի հատվածում»։ Ինչ վերաբերում է նորածնի առողջական վիճակին, ապա փոխնախարարը մեզ տեղեկացրեց, որ դեպքի պահին երեքօրական երեխան մոր հետ չի եղել։ Ի դեպ, նշենք, որ երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով։ Այս պահին հանրությունը շոկի մեջ է կատարվածից և փորձում է հասկանալ, ո՞րն է եղել սպանության պատճառը։ Գուցե և այս հարցի պատասխանն այդպես էլ չպարզվի՝ մահացածին չես հարցաքննի։ Սակայն չենք բացառում նաև, որ նման պոռթկումը կարող է հոգեկան շեղման արդյունք լինել։ Արդյոք կկարողանա՞ն մահից հետո որոշել կրակողի հոգեվիճակը։ «Եթե ոստիկանությունը կամ գործը վարող մարմինը անհրաժեշտ համարի, որ այդ հարցերի պատասխանը պետք է և ներկայացնի հայցադիմումներ, ապա կարծում եմ` նրանք կստանան իրենց պատասխանը»,- ասաց Գագիկ Միրիջանյանը ի պատասխան մեր հարցին։ Այլ կերպ ասած, հերթը դատաբժշկությանն է։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ