ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ռեպրեսիաներից՝ նոր օլիգարխիա. Հայաստանի համակարգային վերաձևումը

Ռեպրեսիաներից՝ նոր օլիգարխիա. Հայաստանի համակարգային վերաձևումը
25.08.2026 | 22:31

Հայաստանում շարունակվող ռեպրեսիաները մի քանի շերտ ունեն, և դրանցից որևէ մեկն, ըստ էության, կապ չունի արդարադատության կամ օրինականության հաստատման հետ։

Եթե նպատակը իրավական պետության ամրապնդումը լիներ, իրավապահ համակարգը կգործեր ոչ թե ընտրողաբար ու քաղաքական նպատակահարմարությամբ, այլ՝ համընդհանուր, կանխատեսելի և հավասար կանոններով։

Ռեպրեսիաների առաջին և ամենաքննարկվող բացատրությունը ներքաղաքական է՝ քաղաքական հաշվեհարդարը։ Քրեական հետապնդումների, ուժային ճնշումների և վարչական լծակների միջոցով իշխանությունը փորձում է թուլացնել կամ չեզոքացնել իր համար անցանկալի քաղաքական, տնտեսական ու հասարակական կենտրոններին։

Սակայն տեղի ունեցողը միայն այս տրամաբանությամբ բացատրելը չափազանց պարզունակ կլինի։ Ընտրություններն ավարտվել են, իշխանության վերարտադրության անմիջական խնդիրը լուծված է, մինչդեռ ճնշումները ոչ միայն չեն դադարում, այլև ավելի համակարգային բնույթ են ստանում։

Հետևաբար, պետք է հասկանալ, թե հետընտրական Հայաստանում ինչ նոր խնդիրներ են լուծվում ռեպրեսիվ քաղաքականության միջոցով։

Այստեղ ի հայտ է գալիս երկրորդ շերտը՝ արտաքին պարտավորությունների գործոնը։

Առաջիկայում իշխանության օրակարգում հայտնվելու են չափազանց զգայուն հարցեր՝ նոր Սահմանադրության ընդունում, անկլավների վերադարձ, հայ-ադրբեջանական հարաբերությունների շրջանակում նոր պայմանավորվածությունների իրականացում։ Սրանք որոշումներ են, որոնք կարող են հասարակական և քաղաքական լուրջ դիմադրություն առաջացնել։

Այս համատեքստում առնվազն քննարկման արժանի է վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է նախապես թուլացնել հնարավոր դիմադրության կազմակերպված կենտրոնները։ Ռեպրեսիան դառնում է ապագա քաղաքական գործընթացների համար ցանկալի միջավայր ձևավորելու միջոց։

Այլ կերպ ասած՝ թիրախում կարող են լինել ոչ միայն այսօրվա քաղաքական հակառակորդները, այլև վաղվա հնարավոր դիմադրության կենտրոնները։

Սակայն նույնիսկ այս երկու բացատրությունները լիարժեք չեն բացահայտում տեղի ունեցողի խորությունը։

Կա երրորդ՝ թերևս ամենահամակարգային և երկարաժամկետ հետևանքներ ունեցող գործոնը՝ Հայաստանի ռազմավարական կուրսի փոփոխությունը։

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները երեք տասնամյակների ընթացքում չեն սահմանափակվել միայն միջպետական կապերով։ Դրանց շուրջ ձևավորվել է քաղաքական, տնտեսական, անվտանգային, գործարար, մշակութային և հասարակական հարաբերությունների լայն համակարգ՝ իր ինստիտուտներով, ազդեցության կենտրոններով, կապերով և շահերով։

Այսօր հետևողականորեն ապամոնտաժվում է հենց այդ միջավայրը։

Ռազմավարական կուրսի փոփոխությունը ենթադրում է նաև երկրի ներքին կառուցվածքի վերաձևում։ Եթե իշխանությունը Հայաստանը դուրս է բերում նախկին աշխարհաքաղաքական համակարգից, ապա տրամաբանական է, որ փորձելու է թուլացնել կամ վերացնել նաև այն քաղաքական, տնտեսական ու հասարակական կենտրոնները, որոնք ձևավորվել և ազդեցություն են ձեռք բերել այդ համակարգի շրջանակում։

Այս դիտանկյունից ռեպրեսիաները ձեռք են բերում արդեն կառուցվածքային նշանակություն։ Թիրախում հայտնվում են ոչ միայն քաղաքական ընդդիմախոսները, այլ նաև ինքնուրույն ռեսուրս, ազդեցություն և հասարակական կապեր ունեցող այն կենտրոնները, որոնք չեն վերահսկվում իշխանության կողմից և կարող են խոչընդոտել երկրի ներքին ու արտաքին վերադասավորմանը։

Սակայն հին համակարգի ապամոնտաժումն անխուսափելիորեն առաջացնում է մեկ այլ հարց՝ ի՞նչ է ստեղծվելու դրա փոխարեն։

Քաղաքական և տնտեսական ազդեցությունը դատարկություն չի հանդուրժում։ Եթե հին կենտրոնները թուլացվում կամ ոչնչացվում են, դրանց տեղում ձևավորվելու են նորերը։ Եվ այստեղ արդեն նշմարվում է նոր օլիգարխիայի ձևավորման հեռանկարը՝ նոր արտոնյալ բիզնեսներով, նոր սեփականատերերով, նոր արտաքին կապերով և իշխանությունից կախվածության նոր մեխանիզմներով։

Այսպիսով, Հայաստանում տեղի ունեցող գործընթացը շատ ավելի խորքային և ընդգրկուն է։

Մի դեպքում իշխանությունը չեզոքացնում է քաղաքական մրցակիցներին, մյուս դեպքում՝ թուլացնում այն կենտրոնները, որոնք կարող են դիմադրել նոր Սահմանադրության, անկլավների կամ արտաքին պայմանավորվածությունների շուրջ հնարավոր որոշումներին։

Սակայն երրորդ՝ ամենախորքային մակարդակում, վերաձևվում է երկրի քաղաքական և տնտեսական համակարգը՝ այն համապատասխանեցնելով Հայաստանի նոր ռազմավարական կողմնորոշմանը։

Այս երեք շերտերը լրացնում են միմյանց։

Եթե այս տրամաբանությունը ճիշտ է, ապա շարունակվող ռեպրեսիաների իրական նպատակը շատ ավելի խորն է, քան առանձին մարդկանց ազատությունից զրկելը կամ քաղաքական հակառակորդներին լռեցնելը։ Խոսքը Հայաստանում ուժերի հարաբերակցության, ազդեցության կենտրոնների, տնտեսական սեփականության և, ի վերջո, երկրի քաղաքական ու աշխարհաքաղաքական կառուցվածքի վերաձևման մասին է։

Գլխավոր հարցն այն է, թե ինչպիսի Հայաստան է կառուցվում այս ռեպրեսիաների միջոցով, և ում շահերն է սպասարկելու ձևավորվող նոր համակարգը։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ