Ես ու Հայրենիքս
հանդիպեցինք վերակենդանացման բաժնում:
Ինձ սրտից էին խփել, իրեն՝ թիկունքից:
Բժիշկներն անզորությունից
կուչ էին եկել մուտքի դռան ետևում:
Պատուհանի դիմաց արև կար,
արևի վրա՝ ծանոթ պատկեր:
-Մեծարենցն է,-ասաց Հայրենիքը,
և ձեռքս բռնած թռցրեց պատուհանից դուրս:
Բժիշկները գալիս էին մեր ետևից՝
ճերմակ խալաթները շպրտելով հիվանդանոցի
պատերի տակ:
Գարուն էր, մայիս, և բերդաքաղաքի վրա
ծածանվող դրոշի գույներից
խենթացել էին աղջիկները,
տղաները պարիսպների ետևից
թաքուն հետևում էին նրանց,
որոնց ծոցերից հասունացած նուռը
կաթում էր Հայրենիքի թիկունքի սպիացող վերքին,
որից քունքիս վրայով խուտուտ հոսեց:
Ժամանակը համբուրեց իմ ճակատը, Հայրենիքի՝ թիկունքը,
մայիսը ծաղկուն շալ փռեց մեր ոտքերի տակ
և ասաց՝ բերդաքաղաքը սպասում է խրախճանքի,
ժամանակն է սրընթաց ձիերի վարգով
սլանալ արեգակի ուղղությամբ:
Նորայր Գրիգորյան