«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Հնդկաստան-Պակիստան ճգնաժամը

Հնդկաստան-Պակիստան ճգնաժամը
26.04.2025 | 19:08

Հնդկաստանն ու Պակիստանը 1947 թվականից ի վեր երեք պատերազմ ու անթիվ ռազմական բախումներ են ունեցել:

Մշտական վեճի առարկան հատկապես Քաշմիրն է, որի խնդիրն առ այսօր մնացել է չլուծված:

Կոնֆլիկտն ավելի սրվեց 2019 թվականին, երբ Հնդկաստանը վերացրեց Քաշմիրի հատուկ կարգավիճակը, ինչը նոր լարվածության պատճառ դարձավ։

Իսկ այսօր վերոնշյալ երկրների հարաբերությունները մտան նոր, ավելի խորը ճգնաժամային վտանգավոր փուլ:

Պատճառը՝ ապրիլի 22-ին Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն է, որի հետևանքով զոհվել է 26 զբոսաշրջիկ, հիմնականում՝ հնդիկներ:

Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին ահաբեկիչներին հատուկ ծառայությունների միջոցով աջակցելու մեջ, իսկ Պակիստանը կտրականապես հերքում է այն։

Փոխադարձ մեղադրանքները հանգեցրել են Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության կտրուկ աճի:

Արդյունքում՝ Հնդկաստանը դադարեցրել է Պակիստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը, վտարել պակիստանցի դիվանագետներին, փակել է «Աթթարի» սահմանային անցակետը, արգելափակել է Ինդուս գետից ջրերի հոսքը՝ այդկերպ խախտելով Պակիստանի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին 1960 թվականի պատմական համաձայնագիրը:

Պակիստանն այս ամենը դիտարկելով որպես «պատերազմի ակտ» իր հերթին՝ հնդկական ավիաընկերությունների համար փակել է օդային տարածքը, դադարեցրել է առևտուրը Հնդկաստանի հետ և վտարել է հնդիկ դիվանագետներին։

Իրավիճակն ավելի է սրվել, երբ այս ամենին հաջորդեց Քաշմիրի Լիպա հովտում՝ վերահսկման գծի երկայնքով Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունները:

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից, հատկապես Ինդոս գետի ջրերի հոսքի կասեցումը կարող է դիտարկվել որպես ագրեսիայի ակտ, ինչը բարձրացնում է միջուկային հակամարտության ռիսկը։

Պակիստանն անգամ հայտարարել է զինված ուժերի բարձր պատրաստվածության բերելու, ինչպես նաև Հնդկաստանի հետ պատերազմի պատրաստակամության մասին:

Սա լոկ ռազմատենչ հռետորաբանություն չէ:

Այն ուղիղ սպառնալիքի կոչ է:

Սա խոսում է այն մասին, որ անգամ միջուկային բախման վտանգ կա։

Առավել ևս, երբ երկու երկրներն էլ միջուկային տերություններ են:

Այդուհանդերձ, կարծում եմ՝ դրան չի հասնի:

Հնդկաստանն իր հերթին ևս հաստատել է հրադադարի ռեժիմի չեղարկման և պատերազմելու պատրաստության մասին:

Բնականաբար, ստեղծված իրավիճակում չուշացան ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ավանդական դարձած զսպվածության, խոհեմության ու սթափության կոչերն ու հորդորները, խնդիրները դիվանագիտական գործիքակազմով հանգուցալուծելու խորհուրդները:

Բայց արի ու տես՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև ուղիղ երկխոսությունը բացակայում է, ինչը բարդացնում է լարվածության թուլացումը:

Միաժամանակ միջնորդ էլ դեռևս չկա, ով կստանձնի սուր ծայրերը հարթելու, լարված իրավիճակը թոթափելու, հարաբերությունները բարելավելու պատվաբեր գործը:

Հետևաբար, աշխարհը դիտորդի կարգավիճակով լուռ հետևում է կոնֆլիկտի ընթացքին.

արդյո՞ք կհաջողվի կանխել վտանգավոր բախումը, թե՞ տարածաշրջանը կմտնի ավելի վտանգավոր փուլ։

Պակիստանին քաջալերող ու աջակցող երկրներից Չինաստանը դեռ լռում է, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն իսկ ակնարկում են դաշնակցային հարաբերությունների համատեքստում վերջինիս ռազմական ու հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին:

Իրենց հերթին Հնդկաստանին աջակցություն են հայտնել ԱՄՆ-ը, Իսրայելը, ՌԴ-ն, Ֆրանսիան, Իտալիան և մի շարք այլ երկրներ:

ՀՀ արտգործնախարարությունը ևս ցավակցական ուղերձ հղել է Հնդկաստանին:

Այսպիսով՝ Հնդկաստան-Պակիստան ճգնաժամի ներկայիս իրավիճակն ու հնարավոր զարգացումները հուշում են, որ եթե առաջիկա օրերին գերտերությունները կամ տարածաշրջանային խաղացողները կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար ջանքեր չգործադրեն, կամ չուզենան / չկարողանան կիրառել տնտեսական, դիվանագիտական կամ քաղաքական ճնշումներ, ապա խիստ հավանական են օդային և ցամաքային ռազմական բախումները Քաշմիրում՝ հատկապես վերահսկման գծի ողջ երկայնքով։

Ռազմական գործողությունների աշխարհագրությունը կտրուկ կարող է ընդլայնվել՝ ընդգրկելով նոր տարածքներ:

Սա թերևս ամենաիրատեսական սցենարն է:

Համենայն դեպս, հետևենք զարգացումներին:

Հիշեցնեմ, որ Հնդկաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և այսօրվա դրությամբ Հայաստանի բանակի սպառազինության գլխավոր մատակարարը։

Պատերազմի դեպքում խիստ հավանական է հնդկական սպառազինության Հայաստան մատակարարման ընդհատումը:

Հիշեցնեմ, նաև այն, որ Պակիստանն ագրեսիվ մահմեդական պետություն է, միակն է աշխարհում, որը պաշտոնապես չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, միաժամանակ հանդիսանում է Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակից և եղբայրական երկիրը, ըստ պաշտոնական աղբյուրների Ադրբեջանին սպառազինությամբ ապահովող երրորդ երկիրը՝ Թուրքիայից ու Իսրայելից հետո:

Ըստ որոշ, ոչ պաշտոնական տվյալների Ռուսաստանն այդ ցուցակում առաջինն է:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2484

Մեկնաբանություններ