ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

«Երկրի հակառակ կողմը» այսօր վերածվում է պետական դոկտրինի

«Երկրի հակառակ կողմը» այսօր վերածվում է պետական դոկտրինի
18.09.2025 | 16:12

Հայաստանյան «ԳլավԼիտի» գլխավոր ներկայացուցիչը օրերս հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը։ Առաջին հայացքից, տպավորիչ ու խուճուճ ձևակերպումները քանդելով, պարզ է դառնում, որ գործ ունենք հերթական պոպուլիստական ճամարտակության հետ, որտեղ հայեցի և հայկական տարր գրեթե գոյություն չունի։

Արդեն գրեթե յուրաքանչյուր բանական հայի մեջ կասկածի տեղ չի մնում, որ Նիկոլը իրեն դրել է մեր օրերի Էնգելսի տեղը և փորձում է հասարակության մեջ իրականացնել նոր գաղափարաբանական ու արժեհամակարգային ռեֆորմներ։ Նա «կրթվելու» ակցիայի անվան տակ գեներացնում է առաջին հայացքից անմեղ թվացող, բայց իրականում դեգրադացնող ու կեղեքող թեզեր, որոնք կաթիլի նման ծակում են ապառաժը։

Հիմա փորձենք հասկանալ՝ ինչ նարատիվներ են քողարկված այս նախագծում, և ի՞նչ խնդիր է իրականում փորձում լուծել Նիկոլը։

Մասնավորապես, ըստ նախագծի՝ «պետք է հաղթահարվի հայաստանյան հանրության ամենամեծ խնդիրներից մեկը՝ կեղծավորությունն ու ձևականությունը՝ գեղագիտությունը դարձնելով արվեստային և մշակութային ձևերի միջոցով ազնիվ խոսակցություն ճշմարտության մասին»։

Սակայն գեղագիտությունը, որպես հասկացություն, էապես բազմազան և սուբյեկտիվ երևույթ է։ Այն ձևավորվում է դարերի ընթացքում՝ կրելով ժողովրդի, անհատների և մշակութային խմբերի բազմաշերտ փորձառությունը։ Այսինքն՝ պետությունը կամ պետական չինովնիկը չի կարող որոշել, թե որն է գեղագիտական և որը՝ ոչ։ Նման ֆունկցիա պետության վրա ոչ միայն դրված չէ, այլև երբ վերապահվում է «իրականի» սահմանման իրավունքը, ստացվում է, որ փորձ է արվում վերևից թելադրել մշակութային ճաշակ և ուղղություն։ «Ժողբաստիոնը» մոռանում է, որ մի ձեռքով խոսում է ժողովրդավարական հասարակության բաց համակարգի սկզբունքների մասին, իսկ մյուս ձեռքով իրականացնում է քայլ, որը նույնիսկ ԳլավԼիտի օրոք չէին համարձակվում անել։

Նախագծի հեղինակները հայտարարում են, թե «Իրական Հայաստանի գեղագիտությունը» ներառական է և չի հակադրվում որևէ արվեստային ձևի։ Սակայն հենց «իրականի» սահմանումը ենթադրում է, որ գոյություն ունի նաև «ոչ իրական», «կեղծ» կամ «պատշաճ չհամարվող» արվեստ։ Սա անխուսափելիորեն տանում է մշակութային հոմոգենիզացիայի և պլյուրալիզմի սահմանափակման։ Իսկ դա նշանակում է, որ որոշ խմբերի ստեղծագործական մոտեցումները դուրս կմղվեն «իրականի» շրջանակից, որովհետև չեն տեղավորվի նախապես սահմանված նորմերի մեջ։

Նախագծում փաստացի բացասական գնահատական է տրվում Հայաստանի վերջին տասնամյակների մշակութային փորձառությանը՝ այն նույնականացնելով քրեական ենթամշակույթի, պաթետիկ ռազմատենչության և կեղծ հայրենասիրության հետ։ Սա ոչ միայն խիստ սուբյեկտիվ մոտեցում է, այլև անարդարացի՝ իսպառ մերժելով այն մշակութային շերտերը, որոնք նույն ժամանակաշրջանում ստեղծել են արժանահիշատակ և արժեքավոր ստեղծագործություններ։ Պետությունը չի կարող միակողմանի կերպով վերագրել ամբողջ մի դարաշրջանի գեղագիտությունը միայն բացասական երանգներով՝ հարմարեցնելով այն Նիկոլի ճաշակին։

Այսպիսով, «Իրական Հայաստանի գեղագիտության» հայեցակարգը, չնայած գեղեցիկ ձևակերպումներին, իրականում պարունակում է խորքային վտանգներ։ Այն կարող է վերածվել պետական վերահսկողության գործիքի՝ սահմանափակելով արվեստի ազատությունը, խաթարելով մշակութային բազմազանությունը և իդոլոգիզացնելով կրթական համակարգը։ Արվեստը չի կարող թելադրվել վերևից․ այն իր բնույթով անսահմանափակ, հակասական և բազմաձայն գործընթաց է։ Եթե պետությունը ցանկանում է աջակցել գեղագիտությանը, ապա դա պետք է անի ոչ թե սահմանելով և կարգավորելով, այլ ազատ միջավայր և հավասար հնարավորություններ ապահովելով բոլոր ստեղծագործողների համար։

Այսինքն՝ Նիկոլի կողմից ժամանակին հայտարարված «Երկրի հակառակ կողմը» այսօր վերածվում է պետական դոկտրինի։ Իսկ մեկ կարևոր դիտարկում էլ կա․ փաստաթղթի այս ծավալուն տեքստում ոչ մի անգամ չեն հիշատակվում «հայ», «հայկական» և «հոգևոր» բառերը։ Թերևս հենց դա էլ հստակ վկայում է, թե ինչ նպատակով է գրված այս նախագիծը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3270

Մեկնաբանություններ