Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ես խնամքով եմ պահում իմ ծիծաղները, որոնք ոչ մի օր դեռ չեմ գործածել

Ես խնամքով եմ պահում իմ ծիծաղները, որոնք ոչ մի օր դեռ չեմ գործածել
04.09.2026 | 20:01

Գինին, որ այդպես էլ չլցվեց իմ բաժակի մեջ, մի օր կլցվի հիշողությանս դատարկ հնձանի մեջ:

Կմնա ու կթթվի այնտեղ` իմ հիշողության տաք ամառներում: Հո չի՞ կորչելու անհետ, անհիշատակ:

էն հովիտների ծաղիկը, որն այդպես էլ չհայտնվեց իմ ձեռքերում, ոտքի վրա կչորանա ու դեղին սպասում կդառնա հոգնած օրերիս էջերի մեջ:

Ջահել արահետը կգնա, կգնա, կմոլորվի անտառներում ու մի օր էլ հետ կդառնա ծերացած ու մազերը թափված պանդուխտի նման։

Հետ կգա` մոլորված ճանապարհներին կորցրած ինձ:

Կանաչ խոտերը, որոնք իմ ծիծաղներով պիտի ջրվեին, երե՞կ էր, թե՞ առաջին օրը մեռան սպասելով և այդպես էլ պառկեցին քնելու առանց ինձ:

Մի փոշմանած երգ ծնվեց երեկ լուսաբացին, ծղրտաց, իրեն սարուձոր գցեց, բայց ապրելու սիրտ չգտավ:

Հույսը կորցրեց: Գնաց, խառնվեց ջրվեժի երգին ու իրեն ցած գցեց անտառի բարձր ժայռերից: Ընկավ, փշրվեց կաթիլ-կաթիլ, իմ չերգած երգերից էր, հաստատ. աչքերից ճանաչեցի:

Ես խնամքով եմ պահում իմ ծիծաղները, որոնք ոչ մի օր դեռ չեմ գործածել:

Դրանցով մի օր գունավոր բանաստեղծություն կհյուսեմ ու կդնեմ իմ ապրած ու չապրած օրերի գլխին:

֊Ա՛յ կտեսնես...

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ