ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

«Հայկական Նյուրնբերգ» կամ արձանագրություն ապագայից-4

«Հայկական Նյուրնբերգ» կամ արձանագրություն ապագայից-4
20.04.2026 | 15:17

Սկիզբը՝ այստեղ

(տրիբունալ Ծիծեռնակաբերդի բարձունքում)

Ամբաստանյալի վերջին խոսքերը՝ «Ես հաղթեցի ձեզ ձեր իսկ լեզվով», թունավոր նետերի պես մխրճվել էին օդում։ Դահլիճի խեղդող լռությունը ճեղքեց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հանդարտ, բայց զորեղ ձայնը։

- Դու խոսում ես հաղթանակի մասի՞ն,- Տեր Ահարոնը ճաղավանդակում նստածին չէր դիտարկում որպես քաղաքական գործչի, թեկուզ և մաշված ու դուրս գրված։ Հոգևորականի հայացքում դիմացինն ընդամենը պիղծ ոգի էր, որն իրեն երևակայել էր Աստծուց բարձր։- Դու կարող ես կործանել մարմիններն ու ստով գերել տկար մտքերը, բայց երբեք չես հաղթել և չե՛ս կարող հաղթել հայի Ոգուն։ Այդ Ոգին կառուցված է Քրիստոսի անշարժ Ժայռի վրա, որին բախվելով՝ փշրվել են դարավոր փոթորիկները։

Դու փորձեցիր քանդել մեր հավատի տունը և կտրել մեզ հողին կապող սրբազան արմատը՝ մեր Սուրբ Եկեղեցին։ Բայց իմացի՛ր՝ «Լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց» (Հովհ. 1:5)։ Դու ընդամենը խավարի քրքրված էջ ես մեր լուսավոր պատմության մեջ, որն արդեն թերթվում է Աստծո ձեռքով։- Տեր Ահարոնը մի պահ լռեց՝ հայացքը հառելով ամբաստանյալի կարմրատակած ջղաձգվող դեմքին, ապա ավելացրեց,- դու գրոհեցիր Սուրբ Էջմիածինը՝ համոզված, թե խոցելով սիրտը՝ կսպանես մարմինը։ Բայց մարմինը հարություն է առնում, իսկ ոճրագործը դատապարտված է հավերժական մենության ու մոռացության։ Դու կառուցեցիր քո տունն ավազի վրա, և ահա՝ հասել է հեղեղների ժամանակը։

Տեր Ահարոնի խոսքերը, հանց դևի գլխին ցողված սուրբ ջուր, կատաղեցրին ամբաստանյալին։ Նրա դեմքը նորից այլայլվեց, և մոռանալով, թե որտեղ է գտնվում հարձակվեց հոգևորականի վրա իր հերթական սարսափելի խոստովանությամբ՝ այս անգամ փրփրակալած բերանով բացահայտելով Եկեղեցու դեմ մղած սեփական պայքարի իրական դրդապատճառները.

- Ափսոսու՜մ եմ,- բղավեց նա ու ոտքով հարվածեց վանդակին։- Դա իմ միակ իրական ափսոսանքն է այս կյանքում։ Ես քանդեցի բանակը՝ վերածելով ջարդոտած փազլի բեկորների, բարոյազրկեցի և լուծարեցի պետությունը՝ դարձնելով իմ կամքի կցորդը, ես ձեզ զրկեցի հողից, որի վրա կանգնած եք, բայց ափսոսում եմ, ո՜նց եմ ափսոսում, որ չհասցրի վերջնականապես կործանել հոգևոր այն ամրոցը, որը ձեզ դեռ պահում է որպես տեսակ։

Ինձ տրված հանձնարարականը պարզ էր՝ արմատախիլ անել Եկեղեցին։ Որովհետև գիտեինք՝ քանի դեռ կա այդ կառույցը, ձեր մեջ միշտ ապրելու են միայն ծիծաղ հարուցող «սուրբ» և «անձեռնմխելի» հասկացությունները։ Մեզ պետք էր մի ազգ, որի համար չկա որևէ սրբություն՝ բացի սեփական ստամոքսից ու կենդանական վախերից։ Ես փորձեցի ձեզ հանել Եկեղեցու դեմ, ես փորձեցի վարկաբեկել հոգևորականությանը, ես փորձեցի Եկեղեցու պատմությունը փոխարինել իմ ստեղծած «իրական» պատմությամբ։ Բայց այդ հազարամյա պատերն ավելի ամուր դուրս եկան, քան իմ իշխանությունը։

Միայն սա՛ է իմ իրական պարտությունը։ Եթե ես հասցնեի քանդել Եկեղեցին, այսօր ոչ մեկդ այստեղ նստած չէիք լինի և ինձ չէիք դատի։ Դուք կլինեիք անդեմ խառնամբոխ, որը կմոռանար նույնիսկ իր լեզուն։ Ափսոսու՜մ եմ, որ ձեր հոգևոր ողնաշարը կոտրելու համար ինձ տրված ժամանակը չբավարարեց։ Ես ձեզ թողեցի կիսաքանդ, ու դա իմ ամենամեծ ձախողումն է։

- Լսի՛ր, թե ինչ կասեմ, ա՛յ պիղծ,- հանդարտ ձայնով նրան ընդհատեց տեր Ահարոնը։- Դավիթ Բեկը քեզ նման մեկին սատկացնելուց առաջ ստիպեց 70 անգամ արտասանել․ «Լու՛յս Լուսավորչին, մա՛հ դավաճանին», հետո միայն ուղարկեց նրան արժանի տիրոջ մոտ։

Ամբաստանյալը հեգնանքով նայեց հոգևորականին, մոտեցավ ճաղավանդակին ու ճիվաղային կատաղությամբ հեգնեց․

- Խոսում ես Քրիստոսի՞ց, խոսում ես արարիչ Ոգու՞ց,- նրա խելագար քրքիջըտարածվեց դահլիճում, հնչեց դրսում տեղադրված բոլոր էկրաններից։

- Որևէ դավաճան մինչ օրս իր մահով չի սատկել, Հուդան՝ վկա,- հոգեշեղված հիսթերիկին արհամարհանքով ընդհատեց Տեր Ահարոնը։

- Ափսոսու՜մ եմ,- լացախառն վայնասունը դուրս սողոսկեց դահլիճի պատերից։ Ամբաստանյալը մատնացույց արեց հոգևորականներին․

- Բայց ինձ հաջողվե՜ց․․․ հաջողվեց ձեր շարքերից ոմանց․․․ էն ոնց էիք ասու՞մ՝ տիրադավնե՞ր, հանել ձեր իսկ Աստծո դեմ։ Անվերադարձ տրված փողերի օգնությամբ ես առա նրանց։ Վարձկանների միջոցով անձամբ թքեցի ձեր ու ձեր տված մեծ երդումների վրա։ ՈՒ ձեզնից ոմանք մոռացան նույնիսկ ձեր աղոթքի լեզուն։- Հիսթերիկ լացով հարվածեց ճաղերին ու գոռաց թոք-ստամոքսի ողջ տարողությամբ,- ես ատու՜մ եմ ձեր հոգևոր տան պատերը, որոնք ավելի ամուր դուրս եկան, քան իմ իշխանությունը։

Դա՛ է իմ միակ պարտությունը։ Եթե միայն բավականացներ ժամանակը․․. Դուք այսօր, հանուն մի կտոր հացի, աջհամբույրի հերթում ծնկած կլինեիք ոտքերիս մոտ։ Ինձ ձեր հողը պետք չէր, ես ձեր՝ հայի տեսակն էի ուզում ջնջել։

- Ողբամ քեզ,- կանչեց Տեր Ահարոնը։- Ի՜նչ աստիճան թշվառ ես, տգետ ու ատելությունից կուրացած, որ չգիտես նույնիսկ ամենաէականը։ Պիղծ ստորիդ կպատասխանեմ բանաստեղծի տողերով․

Ամեն հայի մեջ «Հայր մեր» կա դաջված,

Ի ծնե հավատք, պայքարներ ու վեճ.

Ամեն հայի մեջ Հիսուս կա խաչված

ՈՒ մի Հայաստան՝ ամեն հայի մեջ։

Դահլիճում բարձրացավ սարսափի ու զայրույթի խլացուցիչ ալիք։ Բոլորի համար պարզ էր՝ նրա թիրախը ոչ թե անձինք էին, այլ հայի Ոգին ու նրա ինքնության հիմնասյունը։

Դատավորը կամա թե ակամա խաչակնքեց և դիմեց ամբաստանյալին․

- Դուք հենց նոր տվեցիք Ձեր դատավճռի ամենածանր հիմնավորումը։ Դուք փորձել եք պատերազմել Աստծո և մեր 1725-ամյա սրբազան ինքնության դեմ։ Ձեր ափսոսանքը մեր հաղթանակն է, քանի դեռ կանգուն է Եկեղեցին՝ Հայաստանը վերածնվելու անմար հույս ունի։

Դատավորը լռեց, ապա խոսուն ու խոնարհ հայացքով դիմեց դահլիճի պատվավոր շարքում նստած Վեհափառ Հայրապետին։

Աթոռից դանդաղ բարձրացավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը։ Նրա հայացքն ուղղված էր առաջին շարքի դատարկ աթոռներին, որոնք այս ողբերգության լուռ վկաներն էին։ Մի պահ նայեց ամբաստանյալին։ Նրա աչքերում ոչ թե ատելություն էր, այլ անհուն ու խոր ցավ, ինչը զգում է հայրը՝ տեսնելով զավակի անդառնալի կործանումը։

- Մոլորյալ հոգի,- հանդարտ խոսեց Վեհափառը,- Դուք վկայեցիք Եկեղեցին կործանելու Ձեր ափսոսանքի մասին և հպարտացաք այս ժողովրդին մոլորեցնելու Ձեր հաջողությամբ։

Դուք փորձեցիք սակարկել այն ամենը, ինչը սակարկելի չէ։ Եկեղեցին 1725 տարի տեսել է բազում բռնակալների, ուրացողների, ովքեր կարծել են, թե իրենք են ժամանակի տերը։ Բայց ժամանակի տերն Աստված է, իսկ պատմության տերը՝ այն ժողովուրդը, որն իր մեջ կրում է սուրբ նախնիների պատգամը։ Դուք չկարողացաք կլանել այդ լույսը, որովհետև խավարը երբեք չի հաղթում լույսին, այն միայն ընդգծում է լույսի զորությունը։

Դուք այդպես էլ չհասկացաք մի պարզ ճշմարտություն. Եկեղեցին լոկ պատերը չեն, և Եկեղեցին նույնիսկ մենք՝ հոգևորականներս չենք։ Եկեղեցին այն անտեսանելի կնիքն է, որը դրված է յուրաքանչյուր հայի սրտում, ով նույնիսկ ամենամութ պահին փնտրում է Լույսը։

Ասում եք՝ Ձեր ժամանակը չբավարարեց քանդելու համար։ Ո՛չ, Ձեզ ժամանակը չխանգարեց։ Ձեզ խանգարեցին Աստծո կամքը և այն նահատակների արյունը, որոնք զոհվեցին՝ խաչը սրտներում։ Փորձեցիք քանդել այն, ինչը Դուք չեք կառուցել և ինչը Ձերը չէր։ Դուք կարող էիք խլել հողը, բայց չկարողացաք խլել Հավատը, որովհետև Հավատը զոհաբերության մեջ է, իսկ Դուք միայն սպառում էիք ու ոչնչացնում։

Այսօր Դուք կանգնած եք այստեղ՝ լիակատար մենության մեջ։ Ձեզ հետ չեն ո՛չ Ձեր կողմնակիցները, ո՛չ Ձեր փողերը, և ո՛չ էլ Ձեր սուտը։

Դուք մերկ եք Ճշմարտության առաջ։

Մենք չենք անիծում Ձեզ, որովհետև Ձեր գործերն արդեն իսկ անեծք են Ձեր և Ձեր սերունդների վրա։

Մենք միայն աղոթում ենք, որ այս դատավարությունը դառնա մեր ազգի մաքրագործումը։

Մենք աղոթում ենք, որ մեր ժողովուրդը վերագտնի իր հավատն ու արժանապատվությունը, որպեսզի Ձեր թողած ավերակների ու մոխիրների վրա կառուցենք այն Հայաստանը, որտեղ Ձեր տեսակն այլևս երբեք տեղ չի ունենալու։

Դուք ափսոսում եք, որ չքանդեցիք Եկեղեցին, իսկ ես ցավում եմ, որ Դուք այդպես էլ չհասկացաք մի պարզ իրողություն. Հայաստանն ինքն իսկ Եկեղեցի է, որի խորանն Արարատն է, իսկ պատարագը՝ մեր նահատակների սուրբ հիշատակը։ Դուք պարտվել եք Հավերժությանը։

Թող Տերը ողորմություն տա մեր նահատակների հոգիներին և սթափություն՝ մեր ազգին։ Իսկ Դուք...

Դուք արդեն մնացել եք պատմության մութ լուսանցքում՝ որպես սպասավորն այն խավարի, որը փորձեց կլանել մեզ, բայց պարտվեց։

Ես միայն կասեմ. «Տե՛ր, նա գիտեր, թե ինչ է անում»։ Նա գիտակցաբար ընտրեց մահվան և ուրացման ճանապարհը։ Որպես մարդ և որպես հովիվ՝ ես չեմ կարող Քեզնից ներում խնդրել նրա գործած ոճիրների համար, քանի դեռ ինքը՝ մոլորյալը, չի զղջացել։ ՈՒստի, Տե՛ր, թող Քո արդար դատաստանը լինի նրա հանդեպ, բայց ներիր Քո ժողովրդին, որ թույլ տվեց չարիքին մոլորեցնել իրեն։

Իսկ նրան... թող Քո ողորմությունը գտնի միայն այն ժամանակ, երբ նա ինքը կսարսափի սեփական հոգու դատարկությունից։

Ամեն։

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ