4-րդ հանրապետության խոսույթը նոր չէ։ Ինձ համար այն երբեք լուրջ չի եղել, բայց պատկերացնում եմ՝ ինչպես են հիմա բիզ-բիզ կանգնում այն մարդկանց մազերը, ովքեր այդ մասին խոսել են տասնամյակներ շարունակ, բայց միանգամայն այլ խորությամբ, շեշտադրումներով ու բովանդակությամբ։ Հանրապետության վերսիան «ափգրեյդ» անելու թեմա կարող էր բացվել այն պարագայում, երբ, օրինակ, որպես ազգ ու պետություն լիարժեքորեն իրացրած լինեինք այս ընթացիկ հանրապետության հիմքում դրված խնդիրներն ու նպատակները և առաջ շարժվելու համար գոյաբանական նոր հիմքերի սուր անհրաժեշտություն զգայինք։ Մեզ մոտ հակառակն է։ Այս մարդիկ ոտքին են գցել, ինչ-որ հնարավոր էր ոտքին գցել, մեղքն էլ հանրապետության վրա են բարդում։ Դեռ մի բան էլ ասում են, թե մեր մայրերն ու տատերն են իրենց նման բան անել պատգամել։
Հիրավի, Արամ Մանուկյանի՝ այս հանրապետության հռչակագիրը հրապարակած գործչի ասածն է՝ ուղտի բեռը էշի վրա դնելու հետևանք է սա։
Դե ինչ արած, մարդը «ջախջախման հայրը» լինելուց բացի ինչ-որ մի ուրիշ բանի հայր էլ է ուզում լինել՝ դիցուք 4-րդ, 7-րդ․․․ հանրապետության, Երևանի խանության, Իմարաթ ալ-Արմինիայի․․․ որևէ բանի։
Իմ մազերն էլ են բիզ-բիզ կանգնում, հետո հիշում եմ իշխանության էլեկտորալ աջակցության գործակիցն ու արտաշնչում։ Այն գուցե և հերիք է հաջորդ ընտրություններում չպարտվելու համար, բայց դպրոցի հանդերձարանի կախիչի հարցից ավելի լուրջ խնդիրներով զբաղվելու համար ակնհայտորեն բավարար չէ։ Սա էլ կանցնի կգնա։ Իսկապես մտահոգիչը խաղաղության պատրանքի սերմանումն է։ Առաջ տասնամյակներ շարունակ մեզ ասվում էր, որ կռիվ չի լինելու, որովհետև ռուսը չի թողնի։ Երբ Ռուսաստանը սկսեց Բաքվին աննորմալ խմբաքանակներով զենք մատակարարել, ասում էին՝ նորմալ է՝ մեր դաշնակիցն է, կախվածության մեջ է գցում։ Հետո, եթե ուրիշ տեղերից սկսի ձեռք բերել, չենք իմանա՝ ինչ է գնել ու որքան։ Սրա տակ մեծ ցանկության դեպքում ինչ-որ տրամաբանություն տեսնել կարելի էր։ Այդ տրամաբանությունը, սակայն, չէր կարող հաշվի առնել համաշխարհային համավարակը, Թրամփի առաջին պաշտոնավարումը, Թուրքիայի դերի շեշտակի բարձրացումը Ռուսաստանի համար՝ պայմանավորված ՈՒկրաինա մտնելու իր պլաններով, որոնք ըստ ամենայնի արդեն կային 44-оրյա պատերազմի նախաշեմին, և հազար ու մի այլ գործոն, որ պատերազմի համար քաղաքական հնարավորությունների պատուհան բացեցին։
Հիմա մեզ ասվում է, որ խաղաղություն է, ու կռիվ չի լինելու, որովհետև Վաշինգտոնում թղթեր են ստորագրվել։
Չեմ բացառում, որ տեղի ունեցածը իսկապես ինչ-որ իմաստով, եթե չի էլ փակել մեզ վրա այս պահին հարձակվելու հնարավորությունների քաղաքական պատուհանը, ապա գոնե նեղացրել է այն։ Նեղացրել՝ բացառապես այս պահին բնորոշ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի համատեքստում, որը խիստ հարափոփոխ է ու անկանխատեսելի։
Խաղաղության իրական երաշխիքը բացառապես, միայն և միայն․․․ ՄԻԱՅՆ և ՄԻԱՅՆ ռազմական պոտենցիալների պարիտետն է՝ Հայաստանի դեպքում՝ այսպես կոչված բացարձակապես անընդունելի ռազմական վնասի հայեցակարգը, երբ քեզանից երեսնապատիկ խոշոր հարևանդ հասկանում է, որ իհարկե կարող է քեզ հաղթել, բայց գինը, որ վճարելու է, չեզոքացնելու է հաղթանակի բերկրանքն ու կիրառական արդյունքները։
44-օրյա պատերազմի ավարտին իրատեսական գնահատականն այն էր, որ բանակն ու ուժային համակարգը ուշքի բերելու համար 10 տարի է պետք։ Այդ 10 տարվա կեսն արդեն անցել է։ Ի՞նչ եք արել:
Գարեգին ԽՈՒՄԱՐՅԱՆ