ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Պատարագը խանգարելը ապստամբություն է Աստծո դեմ

Պատարագը խանգարելը ապստամբություն է Աստծո դեմ
29.12.2025 | 18:08

Եթե դիտարկենք Սուրբ Պատարագի ընթացքում «բողոքի» ակցիա անցկացնելու, ընթացքը խաթարելու կամ եկեղեցում աղմկելու կոչերը քրիստոնեական վարդապետության տեսանկյունից, ապա դրանք հակասում են Աստվածաշնչյան մի քանի հիմնարար պատգամների և սկզբունքների: Եկեք քննենք.

1. Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստծո տունը աղոթքի և խաղաղության վայր է. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի» (Մատթ. 21:13)։ Տեր Հիսուս Քրիստոս տաճարից դուրս հանեց նրանց, ովքեր այնտեղ աղմկում էին և առևտուր անում՝ հիշեցնելով, որ տաճարը սուրբ է։

2. Եկեղեցում դիտավորյալ աղմկելը կամ Պատարագը խանգարելը համարվում է սրբապղծություն, քանի որ դա ոչ թե մարդու, այլ Աստծուն մատուցվող երկրպագության դեմ է ուղղված։

3. Աստվածաշունչը կոչ է անում պահպանել պատկառանքն ու հարգանքը հոգևոր առաջնորդների հանդեպ. «Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց» (Եբր. 13:7):

4. Կաթողիկոսի անունը հիշատակելը Պատարագի կանոնական մասն է, և այնտեղ խռովություն սերմանելը հարված է եկեղեցական միասնությանը։

5. Կաթողիկոսի անունը Ս.Պատարագի ժամանակ հիշատակվում է երեք անգամ, այդ թվում որպես աղոթք: Աղոթքի դեմ կարող է լինել միայն սատանան: Այսինքն, աղոթքին խանգարելը Աստծո հակառակորդի` սատանայի գործն է:

6. Քրիստոնեության առանցքը սերն է, նույնիսկ թշնամու հանդեպ, և ոչ թե ատելության կամ լարվածության հրահրումը. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն» (Մատթ.5:9)։ Իսկ խռովարար մասնակիցը պղծելով Սուրբ Խորհուրդը առաջնորդվում է հակառակության ոգով, որը չարից է:

7. Եկեղեցու ներսում գժտություն և աղմուկ հրահրելը հակասում է Սուրբ Հոգու պտուղներին, որոնք են՝ «սէր, խնդութիւն, խաղաղութիւն, համբերութիւն,

քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն» (Գաղ. 5:22-23):

8. Երբ հավատացյալը գալիս է եկեղեցի աղոթելու, և նրան խանգարում են, դա համարվում է գայթակղություն, որը ծանր մեղք է. «Վա՜յ նրան, որի ձեռքով կը գայ։ Նրա համար լաւ կը լինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր, քան թէ այս փոքրիկներից մէկին գայթակղեցնէր» (Ղուկ.17:1-2)։

9. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է այն միակ վայրը, որտեղ հայ մարդը, անկախ իր քաղաքական, հանրային, անձնական հայացքներից, Աստծո ներկայության մեջ գտել է խաղաղություն, մասնակցելով փրկչարար խորհուրդներին: «Բողոքի» ակցիա անելը Ս.Պատարագին Աստծո հանդեպ անպատկառություն, անարգանք է, որն անհետևանք չի կարող անցնել խռովարարի համար: Ավետարանում Տեր Հիսուսն ուղիղ ասում է, որ մարդ իր չար արարքների համար պետք է վախենա Աստծուց (Մատթ. 10:28, Ղուկ. 12:5)։

10. Ս.Պատարագի կարգը խանգարելը հակասում է Պողոս առաքյալի նորկտակարանյան պատգամին. «Ձեր ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի թող լինի» (Ա Կորն. 14:40)։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ս.Պատարագի խորհուրդին աղմկելը, վանկարկելը, բղավելը, «բողոքի» ակցիա անցկացնելը սրբապղծություն է, Աստծո հանդեպ անպատկառություն, անարգանք, որն անհետևանք չի կարող անցնել խռովարարի համար: Նա ընկնում է գայթակղության ծանրագույն մեղքի տակ, որը տանում է հոգևոր մահվան: Աստվածաշունչը զգուշացնում է. «Ով իր ականջը շեղում է, որ չլսի օրէնքը, նա ինքն է պղծում իր ուխտը։ Ով ուղիղներին մոլորեցնում է չարի ճանապարհով, ինքն է ընկնելու ապականութեան մէջ» (Առակ. 28:9-10)։ Ամփոփելով ասենք, որ ըստ Աստվածաշնչի՝ Ս.Պատարագը խանգարողը իրեն դնում է Աստծո դատաստանի տակ, զրկվում է հոգևոր խաղաղությունից և պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր գայթակղված հոգու համար։ Խռովարարի աղոթքը լսելի չէ Աստծո համար, նա գալու է եկեղեցի իր դատապարտությունը ստանալու համար: Եկեղեցական իրավունքի տեսանկյունից՝ Պատարագը խանգարելը համարվում է ապստամբություն Աստծո դեմ։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 211

Մեկնաբանություններ