Տարածված խոսք կա, թե ամենաշատ ու ամենամեծ ստերն ասվում են ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո: Բան չունեմ ասելու, միջազգային փորձաքննություն անցած ճշմարտություն է, բայց մերօրյա իրականության մեջ խմբագրական միջամտության կարիք ունի: Ըստ այդմ, քաղպայմանագրային Հայաստանում ամենաշատ ու ամենամեծ ստերն ասվում են ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ և ընտրություններից հետո: Այլ խոսքով՝ պերմանենտ ստախոսության ոսկեդար ենք թևակոխել: Սուտը ոսկով է չափվում ու որքան մեծ եղավ, այնքան ներքև է իջնում կշեռքի նժարը: Թե ինչ ծավալի ստեր է դրել նժարին «Ոսկե հորթ» աղանդի հետևորդ այս իշխանությունը, և ինչ քանակի ոսկով է փոխհատուցվել տոտալ ստախոսությունը՝ հաշվելն անհնար է: Ընդ որում, շատ էլ մեծ չէ տարբերությունը, թե երբ են հնչել դրանք՝ ընտրություններից առա՞ջ, ընտրությունների ժամանա՞կ, թե՞ հետո: Կարևորն այն է, որ հնչել են ու հիմնավորապես տեղավորվել առողջ դատողության հետ հաշիվները մեկընդմիշտ փակած գլուխներում: Չլինեին այդ պատրաստի գլուխները՝ ստեր գեներացնող ֆաբրիկան չէր շարունակի իր ութամյա անխափան գործունեությունը, այսօր էլ հարահոսը հերթական սենսացիան չէր թողարկի: Պարզվում է (նյարդայինները լքեն դահլիճը)՝ հայրենական ռազմարդյունաբերությունն այնպիսի նվաճումների է հասել, որ ռազմական տեխնիկա է արտահանում այլ երկրներ և մրցունակ է դարձել նաև այս ոլորտում: Հավաքված գլուխներից որևէ մեկն, իհարկե, չհարցրեց՝ իսկ այդ տեխնիկան միայն փամփուշտնե՞րն են, թե՞ հայրենական արտադրության տանկ էլ ունենք արդեն, բայց չեք ասում, որ չուզողներն աչքով չտան: Կամ գուցե ռուսական արտադրության «Իսկանդե՞րն» եք արտահանել (մեկ է՝ 10 տոկոսով էր կրակում, համ էլ, ու՞մ դեմ էինք օգտագործելու, մեզ մոտ խաղաղություն է): Այսպիսի անհարմար, սադրիչ հարցեր հավաքվածների մտքով չի էլ անցնում, ուր մնաց՝ բարձրաձայնեն: Փոխարենը՝ երջանիկ են անչափ, որ ռազմարդյունաբերական ապահով երկրի քաղաքացիներ են, և ոչինչ չի սպառնում իրենց անվտանգությանը:
Աշխատե՞ց կեղծիքի հանրայնացման տեխնոլոգիան: Աշխատեց: Ճիշտ այնպես, ինչպես աշխատում է «Պատերազմի եռագլուխ կուսակցության» միֆը, որով ընկնավորեցնում են անգլուխ գլուխներին (այդպես մի ժամանակ երեխաներին էին վախեցնում «մեշոկ պապիով», համակարգչային դարի երեխաները սեփական գլուխ ունեն):
Ի դեպ, «եռագլուխ կուսակցության» գլուխներից մեկն այսօր «ռազմարդյունաբերական» սպառնալիք է հնչեցրել «ոսկե հորթուկների» պարագլխի ուղղությամբ, ինչը հարկ եմ համարում մեջբերել բառացի. «Հիմա Հայաստանի ղեկավարը մի մարդ է, ով վախկոտ է, ստախոս և կզած։ Սա ռումբ է Հայաստանի հանրապետության տակ։ Համարեք, որ «Հայաստան» դաշինքը սակրավորների խումբ է, որը պետք է այդ ռումբը վնասազերծի»:
Դեռ ինչեր են լինելու ստախոսության մարաթոնի և վնասազերծման արշավի ընթացքում՝ կարելի է միայն ենթադրել: Հաստատապես տեսանելին «կամ-կամ»-ի ընձեռած, թերևս, վերջին հնարավորությունն է: Երևի նման մի երկընտրանքի պահին է Հրանտ Մաթևոսյանը գրել. «Թե գլխարկդ գլխիցդ տարան՝ տարան, թե չտարան, ուրեմն, դեռ գլխիդ է»:
Գլխարկը դնելու տեղը չկորցնենք, մոլորեցնողները հերթի են կանգնել:
Ընտրություններին էլ մնաց 13 օր:
Լիլի Մարտոյան
։