ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Գրաֆիտի աշնան որմերին

Գրաֆիտի աշնան որմերին
02.11.2025 | 12:10

Տերևները փոքրիկ կտավներ են,

որոնց վրա ծառերը նոր գուներանգներ են հորինում.-

ահա կարմրավունը ուր որ է դեղինից շղարշ կթռցնի,

կանաչը ժպտում է իր դիմափոխված ընկերներին,

իսկ դարչնագույնը փակվում է խոժոռ միայնության մեջ…

Գունաբա՜ն ծառեր, երանգագե՜տ ծառեր,

որ հա՛ պատրաստվում են վաղվա շնորհանդեսին:

Բայց կան պատկերներ, որ ցոլցլում են լիակատարությամբ՝

ասես դուրս բերված ծաղկողների հին արվեստանոցից:-

Ծեր կինը, ահա, կանաչ տերևներ է քաղում չինարուց

և փոքրիկ փնջով խորանում կորվող պուրակն ի վար,-

գուցե ուզում է անմեղ նվերով սիրաշահել մի քիչ

իրեն ուղեկցող սև հրեշտակին:-

Ծերուհուն հեռվից հետևում է ծպտյալ դուդուկահարը:

Երիտասարդ զույգը կարմիր տերևներ է պոկում կաղամախուց,

որոնցից մեկը աղջիկը դնում է գրքի մեջ՝ որպես թանկ էջանշան,-

հիշողության հետ հաշտ ու մտերիմ են սերն ու ներումը:

Իրարից անկախ ժիր ճռվողում են երեխաներն ու

սարյակները, սակայն - նրանք միացյալ մի երգչախումբ են,

որին չափ է տալիս կեսօրվա արևը ճերմակավուն,- նա գիտե՝

ինչպես աշնան սրտից հանել հուզիչ մեղեդիներ:

Իսկ ջահել մայրը կանչում է թփերի հետ խաղացող մանչին,

և ձայնը նրա ալիքվում է օդում - հոբոյի զգոն ,,լյա,,-ի նման.-

աշխարի ձայները միշտ պետք է ստուգել մայրերի կանչով:

Փոքրիկ եկեղեցու գավիթը լի է չոր տերևներով,

իսկ գմբեթի հեզ աղավնիները վառվող մոմերի ծուխն աննկատ

հերթով ձգում են դեպի երկինք:- Աշունը զգում է հավատավորների անեղծ իղձերը, նրանց համար է հոգեպահուստն իր – գոհության ոսկե մանյակներով:

…Հիշեցի՝ անցվոր եմ էս վայրերում և իմ ժամանակը

չափում չունի էստեղ:- Զգույշ հենվում եմ դեղնող օրվա ուսին,

տեսնում արտացոլքս մտացրիվ աշնան հայելու մեջ,-

մի՞թե կարող է հարազատը էսքան օտարական դառնալ

ծանոթ, վայելած, ծիծաղկուն գույների շրջապատում,-

և հայելու մեջ, իբրև խորապատկեր, նշմարվում են - ինչպես

կարմիր պարաններ են ճոճվում գալիքից, բայց ավելի շատ՝

էնտեղ ներկայի գորշ արցունքներն կան

և անցյալից եկող երամներ կապույտ:

30.10.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գեղանկարը՝ Նիկա Պողոսյանի

Դիտվել է՝ 302

Մեկնաբանություններ