1
Ես ակունքների կարմրախայտ էի
և կապտածիծաղ ջրերի ձկնորս,-
աշնան հեղեղը ինձ հունից հանեց,
իմ կարթը տարավ ալիքը ցասկոտ:-
Համրախոս օրեր եկան անարփի,
վտառս ցրվեց ահաբեկ, մինչդեռ
ես թփրտում եմ հեղեղատ ափին
և… ուռկաններից հանում նայադներ:
2
Որքան էլ առաջ, հեռուն նայես դու շեշտ ու ուղղակի,
կրկնաշեշտակի դու ետ ես նայում,-
նախաելակետ ունես ի վերուստ,
իսկ անվանակիր վերջակետ Տերը չի շնորհի քեզ,-
թափառ ոգի ես, կորած աստղի շող:
3
Բլուր առ բլուր, հովիտ առ հովիտ և տուն առ տուն
դու տեղագրել ես պատկերը Վայրիդ սրտի ատլասում,-
Նրա անբասիր հպատակն ես դու, ուխտյալը համակ,
հուշատարածքի ձևավորող ես, հարկավ՝ քանքարոտ:-
Բայց միտքը հաճախ սայթաքում է կույր շրջադարձերին,
կաթված է խփում և անպարտ ոգուն,-
դու ընդամենը մոլորված շունչ ես խոր թավուտներում,
քեզ տեղ չի հասցնի ոչ մի համառ կանչ, նշան-ուղեցույց,
չի՛ փրկագնի քո գերյալ ուղին ոչ մի բարեգործ:-
Դու լուսնյակի պես դեռ պիտի անցնես օտար երկնքով:
4
Ասա՝ «Հարություն կտամ երազիս
և մեռած սիրուս հարություն կտամ»:
Ասա՝ «Կգտնեմ ոսկյա բանալին
և ելից դուռը անշո՛ւշտ կգտնեմ»:
Ասա՝ «Կխաղամ ընկած աստղի հետ
և լեռների հետ կխաղամ զվարթ»:-
Ասա, որ Հա՛յր ես, մաքրածին Որդի՛,
հոգի՛ն ես, ասա՛, մայրաջուր գետի…
Քո խոստման մեջ է Աստված խոնարհվում:
Քո մրմունջից են զանգերը հնչում:
14.08.2025 թ․
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ