ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. «ՀՀ նախագահ ընտրվելու առիթով Ձեզ եմ ուղղում անկեղծ շնորհավորանքներս և Ձեր առաքելության իրականացման լավագույն մաղթանքներս: ՈՒրախ կլինեմ Ձեզ հետ աշխատելու պատմական վաղեմի կապերի վրա հիմնված, կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակությունների մակարդակով քաղաքական առանձնաշնորհյալ կապերով պայմանավորված մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
Վերջերս ԵՄ-ի հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի բանակցություններին իր գործուն մասնակցությունը ցուցաբերեց Ֆրանսիան, նոր դինամիկա է հաղորդում, որը, հուսով եմ, կարտահայտվի մեր երկու երկրների միջև ներդրումների և առևտրատնտեսական հարաբերությունների վերելքով: Հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն ընձեռում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապերը խորացնելու, հատկապես Հայաստանում ֆրանսիական համալսարանը և ֆրանսիական դպրոցը զարգացնելու, աշխատանքների ավարտից հետո մշակութային ցուցափեղկ դառնալու կոչում ունեցող Շառլ Ազնավուրի կենտրոնի միջոցով Հայաստանում ֆրանսերենն ամրապնդելու եզակի հնարավորություն: Ձեր կողքին Ֆրանսիան կապահովի գագաթնաժողովի հաջողության իր բաժին մասնակցությունը: ՈՒրախ եմ վերջինիս մասնակցելու և այդ առիթով Հայաստան այցելելու համար: Կցանկանայի հավաստիացնել, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցված և կայուն լուծում գտնելու գործընթացին»:
Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաև Մարոկկոյի թագավոր Մոհամադ Վեցերորդը, Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանը, Կուբայի նախագահ, Ռաուլ Կաստրո Ռուսը, Թունիսի նախագահ Էլ Բեջի Կաիդ Էլ Սեբսիը, Սլովակիայի նախագահ Անդրեյ Դանկոն: