Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Դասականների դասը

Դասականների դասը
19.10.2025 | 14:44

Կոստան Զարյան

Հայության կոչումը

Արդ` հարց է ծագում, մենք` հայերս, կանգնած երկու այդ հսկա աշխարհների` մշակութային Արևելքի և քաղաքակրթական Արևմուտքի միջև` ի՞նչ կերպով պիտի կարողանանք իրագործել մեր պատմական ճակատագիրը:

Պիտի կառչե՞նք մեռնող եվրոպական քաղաքակրթության, թե՞ առաջին պլանի վրա կանգնած` արևելյան մտքի նոր ճառագայթումի և նոր ստեղծագործական թափին հետ, պիտի հանդիսանանք ներուժ մշակութային կենդրոն: Պիտի կրկնե՞նք մեր նախնիքների սխալը, թե՞ գիտակցորեն, հերոսաբար, պիտի կարողանանք` հակառակ մեզ շրջապատող անողոք պայմաններին` դրսևորել մեր ազգային եսը, ընդունել պատմությունից մեզ վիճակված խորհրդավոր, հակատրամաբանական ճակատագրական դերը:

Քաջությունը ունենանք խորհելու և նաև քաջությունը ունենանք համարձակելու:

Մեծ մշակույթները առաջ են եկել միշտ էլ հակառակ առարկայական, հակառակ տնտեսական և քաղաքական պայմաններին: Մշակույթը, եթե ուզում եք, հոգեկան արկածախնդրություն է. վսեմ մի խենթություն, որով տիեզերքը գալիս գտնում է իր իմաստը: Մշակույթը պահանջում է մեծ ճիգ, հավատք և զոհաբերություն` առաքինություններ, որով հայ ժողովուրդը լիովին օժտված է: Այլապես կարելի չէ հասկանալ նրա ամբողջ պատմությունը, նրա դարավոր մարտիրոսությունը, նրա թափած արյունի համաշխարհային իմաստը:

Եթե մենք հայերս, կուրորեն ենթարկվենք ներկա քաղաքական պայմաններին, մեզ վիճակված է ռուսական ապագա հսկա տնտեսական կազմակերպության մեջ չնչին արտադրողի դիմազուրկ և աղքատիկ վիճակ:

Երբ այս օրվան հայ համայնավարները` չնայած ժամանակավոր և երևութական զիջումներին` աշխատում են ազգային և կրոնական զգացումը միանգամայն քանդել, հայ գաղթականները ցրել Ռուսաստանում, և երկիրը վերածել տնտեսական միավորի, նրանք գործում են տրամաբանորեն և հավատարիմ իրենց իդեալին: Նրանք ուրանում են մշակութային արժեքները և իբրև բուրժուական դրամատիրական մտքի ծայրահեղ ներկայացուցիչներ, ձգտում են բոլոր տարրերը ձուլել, որոշ արդյունաբերական նպատակների համար: Եվ պետք չէ զարմանալ, երբ հայ վաճառականները և արտասահմանյան հարուստները իրենց ծարավ աչքերը հառում են համակրանքով դեպի համայնավարությունը:

Գայլը ճանաչում է իր ձագին: Այրվող տան փլատակների վրա նրանք տեսնում են ապագա կարելիություններ: Նույն ցեղի և նույն մտայնության մարդիկ` նրանք գիտեն, որ իրենց կռիվը ժամանակավոր է, թյուրիմացությունը կանցնի և ձեռք ձեռքի տված նրանք միասին կաշխատին:

Նրանց աշխարհայացքը նույն տարրերից է կազմված, նյութապաշտ են, ուրանում են վերացականը, հոգեկանը, ուրանում են մշակույթը:

Սակայն, բավական է թեթև հայացք նետել մեր քարտեզի վրա, ըմբռնելու համար, որ մեր երկիրը մեծ արդյունաբերական ապագա չունի: Հայոց աշխարհը, ինչպես Հիմալայի ստորոտը և Հռոմեական բլուրները, գերազանցապես կրոնական է: Աշխարհը խաչաձևող տնտեսական ճանապարհներից դուրս` դրանք հանդիսանում են իբրև խորհրդավոր կետեր, ուր երկրագունդը մի վայրկյան կանգ է առնում և երկար շնչում:

Մեր հոգեկան սնունդը Արարատից է գալիս` չոր ու ցամաք, տնտեսապես անպետք մի լեռ:

Եվ ի զուր չէ, որ հայ ժողովուրդը պատմության մեջ չտեսնված չարչարանք է կրել, միլիոնավոր զոհեր է տվել, ծով արյուն է թափել` այդ լեռը չկորցնելու համար:

Եթե մենք ուրանանք մեր անցյալը, դավաճանենք մեզ, և հետևելով իրապաշտ առաքյալների դավանանքին, ընդունենք քաղաքակրթական շուկայում մեզ վիճակված փոքրիկ խանութպանի դերը, մենք կստորագրենք մեր մահը: Հայաստանը կլինի, ինչպես այսօր, Մոսկվայի առջև դողացող մշտնջենական մուրացիկ, որը պետք ունի դրամագլխի, որպեսզի աշխատի, պետք ունի շուկայի որպեսզի ծախսի, պետք ունի դրական գիտության, որպեսզի մտածի:

Ես ուրանում եմ ծխնելուզային և ստամոքսային այդ Հայաստանը:

Մեր երկիրը այն բախտավոր ծայրերիցն է, որոնք չեն կերակրում, այլ կերակրվում /են/: Այդպես էր Աթենքը, այդպես էր մասամբ Հռոմը և այդպես է Արևելքի մեծ մասը: Ուստի, հայ լինելը պահանջում է մեծ ճիգ, հոգեկան կենդրոնացում, զոհաբերության ոգի, խոր հավատք և առաքելական մոլեռանդություն:

Արևմուտքը խենթացած գազանի նման, քերում է երկրագնդի մակերեսը նոր գանձեր գտնելու համար, և անգիտակցաբար փորում է իր գերեզմանը: XVIII դարից նա ժառանգել է նյութապաշտ իմացականության դյուրին զենքը, որով կարողանում է հաղթել բնության տարրական ուժերին: Նա ուրանում է հոգեկան արժեքների ավանդական շաղկապումը, մարդը իրի է վերածում, ազգությունը` տնտեսական ազդակի ու խորհուրդը` նախապաշարումի: Ու իր ծոցից դուրս եկած լավագույն խորհողները` Շպենգլեր, Կայզերլինգ և շատ ուրիշներ, վկայում են նրա մոտավոր մահը:

Բոլշևիզմը ծնված է ոչ թե, ինչպես շատերը կարծում են, ինչպես առաջ կարծում էի ես ևս, վերջին հարվածը տալու համար մեռնող այս աշխարհին, այլ ընդհակառակը, բռնության ուժով շարունակելու համար նրա հոգեվարքը:

Նոր մշակութային շրջանը սկսվում է Արևելքում: Չմոռանանք, որ քրիստոնեությունը առաջ եկավ Հրեաստանի ամենահետամնաց և աղքատիկ գավառի մեջ, Հռոմեական կայսրության հզորագույն դարում:

Հայոց աշխարհը, արյունի և մահի ողբերգական այդ երկիրը այլևս հղի է բոլոր կարելիություններով: Արարատի աստվածաշնչական ոգին պատրաստ է ճառագայթելու նրա թաքնված ստեղծագործական թափը, հսկա սերմի նման պայթելու վրա է, ու դարը մոտենում է, երբ վերջապես հայ ժողովուրդը պիտի գտնե ինքն իրեն: Լինի այն, ինչ որ է: Կատարի իր դերը, ասե իր խոսքը:

Մեզ վիճակված է ապրել բարձրավանդակի վրա: Մեր դաշտերը և մեր լճերը մագլցում են դեպի լեռը: Վա՜յ մեզ, եթե վար իջնենք, կ’ընկնենք արդի քաղաքակրթության ծխնելույզի տակ, մեքենայի մաս կը դառնանք կամ խանութպան:

Հայաստանում դեռ հովիվներ կան: Նրանք ճանաչում են աստղերը և քաջ գիտեն բոլոր ճանապարհները:

Մշակույթը հովիվների գիտություն է:

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ