Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Վազգեն Ասատրյանը ժամանակի մեքենա է հայտնագործել

Վազգեն Ասատրյանը ժամանակի մեքենա է հայտնագործել
24.02.2014 | 21:57

Հայի «նախեղակ» ժպիտը

«Կրկին երգում է 70-ականների Երևանը» երկօրյա տոնն ավարտվեց: Ավելի ճիշտ ընդմիջվեց, Մարտին Վարդազարյանի մեկնաբանությամբ, մինչ հաջորդ հանդիպում: Արամ Խաչատրյան համերգասրահում իսկական տոն էր, ուր դժվար էր տարորոշել իրականության ու կարոտի ժամանակային սահմանները:

Բեմից հանդիսատեսին նայող պրոյեկտորը հին Երևանի ու արվեստագետ երևանցիների պատկերաշարն էր ցուցադրում, բեմում երգում ու նվագում էին լեգենդար ու լեգենդ դառնալուն միտված արտիստները` Մարտին Վարդազարյան, Երվանդ Երզանկայն, Արամ Սաթյան, Արմեն Հյուսնունց, Գեորգի Մանգասարյան, Ժան Տատլյան, Ռադիկ Գաբրիելյան, Վահագն Հայրապետյան, Արամո, Էռնա Յուզբաշյան, Սյուզան Մարգարյան, Գայանե Հովհաննիսյան, այլք: Նրանց կողքին նորահայտ, բայց ոչ բեմում անհաստատորեն խարխափող անուններ էին` Մաշա Մնջոյան, Մարինե Հակոբյան, Սուրեն Առուստամյան:
Համերգային ողջ երեկոն երևանյան հին, բարի ժամանակների վերապրումի հուզիչ տոնահանդես էր, որն իր գեղեցիկ հայերենով վարում ու բառիմաստավորում էր Սուսաննա Շահինայնը` ոչ թե պարզապես ներկայացնելով ու բեմ հրավիրելով այս կամ այն երաժշտին, այլ նրանց և հանդիսատեսի շփումն իր հետաքրքիր պատմություններով դարձնելով առավել ուշագրավ, առավել կենդանի ու ապագայի համար որպես հուշ` առավել շոշափելի:
Ցանկացած իրողություն, լինի համերգ, թատերական ներկայացում, գեղանկարչական ցուցահանդես, թե պարզապես երկու մարդու մտերմիկ հանդիպում, ունենում է իր բնականոն ընթացքը` անխուսափելի վերելքներով ու վայրէջքներով: Առավել ևս դրանք անխուսափելի են, եթե ապավինել ես «Երգում է 70-ականների Երևանը» նախագծի հեղինակ, համանուն նվագախմբի ղեկավար Վազգեն Ասատրյանի ֆանտաստիկ երևակայության թռիչքին ու ճամփորդում ես ժամանակի միջով` բազմած նրա հայտնագործած յուրօրինակ ժամանակի մեքենայի հարմարավետ թափքում, ու հայտնվում ես 70-ականների սիրելի Երևանում: Զարմանալի է այդ մարդու նվիրումն իր առաքելությանը: Դա նվիրում է ոչ թե գործին, այլ սիրուն, կարոտին, բաղձանքին, նվիրում, որն ի հեճուկս տեխնիկայի պատճառած տհաճությունների, ոչ մի կերպ չի խամրում, չի մթագնում, չի դավաճանում այդ ռոմանտիկ մարդուն:
Համրգային երեկոն անմոռաց էր իր բոլոր կատարումներով, էկրանից այն ուղեկցող բոլոր դրվագներով, սակայն երևանյան հանդիսատեսը մի առանձին սիրով և կարոտով դիմավորեց և ծափահարեց ոչ պակաս սեր ու կարոտ իր մեջ ամբարած մեր աննման երգչուհուն` Զառա Տոնիկյանին, որը համերգից առաջ խոստովանել էր, թե այնքան է հուզված իր հանդեպ հանդիսատեսի տածած ջերմությունից, որ վախենում է այդ հուզմունքը խանգարի կատարումների ժամանակ: Բայց ի՞նչը կարող է խոչընդոտել այդ բեմն ու բազում այլ բեմեր մանրամասնորեն սերտած, հաղթականորեն նվաճած իսկական աստղին (այս չարչրկված բառը որքա՜ն է գեղեցկանում և իմաստավորվում, երբ գործածվում է ճիշտ առիթով, ճիշտ տեղում), ում կատարմամբ հնչած Արամ Սաթյանի «Կապույտ երազ», Մարտին Վարդազարյանի «Այս հասակում», Մելիք Մավիսակալյանի «Պայծառ արեգակ» երգերը այնքան վաղեմություն ու այնքան թարմություն էին կրում իրենց մեջ, որ կարծես թե մենք Զառային ընդամենը երեկ էինք լսել վերջին անգամ, ու չէր եղել այդ դաժան, հարկադրված խզումը սիրելի արվեստագետի հետ: Նույն զգացողությամբ հանդիսատեսը վայելեց Էռնա Յուզբաշյանի, Ժան Տատլյանի կատարումները: Ոգևորիչ էր, որ նրանց հերթափոխն է արդեն հաղթարշավում բեմում, ու տրամաբանական է նույն հարթության վրա նրանց կողքին տեսնել երիտասրադներին: Ցանկանում ենք հատկապես ընդգծել Սուրեն Առուստամյանի կատարումը: Բայց կրտսեր սերնդի ամենավառվռուն ներկայացուցիչը համերգի երկրորդ բաժնում դեռ պիտի հասցներ շիկացնել մթնոլորտը` անհնարինության աստիճան: Մանկահասակ ու փոքրամարմին մի աղջնակ, որ դեռ այնքա՜ն ճանապարհ պիտի անցնի իր կարելիությունների բարձրակետին հասնելու համար, արդեն իսկ կարողացավ թնդացնել Արամ Խաչատրյան համերգասրահը իր փոքր մարմինց դուրս եկող անսպասելի հզոր ու մաքուր ձայնով` կատարելով «ՈՒր եք տղաներ» երգը, որը յուրօրինակ վերապրումի փաստ դարձավ ոչ միայն Ռոբերտ Ամիրխանյանի երբեմնի սիրելի երգի, այլև նրա անգերազանցելի կատարող Էլվինա Մակարյանի համար: Այս փոքրիկը «Արցախի ձայներ» նախագծի հաղթողն է, ու վստահ ենք, կանգնած է մեծ հաղթանակների շեմին: Ի պատիվ Էռնա Յուզբաշյանի Էռնա անվանակոչված դեռատի օրիորդին հանդիպեցի կուլիսներում և հիացմունքս արտահայտելուց զատ մաղթեցի ամենակարևորը, որ մեր սիրելի Էռնա Յուզբաշյանի նման հարկադրված չլինի լքել իր հայրենի հողն ու հարազատ բեմը:
Հույզերի պակաս, իրոք որ, չկար ողջ երեկոյի ընթացքում: Եվ ո՞ւմ էինք պարտական այդ ամենի համար: Իհարկե, աներևակայելի եռանդի, մարդկային մեծ հմայքի տեր արվեստագետին` Վազգեն Ասատրյանին: Մարդ-նվագախումբ արտահայտությունն ասես հորինվել է հենց նրա համար: Նա ամենուր էր ու բոլոր գործառույթներում: Ղեկավարում էր նվագախումբը, նվագում տարբեր գործիքներով, երգում ու անգամ միկրոֆոնները տարուբերում բեմում: Հասցնում էր նաև նյարդայնանալ, երբ անկառավարելի տեխնիկան իր չարաճճիություններն էր անում այս կամ այն պահին: Բայց մեկ վայրկյան անց նա արդեն իր տարերքի մեջ եռացող արտիստն էր, որ պարզապես ապրում էր բեմում, վայելում իր նախաձեռնած գործի բերկրանքը և նրա դեմքին փայլում էր երևանյան ջերմ, պայծառ, անկեղծ, Աղասի Այվազյանի խոսքով` հայի «նախեղակ ժպիտը»: ՈՒ այդ ժպիտը թևածում էր ամբողջ դահլիճում. այդ երեկո բոլորն էին հայ ու երևանցի:
Տեղեկացնենք մեր ընթերցողին, որ Վազգեն Ասատրյանի և Զառա Տոնիկյանի հետ մեր հարցազրույցները կտպագրվեն «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում` «… և ոչ միայն մշակույթի մասին» խորագրի ներքո:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ