Եթե մի քանի տարի առաջ ինչ-որ մեկն ասեր, որ Բժեզինսկու մարշալ-պլանը` Ռուսաստանը 2015 թվականին գավառների բաժանելու նախագծի տեսքով, երբևէ իրականություն կդառնա, հաստատ կհռհռայինք:
Բայց` փաստորե՛ն:
Ընդ որում, դեպի Ռուսաստան` Մոսկվա նոր արևմտյան արշավը, ի տարբերություն նապոլեոնյան, հիտլերյան արշավների, այս անգամ անչափ գրագետ էր կազմակերպված: Այն ընթանում է երեք փուլով:
Առաջին փուլով Արևմուտքը հետ քաշեց մերձբալթյան երկրները` ՆԱՏՕ-ն մոտեցնելով Ռուսաստանին:
Երկրորդ փուլով` ՈՒկրաինայով ու Մայդանով Արևմուտքը ՆԱՏՕ-ն կկանգնեցնի ուղիղ Սևաստոպոլի` ռուսական նավատորմի քթի տակ:
Երրորդ փուլը, արդեն ասացինք, Բժեզինսկու «ոսկե» ծրագիրն է: Կարծում ենք` այն կյանքի կոչելու փորձերը կլինեն ոչ շատ ուշ, բայց և, ըստ ամենայնի, ոչ 2015-ին:
Ի՞նչ է այս պահին կատարվում ՈՒկրաինայում: ՈՒկրաինայում փոփոխվում է աշխարհակարգը` իր հետ փոխելով ամեն բան: Բայց ՈՒկրաինան շուտ չի «հանգչի»: Ռուսական արջը քնել էր օլիմպիադայի պատճառով։ Ի դեպ, այդ քունը նրան նույնպես Արևմուտքն էր ոսկերչական հաշվարկով պարտադրել` յոթ տարի առաջ, երբ ռուս չինովնիկները ուրախությունից վեր-վեր էին թռչում, երբ իմացան, որ օլիմպիադան «կգա» Ռուսաստան` Սոչի. նրանք չգիտեին, թե ինչու Արևմուտքը այդքան «շռայլ» գտնվեց իրենց նկատմամբ: Այլ կերպ, քան օլիմպիադայով, զբաղեցնել, քնեցնել Պուտին-հետախույզին, որին դրանից առաջ էլ մեկ այլ փափուկ բարձիկով` Սիրիայում գերակայություն ունենալու թուրմով թրմեցին, որպեսզի ՈՒկրաինան հնարավորինս հեշտ պոկեն նրանից, հնարավոր չէր:
Օլիմպիադան և ՈՒկրաինան «վերջացան» խիստ «սինխրոն»: Արևմտյան տեխնոլոգիան նույն օրը «ֆինիշը» ամրագրեց: Տիմոշենկոն ազատ արձակվեց, Յանուկովիչը բարեհաջող ծախեց իր երկիրն ու ուկրաինացիների արյունը (դեռ անհայտ է` ինչի դիմաց, որովհետև նա արդեն երկու հզոր խաղացողներին էլ դուր չի գալիս), ողջ ՈՒկրաինան Արևմուտքի ձեռքում է, և հիմա Ռուսաստանը մի մեծ մտահոգություն ունի` ինչպես պահել Ղրիմը, Սևաստոպոլը, զորք մտցնե՞լ, թե՞…
Հասկանալի է` Արևմուտքը չի համաձայնի, որ ՈՒկրաինան դառնա դաշնային պետություն: Հասկանալի է նաև, որ Ռուսաստանն էլ իր հերթին չի համաձայնի, որ կենտրոնական` արևմտյան իշխանությունը տարածվի Ղրիմի վրա: Հասկանալի է, որ ՈՒկրաինայի արևմուտքում Ռուսաստանը կսրի միջէթնիկ հարցերն ու բախումները: Հասկանալի է, ՈՒկրաինան կխրվի մի այնպիսի տնտեսական դեֆոլտի մեջ, որ դրանից դուրս գալու համար ֆրաու Մերկելը, եթե անգամ թևերը քշտած իր ողջ գանձարանը դատարկի, հնարավոր չէ դուրս գալ: Հասկանալի է, որ Արևմուտքը չի ցանկանում, որ Յուլյա Տիմոշենկոն դառնա ապագա նախագահ, ինչը Ռուսաստանի համար մասամբ ընդունելի կլիներ: Հասկանալի է, որ նախագահի աթոռի համար պատրաստվում է Յացենյուկը, իսկ նրան Ռուսաստանը դժվար «կառնի», մանավանդ եթե հաշվի առնենք, թե իր դրածո Յանուկովիչն ինչպես վարվեց նույն Ռուսաստանի հետ:
Մի խոսքով, խնդիրներն ՈՒկրաինայում շատացել են, քան լուծվել, սակայն, Ռուսաստանից ու տրոհվող, փոշիացվող ՈՒկրաինա-պետությունից բացի, բոլորը գոհ են: Անգամ Բատկան, ով ասաց՝ բա ո՞նց, պետք է հարևանություն ու բարեկամություն անել ՈՒկրաինայի հետ: Խորամանկ Բատկան շատ լավ է հասկանում` Եվրոպայում քարտեզ է փոխվում, և չի ցանկանում մնալ այդ քարտեզի տակ:
Չնայած չշտապենք. ուկրաինական զարգացումները դեռ շատ ջուր կքաշեն:
Բոլոր ուղղություններով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ