ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Մենք շատ քննարկեցինք այն` խորությամբ, լայնությամբ, բարձրությամբ, և եկանք այդ կարծիքի»

«Մենք շատ քննարկեցինք այն` խորությամբ, լայնությամբ,  բարձրությամբ, և եկանք այդ կարծիքի»
16.05.2014 | 00:55

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
(ԲՀԿ խմբակցության անդամ)

-Պարոն Մելքումյան, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի նոր կառավարության ծրագիրը:
-Ասեմ, որ այն կլինի ոչ շատ ռիսկային, կառավարությունն իր վրա չի վերցնի շատ բարձր ցուցանիշներ, ասենք` 5-7 տոկոս տնտեսական աճ չի վերցնի, կլինեն նաև աղքատության կրճատման ոչ մեծ ցուցանիշներ:
-Այդ ծրագիրը կլինի՞ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի շարունակությունը:
-Ո՛չ:
-Կարծում եք՝ ֆունդամենտալ փոփոխություններով նոր ծրագի՞ր են բերելու:
-Ֆունդամենտալ չէ: Կբերեն` կտեսնենք:
-Բա էդ դեպքում ինչպե՞ս եք քվեարկելու:
-Դե քանի որ, բոլոր դեպքերում, մենք չենք կարող ծրագրի իրականացման քաղաքական պատասխանատվությունը կիսել, բնականաբար, «կողմ» չենք քվեարկի:
-Հա էլի, Դուք հեչ կոալիցիայում եղած ժամանակ պատասխանատվությունը չվերցրիք, ուր մնաց հիմա: «Ձեռնպա՞հ» եք քվեարկելու:
-Չէ՛, չէ՛։ Ռեժիմը ցույց կտա:
-Սերժ Սարգսյանի՞ «ռեժիմը», թե՞ Հովիկ Աբրահամյանի:
-Չէ՛, չէ՛, մեր քվեարկության ռեժիմը:
-Կարելի է կարծել, որ հնարավոր է նույնիսկ «կողմ» քվեարկե՞ք:
-Ո՛չ:
-Ո՞ր տարբերակների միջև է ընտրությունը:
-«Ձեռնպահի» և չքվեարկելու:
-Ի՜հ, պարոն Մելքումյան, կասեք` կես քայլ առաջ է ու «առաջ» կքվեարկեք:
-Քանի ծրագիրը չկա, ոնց կարող ենք նման բան ասել: Ես մի շատ կարևոր բան էլ ասեմ. ծրագրի հետ անպայման պետք է լինի ծրագրի կատարման երաշխիքների փաստակարգ. ասել է` եթե կառավարությունը ցուցանիշները չի կատարում, այդ ի՞նչ պատասխանատվության ավտոմատ ռեժիմ է միանում:
-Մի ասեք «ավտոմատ», փիս ասոցիացիաներ են առաջանում, ասեք` «Վերտու»: Հետո էլ, Դուք` այն է ԲՀԿ-դ, ի՞նչ պատասխանատվություն կրեցիք, երբ կոալիցիայի մեջ էիք, երբ չկատարեցիք ձեր «հանձնառությունները»:
-Դուրս եկանք կոալիցիայից:
-Փախա՞ք: Այդ ժամանակ դուք ոչ թե պիտի փախչեիք, այլ «նստեիք»՝ գեղարվեստականորեն ձևակերպած:
-«Նստել» մենք դեռ կհասցնենք, ինչպես ասում են կատակով: Այնուհանդերձ, ես համաձայն չեմ Ձեզ հետ:
-Չեք ուզում «նստել»:
-Նայած` որտեղ:
-Հասկանալի է` Դուք կուզեք՝ էկոնոմիկայի կամ ֆինանսների նախարարի աթոռին, Ձեր օպոնենտները` «էլեկտրական աթոռին». իսկ եթե լրջանանք, ապա ձեզանում` ԲՀԿ-ում, ընդունված է նաև առյուծների մոտ «նստելու ավտոմատ ռեժիմը»:
-Ես ֆանտաստիկ ժանրի կողմնակից չեմ:
-Չե՞ք տեսել «այն» առյուծներին:
-Դա քաղաքական հարց չէ:
-Տամ քաղաքական հարց. լավի՞կն են այդ առյուծները:
-Դա ակտուալ չէ:
-Ի՜նչ եք ասում, պարոն Մելքումյան. տեսաք` ինչ եղավ, երբ դուք կողմ քվեարկեցիք Գալուստ Գրիգորիչին, ստիպված եղաք դրանից հետո ձեռնպահ քվեարկել «կուտակայինին», հիմա էլ ոնց հասկանում եմ` բոյկոտել Արգամիչ Հովիկի կառավարությանն ու յուր ծրագրին: Իսկ գո՞հ եք, որ ձեռնպահ քվեարկեցիք կուտակայինին:
-Մենք շատ քննարկեցինք այն` խորությամբ, լայնությամբ, բարձրությամբ, և եկանք այդ կարծիքի:
-Ո՞ր դեպքում արգամիչական ծրագրին` «լայնությամբ, խորությամբ, բարձրությամբ» դեմ կքվեարկեք:
-Ծրագիրը պետք է բերեն, տեսնենք, նոր ասենք:
-Էդ Ծառուկյա՞նն է սովորեցրել այդպես ձևակերպել մտքերը:
-Չէ, ինքներդ գիտեք, որ ինքս եմ սովորեցնում ուսանողներին, տարբեր ասպիրանտների:
-Օ՜հ, քիչ էր մնում էլի հանգենք առյուծների «խնդրին». կնեղանա, կնեղանա Նիկոլայիչը, որ իմանա չի սովորեցնում: Հա, ի դեպ, Քոչարյանի՞ կառավարությունն է լավը, թե՞ Հովհաննես Արգամիչի:
-Չի կարելի համեմատել, դրանք տարբեր փուլեր, տարբեր կառավարություններ են: Ի միջի այլոց, եթե անկեղծ ասեմ, ես այնքան էլ հակված չեմ նրան, որ հին դեմքերով կառավարությունը կարող է արդյունավետ աշխատել:
-Հա էլի, ա՛յ, որ դուք կոալիցիայում լինեիք, նոր դեմքերով կհամալրեիք նոր կառավարությունը:
-Անկեղծ ասած` ես ուշացա, գնամ:
-Կարծես, այո՛, ուշացաք, ու գնացքն այս անգամ էլ առանց ԲՀԿ-ի գնաց: Չնայած` դեռ կհասցնեք «նստել»… գնացք:


Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ