Հայոց պառլամենտարիզմի վերջին տարիների պատմության մեջ երեկ առաջին անգամ միահամուռ և շատ ուղղակի, առանց տակից խաղեր տալու (ինչպես պատահում էր Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահության օրոք), խորհրդարանը տապալեց կառավարության ներկայացրած օրինագծերը:
Ո՞Ւմ հասկանալի չէ, որ Գալուստ Գրիգորիչն առանց հարկավոր «ադաբրյամսի» չէր գնա դրան: Այն է` որքան էլ վիրավորված լիներ «հայրեր-որդիներ» ավանդական «ձեռնամարտում», նա և յուր «որդի» Սամվել Ֆարմանյանը ձեռնամարտի, առավել ստույգ` ապտակամարտի չէին բռնվի որևէ մեկի հետ` «արա» բառը լսելիս: Մանավանդ որ տերյանասեր Գրիգորիչը հանդուրժողականության ու բանաստեղծության ծով է` համատարած, և դա ցանկացած ոք կարող է վկայել:
Ընդ որում, կարելի է փաստել, որ իրավիճակն ինչ-որ առումով ֆորսմաժորային է, որովհետև խաղը, գոնե այսբերգի հատակում բավականին լուրջ որակական փոփոխություն է կրել, և նախորդ օրը ծննդյան տոն նշած Ծառուկյան-Աբրահամյան երկյակին հասկացվում էր. եթե վեց տարի շարունակ Տիգրան Սարգսյանի նկատմամբ «թույլ չտրվեց», որ խորհրդարանը վիժեցնի կառավարության օրակարգը… Պետք է դադարը ձգել` ասելու, որ այն ժամանակ բոլոր «սև գործերն» արվում էին կրկին «ընդդիմադիրների» ձեռքով, սակայն ՀՀԿ-ն, նույն Գալուստ Գրիգորիչը, մի քիչ էլ Կարեն Կարապետյանը, արթուն պահակի պես հսկում էին, որ արտահերթերի օրերին որևէ ՀՀԿ-ական չքնի-քնած մնա սաունայում կամ ռեստորանում, այլ արագ արթնանա ու վազի քվեարկության: Կամ էլ քվեարկությունները կազմակերպում էին այլ ռեժիմով` տապալումները բացառելու համար:
Բայց այս անգամ ամեն բան, կարելի է ասել, արվեց այլ կերպ: Վերջնահաշվում` ՀՀԿ-ի ձեռամբ:
Ինչին էլ եթե գումարում ես մեկ այլ գործոն` կառավարության կազմում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունը, նաև սպասվելիքները` ՆԳ-ի (այն է` Վլադիմիր Գասպարյանի) և Վաչե Գաբրիելյանի` փոխվարչապետական ձևաչափով, ապա ունենում ենք պարզ էնդշպիլ, որի միջոցով հակընդդեմ խաղացողներին` Հովիկ Աբրահամյանի օրինակով, ցույց է տրվում, թե որտեղ են ձմեռում խեցգետինները:
Մանավանդ որ մամուլում «սպրդել» է, որ «խեցգետիններին» այս ձմեռնամուտին պետք է միանա Մոսկվայից վերադարձող մեր «միակ տղամարդը» և ասի իր տղամարդկային խոսքը: Այո, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է:
Բոլոր դեպքերում, խաղի իրական մոդերատոր Սերժ Սարգսյանը պարտիան բաց է պահել բոլորի համար:
ՈՒ մինչ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն «համահավաք-հողահավաք» են անցկացնում մի կողմից` մոսկովյան վերադարձով, քեֆ-ծնունդ անելով, «խալխին» ցուցանում «ընտանիքի» միասնությունը, ի դեմս Հովիկ Աբրահամյանի, մյուս կողմից` իր գլխին հավաքում քաղաքական դաշտի մարգինալներին, Սերժ Սարգսյանը համբերատար, դանդաղ էնդշպիլի է պատրաստվում:
Եվ դեռ շատ ժամանակ ունի շախ հայտարարելու, որին էլ, թերևս, կհետևի մատը` «թագավոր ախպոր» «վերցնումով»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ