«Ինչո՞ւ են ձեղնահարկեր կառուցվում, ասում են օդափոխության և հակահրդեհային միջոցները ճիշտ չեն պահպանվում։ Ինչո՞ւ...»,- էլի մի շարք «ինչու»-ներ, որոնց գերակշիռ մասն ուղղակիորեն կապ չուներ քաղաքաշինության նախարարության գործառույթների հետ, սակայն լրագրողները հարցնում ու հարցնում էին։
Քաղաքաշինության նախարարությունը նախատեսում է 2015-ի վերջին շահագործման հանձնել կառավարության երկրորդ մասնաշենքի համալիրը, որտեղ կտեղավորվեն ԱԳՆ-ն և այլ գերատեսչություններ։ Հոյակերտ այս կառույցի ճարտարապետ և քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ամփոփելով 2015-ի հինգ ամիսները և 2014-ին կատարված աշխատանքները, զերծ մնաց ինքնագնահատականից` նախընտրելով խոսել գործից։ Ըստ այդմ, բացի այս համալիրի շահագործումից, կմեկնարկի «Հին Երևան» ներդրումային խոշոր ծրագիրը։ Կառավարությունը, ի դեմս քաղաքաշինության նախարարության, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի հետ ստորագրել է ներդրումային համաձայնագիր վերը նշված ծրագրի վերաբերյալ։ Սեփականության օտարման գործընթացի վերջնաժամկետը 2015-ի հունիսն է։ Հաջորդ խոշոր ծրագիրը Ջերմուկում «Արքայի կիրճ» հանգստի գոտու կառուցումն է։ Առաջիկայում Ջերմուկում կբացվի HAYATT PALACE հյուրանոցային համալիրը։ Գյումրիում կիրականացվի «Խելացի քաղաք» փորձնական միջազգային ծրագիրը, իսկ Արմավիրի մարզում իրականություն կդառնա «Մուսա լեռ» համալիրի բարեկարգումը։
Անդրադառնալով իրացվող տարածքների ցավոտ հարցին` Նարեկ Սարգսյանն ասաց. «Կոնդ թաղամասի վերակառուցման համատեքստում 2007-ին պետական գերակա շահ ճանաչելու հետևանքով անօթևան մնացած հարյուրից ավելի ընտանիքների բնակապահովման հարցի լուծման նպատակով Երևանի Պարոնյան 42/1 հասցեում նախատեսվում է բազմաբնակարան շենքի կառուցում, որը կտևի մոտ 1,5 տարի։ Ֆիրդուսի թաղամասի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման տարբերակներն ընթացիկ փուլում են։ Թաղամասի կառուցապատման նախագիծը լրամշակվում է»։ Աղետի գոտու բնակշինարարության առնչությամբ էլ նախարարը ստիպված էր ևս մեկ անգամ ընդգծել, որ բնակարաններով կապահովվեն երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքները. «Կառավարության 2014-ի որոշմամբ Շիրակի մարզպետարանին հատկացված 1,5 մլրդ դրամի հաշվին Գյումրիում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված, սակայն ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները դեռևս չբավարարած 223 ընտանիքների հնարավորություն է ընձեռվել ԲԳՎ-ների միջոցով լուծելու իրենց բնակարանային խնդիրները։ Որոշման համաձայն` ԲԳՎ ստացած ընտանիքների 68,6 %-ը ձեռք է բերել բնակարաններ։ Բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 613 ընտանիքների խնդիրը նախատեսվում է լուծել 2015-2016 թվականներին»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ