Մինչ ԱԺ-ի հանձնաժողովները քննարկում են 2014-ի բյուջեի կատարողականը, այս պահին արդեն արձանագրված փաստ է, որ արժութային փոխանցումների մասով ԿԲ-ի կանխատեսումները 2015-ի առաջին չորս ամիսների համար չեն արդարացել։ Ինչպես ասում են` ԿԲ-ն կանխատեսում է, իսկ միջազգային ֆինանսական շուկան` թելադրում։
Հիշեցնենք, որ փոխանցումների կրճատման միտումը հաշվի առնելով` Հայաստանի գլխավոր դրամատունը վերանայեց իր տարեսկզբյան կանխատեսումները, ըստ որի, նախատեսված էր 20 %-ով նվազեցում։ Սակայն վերլուծություններից հետո ԿԲ-ն ենթադրեց ևս 5-տոկոսանոց կրճատում, այդպիսով, ըստ ԿԲ-ի, փոխանցումները պետք է կրճատվեին 25 %-ով։ Բայց արի ու տես, որ այդպես չեղավ` այս կառույցի ենթադրությունները չարդարացան։ Այլ կերպ ասած, ԿԲ-ի եզրահանգումը փոխանցումների համար... օրենք չէ։
2015-ի առաջին չորս ամիսներին մասնավոր ոչառևտրային փոխանցումները արտերկրից դեպի Հայաստան կազմել են 302,2 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 162 մլն դոլարով։ Փաստորեն, փոխանցումների կրճատումը այս տարվա չորս ամիսներին կազմել է 35 տոկոս, ինչը 10 %-ով ավելի է ԿԲ-ի կանխատեսումներից։
Նկատենք, որ ավանդաբար փոխանցումների առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանի հայության վրա։ Գաղտնիք չէ, որ դեպի Հայաստան արժութային փոխանցումների մեծ մասը Ռուսաստանից է, ուստի բնական էր, որ փոխանցումների կրճատումը առավել նկատելի է այդ ուղղությամբ։ ՌԴ-ից ՀՀ ոչառևտրային փոխանցումներն անցած տարեսկզբից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածը կազմել են 109 մլն դոլար, այս տարվա նույն ժամանակահատվածում նվազել են 39 մլն դոլարով։ Սակայն փոխանցումների հոսքերի բարձր ցուցանիշը պահպանվում է ԱՄՆ-ից։ Ըստ ԿԲ-ի, բանկային համակարգերի միջոցով ԱՄՆ-ից ՀՀ արժութային փոխանցումները կազմել են ավելի քան 194 մլն դոլար, ինչը 2,6 մլն-ով գերազանցել է 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Փորձագետների հավաստմամբ, ՌԴ-ից արժութային փոխանցումների կրճատումը պայմանավորված է միջազգային շուկայում նավթի գների անկմամբ։ Թերևս այս պատճառն իրատեսական է, քանի որ վերլուծությունները վկայում են, որ տարբեր ամիսների, նավթի գների բարձրացման և նվազեցման պատճառով, փոխանցումները Ռուսաստանից Հայաստան ևս ավելացել են կամ պակասել։ Բացի նավթային խաղերից, փոխանցումների վրա ազդեցություն ունեն նաև դոլար-ռուբլի «խաղերը»։ Ռուբլու նվազեցման հետ զուգահեռ պակասում է Հայաստան փոխանցումների ծավալը։
Ինչպիսի զարգացումներ կլինեն առաջիկայում միջազգային վառելիքի և ֆինանսական շուկաներում` չենք ուզում կանխատեսել։ Սակայն այն, որ 2015-ի առաջին չորս ամիսներին արժույթի փոխանցումների 35 %-ի կրճատումը զգալի բացասական ազդեցություն կունենա պետբյուջեի վրա, դժվար չէ կանխատեսել։ Փաստ է նաև, որ չնայած գնաճի համեմատ միջին աշխատավարձերի առաջանցիկ աճ կա, այնուամենայնիվ, հասարակության եկամուտների անկում է արձանագրվել։ Տարեսկզբի չորս ամիսների տվյալներով` դրանք կրճատվել են 7 %-ով։ Այսինքն, մարդկանց գնողունակության մակարդակն իջել է 7 %-ով։ Սա ևս պայմանավորված է փոխանցումների կրճատմամբ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ