Գեղանկարչությունը միջազգային լեզու է, որի միջոցով ցանկացած երկիր հասկանալի և ըմբռնելի է դառնում այլազգիների համար։ Այն առավել հետաքրքիր է դիտվում, երբ քո երկիրը ներկայացվում է օտարերկրացու հայացքով՝ վրձնի միջոցով։ Օրերս քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ տեղի ճարտարապետության թանգարանում ռուսական արմատներով ֆրանսիացի գեղանկարիչ Ժակ Սերժեֆը զարմացրեց և հիացրեց Հայաստանի մշակութասեր հանրությանը հայաստանյան իր գեղանկարներով։ Աշխարհահռչակ նկարչի ցուցահանդեսին ներկա էր ոչ միայն արվեստասեր էլիտան, այլև ԱԳ-ի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպատիեն, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։ Մաեստրոյի աշխատանքներում նկատեցինք մեկ ընդհանրություն՝ բոլոր նկարներում գերիշխում էր կապտամոխրագույնը։ Ինչո՞ւ վառ գույներ և գույների բազմազանություն չկար՝ հարցրինք ԺԱԿ ՍԵՐԺԵՖԻՆ։
-Գիտե՞ք, առաջին բանը, որ Հայաստանում աչքիս զարնեց, գույների և քարերի նմանությունն էր։ Ես հետամուտ եմ եղել իմ այդ ընկալմանը, այսինքն, այդ համադրումը փոխանցել եմ կտավին։ Նկատեմ, որ գույնի ու քարերի այդ համադրումը կարող է անգամ աբստրակցիոնիզմի հասնել։ Հայաստանում այդ ունիկալ նմանությունը ոչ միայն գեղանկարչությանը, այլև հոգևոր աբստրակցիոնիզմին է մոտենում։ Հենց սա է, որ ինձ ոգեշնչեց, և սրանով է պայմանավորված իմ կոմպոզիցիաներում առկա գույնը։ Դուք շատ ճիշտ եք նկատել, որ հայկական մոտիվներով արված իմ աշխատանքներում այդ համադրումն իսկապես իշխում է, սակայն այս ցուցահանդեսում ներկայացված «Տոնախմբություն գյուղում» կտավում տեսնում եք, որ իշխում են վառ գույները։ Այստեղ ներկայացված է կենտրոնական Ֆրանսիան, որտեղ ծնվել է հռչակավոր Ռոդենը։ Եվ այս կտավը, կարելի է ասել, արված է ռոդենյան թեմայով։
-Ձեր «Նոյյան տապան» կտավը ևս գունային առումով առանձնանում է մյուս աշխատանքներից, դա ինչո՞վ է պայմանավորված։
-Այս կտավը նկարել եմ 25 տարեկանում, իսկ հիմա 85 տարեկան եմ։ Ինչպես հաճախ ասում եմ ընկերներիս, ես տեսել եմ, թե ինչպես են գերմանական տանկերը մտնում Ֆրանսիա։
-Ձեզ ստեղծագործական նոր հաջողություններ մաղթելով՝ հնարավորություն ենք ընձեռում Երևանում կազմակերպված ցուցահանդեսի առիթով Ձեր սրտի խոսքը փոխանցելու հասարակությանը։
-50-ականներին, երբ երիտասարդ էի, շատ եմ աշխատել վանքերում, մենաստաններում, հիմնականում քանդակագործությամբ էի զբաղվում, այնուհետև տրվեցի գեղանկարչությանը։ Այդ տարիներից շատ ժամանակ է անցել, սակայն ինձ համար հոգևորը եղել և մնում է գերբարձր արժեք։ Դա այնքան մեծ և նշանակալի արժեք է, որ լիարժեքորեն փոխանցել խոսքերով, երևի թե, դժվարանամ։ Այդ վեհ արժեքն է, որ կուզենայի համայն մարդկությունը կարևորեր։
-Մեր ժամանակներում հոգևոր արժեքները մի տեսակ հետին պլան են մղվել, առաջնայինը նյութականն է։ Հոգևոր արժեքներ կրողի համար դժվար չէ՞ այսօր։
-Այո, դժվար է։ Ցավոք, Դուք ճիշտ եք, արժեքների կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել, ինչը մարդկային ողբերգություն է։
«ԿԱՐԾԵՍ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ»
Այն, ինչը մաեստրոն դժվարանում է մի քանի բառով ներկայացնել, նրա փոխարեն հմտորեն ասում են իր նկարներն ու քանդակները։ Գաղտնիք չէ, որ նկարիչը քչախոս է, իսկ նրա կտավները՝ շռայլորեն պերճախոս։ Եվ քանի որ արժեքների փոփոխությունը կարևոր հարց է հատկապես սերնդափոխության տեսանկյունից, ապա այս թեմայով մեր զրույցը շարունակեցինք ցուցահանդեսին ներկա Ժակ Սերժեֆի որդու՝ ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոս Իվան Սերժեֆի հետ։
-Նյութական արժեքները միշտ և բոլոր ժամանակներում կարևորվել են։ Դեռ վերածննդի ժամանակաշրջանից մեծահարուստները նկարներ էին պատվիրում՝ կարևորելով հոգևոր, մշակութային արժեքները, ընտրում էին լավագույն նկարիչներին ու քանդակագործներին։ Սակայն ֆլորենտացիները, կարևորելով հոգևորը, խիստ կարևորում էին նաև իրենց բարեկեցությունը, և մեր դարաշրջանն այս տեսանկյունից շատ չի տարբերվում անցած դարաշրջաններից։ Արվեստն այսօր, կարծում եմ, նույն նշաձողի վրա է, ինչ առաջ՝ գնահատողների համար։
-Նկարո՞ւմ եք, պարոն Սերժեֆ։
-Ոչ, ավելի շատ երաժիշտ եմ։
-Ինչո՞ւ չընտրեցիք Ձեր հոր ուղին։
-Իհարկե, շատ դեպքերում մասնագիտությունը սերնդեսերունդ փոխանցվում է, սակայն ոչ իմ դեպքում, երբեք չեմ ցանկացել զբաղվել գեղանկարչությամբ։
-Իսկ ի՞նչ գործիք եք նվագում։
-Դաշնամուր։
-Այդ դեպքում գուցե դառնայիք լավ դաշնակահա՞ր։
-Ցանկանում էի, բայց կյանքում ոչ միշտ է ստացվում այնպես, ինչպես ուզում ես։
-Վերադառնանք Ձեր հայրիկի արվեստին։ Ըստ Ձեզ, որպես նկարիչ նա այժմ ստեղծագործական ի՞նչ փուլում է։
-Այժմ նրա մոտ կրոնական արվեստի վերածննդի ժամանակահատված է։ Կարծես վերադարձել է իր երիտասարդությանը՝ վերադարձել այն ուղղությանը, ինչից սկսել էր։
Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ