Նախորդ օրը ես «պատիվ» ունեցա խոսելու «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Գարեգին Չուքասզյանի հետ. դեռ զանգիս նպատակն իրեն չհայտնած` հարգարժան Չուքասզյանը տարիներ, դարեր իր կոդում կուտակած «սպանիչ» էներգետիկայով, միանգամից, թե` Դուք ինչո՞ւ եք զանգել ինձ, Դուք պետք է ինձնից ներողություն խնդրեք, որովհետև իմ հոր մասին բաներ եք գրել Ձեր էջում… Այդ ինչպե՞ս եք ինձ զանգահարել, էլ չզանգահարեք։ ՈՒ փրփուրն ի բերան, անջատեց հեռախոսը…
Ես ընդամենը հասցրի ասել. «Դա՞ է դեմոկրատիայի մասին Ձեր պատկերացումը»։
ՈՒ քանի որ չհասցրի ասել անհրաժեշտը, ասեմ հիմա.
ա) Պարոն Չուքասզյան, անկեղծ ասած` մեկ-երկու րոպեանոց այդ զրույցի ընթացքում ես իսկապես հասկացա, որ «սպանել» բառը Ձեր շուրթերից հենց այնպես դուրս չէր թռել. սիրտն ավելացածից է խոսում, իսկ բառը կենդանի է, ու Դուք զբաղված եք ոչ թե Հայաստանում «կարգ ու կանոն, արդարություն» հաստատելու տեսլականով, այլ Ձեզ «չպետք» մարդկանց «սպանելով», որովհետև կան սպանության տարբեր եղանակներ` ֆիզիկական, մտոք, հոգևոր: Ձերը վերջին երկուսն են, որոնք, ի վերջո, ինչ-որ մի փուլում կվերածվեն ֆիզիկականի:
բ) Պարոն Չուքասզյան, իսկապես և երբեք մի զբաղվեք ո՛չ հումակերությամբ, ո՛չ էլ որևէ կարգի հոգևոր-մտավոր պրակտիկայով, դա Ձեր դեպքում շատ վտանգավոր, գրեթե կատաստրոֆիկ կարող է լինել, որովհետև ավելի է ուժեղացնում չհաղթահարված ենթագիտակցության մեջ թաղված բնազդը, որից անվերջ դուրս է թռչում` «սպանել, չզանգել»… Տիեզերքը, թանկագին և անմոռաց Չուքասզյան, կառուցված է ոչ թե սպանելու, այլ սիրո վրա, իսկ այդպես Դուք ավելի շատ կարող եք հայրենիք ոչնչացնել, քան «արդարություն հաստատել»:
գ) Եվ վերջապես, թանկագին նախկին պաշտոնյա, Ձեր հոր մասին չէր գրված իմ էջում, այլ Ձե՛ր մասին, և կարիք չկա սեփական չհաղթահարված վիճակը վերագրել այլոց` իբր թե նրա անունից եք վիրավորված։ Չէ, Դուք վիրավոր եք ընդհանրապես. «սատկացնելու» մասին Ձեր միտքը միանշանակ այդ է ապացուցում։
Ի դեպ, արդարության հաստատումը չի կարող երբեք սպանությամբ ու սատկացնելով լինել, հարգարժան, արդարությունը հաստատում են` սկսելով սեփական տարածքից` սեփական անձն ու հոգին, միտքն են շտկում` հայտնի չափաբանությամբ. «Բժի՛շկ, անձդ բուժիր»:
Հարգարժան Չուքասզյան, էդ որ ասում եք` «դրանից հետո դավաճաններին սատկացնելը, էն նույն հայերին, որ մատնություններ էին անում տասնհինգ թվականին…» և ապա շարունակում եք` «մեզ չեն ասելո՞ւ, եթե դուք աշխարհից էդքան արդարություն եք ուզում, ձեր տանն արդարության համար պայքարո՞ւմ եք արդյոք», հիշո՞ւմ եք, պարոն Չուքասզյան, երբ Քոչարյանի ժամանակ պաշտոն ունեիք (որի ընթացքում էլ լուրջ ֆինանսական չարաշահումներ էիք թույլ տվել), մենք մի հարցազրույց ունեցանք ոչ թե այդ չարաշահումների, այլ հումակերության մասին:
Դուք այն ժամանակ հումակեր էիք: Ասել է` ճնշում էիք Ձեր մարմինը` հանուն Ձեր հոգու:
Հետո ես ահավոր ցնցված էի այդ օրերին, երբ իմացա Ձեր չարաշահումների մասին:
Այսօր ես է՛լ ավելի ցնցված եմ ոչ այն պատճառով, որ Դուք և Ձեր «հիմնադրությունը» փորձում էիք Եղեռնի հարյուրերորդ տարելիցին այլ էներգետիկա հաղորդել, ինչը, իմ կարծիքով, սրբապղծություն է առաջին հերթին երկնում գտնվող երկու միլիոն հոգիների նկատմամբ, նրանց սպասվող սրբադասման մյուռոնի հանդեպ: Ցնցված եմ, որ Դուք` հումակերդ, մտավորականդ, կարող եք թեկուզ դավաճանի նկատմամբ արտաբերել «սատկացնել» եզրույթը:
Մատենադարանի կողմերը ֆռռացած հորդ զավակը չգիտի՞ հոգևոր տարրական կանոնը` «բժի՛շկ, անձդ բուժիր, հայրենիքում արդարության համար պայքարից առաջ»:
Թե՞ «սատկացնելը» գիտակցական խոր կոդ է, որն ակամա դուրս է թռել Ձեր բերանից:
Եվ վերջում, հումակերությամբ զբաղվող պարոն Չուքասզյան, իսկ Դուք գիտե՞ք, որ ապրիլի քսանչորսի զոհերի հիշատակը հարամելու համար ոմանք էլ Ձեզ են համարում դավաճան։
Ի՞նչ կասեք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ