Աղբամանները, փաստորեն, դարձել էին այս «խաղի գլխավոր հերոսը»: Եթե չասենք` «կինոյի տղեն»: Որքան էլ արևմտյան լրատվամիջոցները փորձում են այս գործընթացին տալ «էլեկտրիկ-հեղափոխություն» անվանումը, աղբամանները, որպես «քնքուշ մութի թև», «ներբեռնվել» են հայոց ենթագիտակցության մեջ ու, հայտնի «Անասնաֆերմայի» հանգույն, չի բացառվում` մի օր էլ «տեսնենք», որ դրանք ոչ միայն քայլում են, այլև «լուրջ դեմքով» որոշումներ են կայացնում մարդկանց փոխարեն, որովհետև աղբամաններն արդեն իսկ ֆետիշացվել են այն աստիճանի, որ Բաղրամյան պողոտայում մարդիկ հավաքվում էին ոչ այնքան սակագնի, որքան աղբամանների շուրջը: Պատշաճը պետք է մատուցել այն «ուղեղային կենտրոնին», որը հեղափոխական վարդերի, նարինջների, գարունների, «էլեկտրիկների» մեջ ընտրել էր հատկապես ա՛յս սիմվոլը:
Եվ քանի որ աղբամանները վերածվեցին քաղաքական կատեգորիայի, փորձենք հասկանալ նրանց «վարքագիծն» առաջիկա օրերին: Ի դեպ, կարծես թե «Կոմսոմոլսկայա պրավդան» էր գրել` «ՈՒրախ երեխաները խաղում են աղբամաններով»: Քննարկենք հնարավոր վարկածները:
Որքան էլ Դավիթը Սանասարյան ¥նկատեք` նրա դեպքում էպոսի երկու սկիզբ մեկտեղվել են¤, Ռամսֆելդի, Սորոսի, մնացյալ բոլոր կարգի «ուղեղների» հետ նկարվելուց հետո Կոպերֆիլդի հանգույն շարժեց աղբամանները ելման կետից, երիտասարդը, որը հանգամանալից թրենինգներ է անցել «ԱՄՆ-Յուրոփ» «օսում», մասնավորապես՝ բուն Մայդանում, բավականին անելանելի վիճակի մեջ է: Հաստատապես նա կցանկանար, որ պարոն Օսիպյանը ցրեր իրենց միտինգը, որպեսզի ինքը ստիպված չլիներ ապացուցել, որ ինքը, օգտվելով այս շարժումն ստեղծող տղաների պայքարի արդյունքից, վերածվել է աղբաման «քայլեցնող» համակարգչի` միտինգը համակարգող անձի:
Այսպիսով, նա ակնհայտորեն խաթարեց ոչ միայն աղբամանների «անդորրը», այլև բացահայտորեն ավերակեց մատրիցան, որը դրված էր այս շարժման հիմքում, այն է` ցույցերը քաղաքական չեն, իսկ Դավիթը կոնկրետ կուսակցության անդամ է, կոնկրետ պարտականություններով. նա «Ժառանգություն» կուսակցության խոսնակն է:
Ճիշտ է, կարելի էր այսքանով «աղբամանային» սագան ավարտել, քանզի այնտեղ, որտեղ «Ժառանգություն», այնտեղ, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի ստվեր, նշանակում է ցանկացած գործընթացի ավարտ. հազար անգամ ենք ասել` տուր ցանկացած կենսունակ բան Րաֆֆի Հովհաննիսյանին, ինքը խիստ բարեհաջող այն «կմեռցնի»: Էլ չենք ասում առանց այն էլ բարեհաջող մեռած-հանգած բաղրամյանական ցույցերի մասին, որոնց գլխին կանգնած է Դավիթ Սանասարյանը, և նրա այս սիմվոլիկ խաղում չի օգնի էպոսի միանգամից երկու հերոսի անուն ունենալն իսկ` Դավիթ և Սանասար:
Նրա, ինչպես ասացինք, կարող են օգնել միստր Ռամսֆելդը, անհունորեն ծերացող պապիկը Սորոս, սակայն բանն այն է, որ այս մեծ խաղում Արևմուտք-պապիկն իր պլան «ա»-ն, որ է` հայաստանյան մենթալ պլանում` Պերմյակովից հետո, լուրջ տրանսֆորմացիաներ առաջացնել հանրության երիտասարդականացման, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի, տնտեսավարման, զիջումների մասով, իրականացրել է, և չենք կարծում, որ արագ կանցնի պլան «բ»-ին. չնայած Իրանի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնը նույնպես հեռուն գնացող եզրակացությունների տեղիք կարող է տալ:
Այնպես որ, այս պահին «Սանասարի» և «Բաղդասարի» ¥սիմվոլիկ բնութագրմամբ¤ պայքարը Բաղրամյան փողոցում շատ ավելի մկան «էնիք» է իշխանությունների ջրաղացին` սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ, քան «լուրջ» ինչ-որ բան, որովհետև մինչ «Սանասարն» ու «Բաղդասարը» մե՜կ-երկո՜ւ, իշխանությունները «տակից» արագ-կազմակերպված անում են իրենց գործը` բարեփոխումներ կազմակերպչական հարցերում, լիցքաթափում են հասարակությանը, որպեսզի վերջինս չհասցնի կազմակերպվել` սահմանադրական փոփոխություններին նույնքան բուռն արձագանքելու համար, որքան էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություններին արձագանքեց:
Այսքա՛նը։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ