ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Պահանջարկի «սովը» շուկաների լճացում կառաջացնի

Պահանջարկի «սովը» շուկաների լճացում կառաջացնի
17.07.2015 | 00:05

Շինարարության ոլորտում վերջին 6-7 տարիների անկմանը այս տարվա առաջին կիսամյակում ավելացավ նաև անկումը ավտոմեքենաների շուկայում։ Հայրենի վիճակագիրները փաստում են` 2015-ի առաջին 6 ամիսներին ներկրվող ավտոմեքենաների ծավալը 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 57 %-ով։
Այսպես` 2015-ի առաջին կիսամյակում ավտոմեքենաների ներմուծումը կազմել է 10,9 հազարից պակաս, մինչդեռ 2014-ի նույն ժամանակահատվածում ներմուծվել է ավելի թանկ 25000 ավտոմեքենա։ Փորձագետների հավաստմամբ, այս անկումը պայմանավորված է ԵԱՏՄ-ի անդամակցությունից բխող հետևանքներով. «Երբ ՀՀ-ի անդամակցման մասին խոսակցություններ էին ընթանում, այդ ժամանակ քաղաքացիները մեծ քանակությամբ ավտոմեքենա ներմուծեցին` մտավախություն ունենալով մաքսատուրքերի համահավասարեցումից։ Սակայն, վերջին հաշվով, կիրառվող մաքսատուրքերի առումով Հայաստանին տրվեց արտոնյալ ժամկետ։ Այսինքն` ավտոմեքենաների ներմուծման համար հարկման դաշտը շարունակեց մնալ նույնը։ Արդյունքում հասարակության սպասելիքները, թե մաքսատուրքը նոր ձևով է գանձվելու` տնտեսական նոր հարաբերությունների հաստատումից հետո, չարդարացան»։ Ասվածից պետք է ենթադրել, որ հայերը կրկին իրադարձություններից առաջ անցան։ Քանի որ ԵԱՏՄ-ի կազմում Հայաստանը ստացավ ավտոմեքենաների ներկրման մասով արտոնյալ ժամկետ` ներքին շուկան լճացավ, ինչի պատճառով արդեն այս տարվա առաջին կիսամյակում նվազել են ոչ միայն ներմուծման ծավալները, այլև գները։
Չբացառելով փորձագետների վերը նշած հիմնավորումը, այնուհանդերձ, պետք է նկատել, որ ավտոմեքենաների շուկայի լճացման և գների նվազման պատճառներից գլխավորը սոցիալական գործոնն է, որը և շուկայում ձևավորում է առաջարկ և պահանջարկ։ Խոսենք փաստերով. ըստ վիճակագրության` այս տարվա առաջին կիսամյակում ավտոմեքենաների ներմուծման ծավալները զիջում են ոչ միայն 2014-ի, այլև 2012-ի և 2013-ի ծավալներին, այն էլ` զգալիորեն։ Մինչդեռ 2012-2013 թթ. ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին խոսակցություններ չկային։ Եթե բնակչության գնողունակությունը թույլ տար, ապա շուկայի լճացման խնդիրը կարող էր և լուծվել, քանի որ զգալիորեն նվազել են ավտոմեքենաների գները, իսկ ավտոմեքենա ունենալու պահանջարկը գնալով մեծանում է։ Ավա՜ղ, Հայաստանում, որպես կանոն, ցանկությունն ու հնարավորությունները չեն համընկնում։
Ի դեպ, այն, որ ցանկությունն ու հնարավորությունները զուգահեռների պես մի կետում չեն միանում, փաստում է նաև անշարժ գույքի շուկայի իրավիճակը։ Գաղտնիք չէ, որ բնակապահովման խնդիրը լուրջ հարցերից է մեր բնակչության համար, շատերն այսօր բնակարան ձեռք բերելու կարիք ունեն, բայց շուկայում այդ կարիքը չի նկատվում, ինչը ևս սոցիալական գործոնի հետևանք է։ Այլ կերպ ասած, անշարժ գույքի շուկայում վերջին տարիների լճացումը սոցիալական գործոնի առկայության վառ օրինակներից մեկն է։ Այս օրինակին գումարվեց արդեն ավտոմեքենաների շուկան։
Հետևաբար, թե՛ անշարժ գույքի և թե՛ ավտոմեքենաների շուկաներում տեղի ունեցող բացասական գործընթացները փաստում են մարդկանց ձեռքում փող չլինելու մասին։ Այս ֆոնի վրա էլեկտրաէներգիայի սակագնի և ակցիզային հարկի բարձրացումը, հատկապես, վառելիքի մասով, է՛լ ավելի է սրելու պահանջարկի «սովը» թե՛ ավտոմեքենաների, թե՛ անշարժ գույքի շուկաներում։ Չի բացառվում, որ անընդհատ և ամեն ինչի թանկացումն իր հետևից շղթայական ռեակցիայով խնդիրներ կառաջացնի մնացած այլ շուկաներում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1220

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ