ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ (ԱԺ պատգամավոր)
-Շարունակո՞ւմ եք բանաստեղծություններ գրել, պարոն Գևորգյան:
-Անշո՛ւշտ:
-Բանաստեղծական Ձեր հոգու համար ինչպե՞ս անցավ այս ադապտացիան` Ծառուկյանից դեպ Սերժ Սարգսյան:
-Շատ սահուն, որովհետև ես պետության կողքը կանգնած անձնավորություն եմ:
-Բայց դե Ծառուկյանի ժամանակ նոր «Երկրապահ» էիք ստեղծում, ազատամարտիկներ էիք հավաքում Ձեր և Ծառուկյանի շուրջը, որպես այլընտրանքային երկրապահ:
-Ազատամարտիկներին ես հավաքում էի` պետության կողքը կանգնելու համար:
-Հանդիպո՞ւմ եք Ծառուկյանի հետ:
-Նայած ժամանակ։ Ոչ հաճախ:
-Ծառուկյանը բանաստեղծություն գնահատո՞ւմ է, կարդո՞ւմ եք նրա համար երբևէ Ձեր գործերից. հինգ գիրք ունեք, ի վերջո:
-Ես չեմ կարդում իմ բանաստեղծությունները որևէ մեկի համար:
-Նախորդ պառլամենտում շատ էիք կարդում, շատ ավելի բոցաշունչ էիք:
-Չեք հետևում հիմա ինձ, հաստատապես: Հաճախ գիտե՞ք ոնց է ստացվում. քաղաքական պահը, իրավիճակը խոչընդոտ են դառնում քո տեսակի ելույթի կամ մեկ այլ դրսևորման համար:
-Նաիրա Զոհրաբյանը որպես լրագրող շատ էր Ձեզ անդրադառնում իր նյութերում, դրանք նույնքան կրակոտ էին, որքան Ձեր բանաստեղծությունները:
-Չե՜մ հիշում:
-Ինքը լավ լրագրող էր, իսկ ինչպիսի՞ ԲՀԿ ղեկավար է:
-Նորմալ: Հատկապես, որ կին է, արդեն յուրովի է նայվում: Տղամարդիկ ավելի հարգալից ու ձգված են լինում այդ ժամանակ:
-Ասում են` Աբրահամ Մանուկյանը կդառնա ապագայում կուսղեկավարը:
-Տեղյակ չեմ, իրենց հարցրեք:
-Իսկ Ձեզ վրա ինչպե՞ս կանդրադառնա այդ փոխատեղումը:
-Ինձ համար նշանակություն չունի, ես ունեմ իմ գիծը. դա ցեղակրոնությունն է, նժդեհականությունը:
-Նաիրան էդ մասին գիտի՞, Ծառուկյանը` նաև, որ Դուք այդքան «մերձ» եք ՀՀԿ-իզմին:
-Ես միշտ իմ ելույթներում էլ պահել եմ իմ գիծը:
-Դե տեսնում եք` ՀՀԿ-ն չի գնահատում իր «մարգարեներին». այդպես է, այդպե՜ս, պարոն Գևորգյան, մարգարեն քաղաքում հարգի չի եղել երբեք: Ինչո՞ւ Ձեզ ժամանակին հեռացրին ՀՀԿ-ից:
-Չգիտեմ, առավոտյան արթնացա, իմացա` հեռացրել են: Չեմ ուզում խոսել այդ մասին:
-Վատն են, վա՜տը այդ ՀՀԿ-ում, նվիրյալներին առավոտները հանում են դուրս:
-Բայց ինչի՞ են վատը որ, հո ես միակ նվիրյալը չե՞մ, իրենք բազո՜ւմ նվիրյալներ ունեն: Էդպես չի:
-Իսկ ի՞նչ եք կարծում` ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններում կմտնի՞ պառլամենտ:
-Իհարկե:
-Դո՞ւք էլ:
-Աստված գիտի:
Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ