ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Մեծ է եղել եզդիների դերը Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման գործում

Մեծ է եղել եզդիների դերը Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման գործում
30.05.2018 | 18:36

Եզդիների դերը և մասնակցությունը Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման գործում. նման խորագրով ծրագիր է իրականացնում «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը։

Ծրագրի շրջանակներում նկարահանվում են 10-15 րոպե տևողությամբ երկու փաստավավերագրական ֆիլմեր՝ քաղաքական գործիչ Ուսուբ Բեկի և ռազմական գործիչ Ջհանգիր Աղայի գործունեության մասին։ Նոր սերունդը շատ քիչ է տեղյակ մայիսյան հերոսամարտի ժամանակ եզդիների մասնակցության մասին: Այս բացը լրացնելու համար էլ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում կյանքի է կոչվում նշված ծրագիրը։
Նախաձեռնության հեղինակներն այս օրերին հանդիպումներ են ունենում պատմաբանների, հասարակական և քաղաքական գործիչների, Ուսուբ Բեկի և Ջհանգիր Աղայի ազգականների հետ՝ եզդի հերոսների կերպարներն առավել ամբողջական, նրանց և եզդի ժողովրդի մասնակցությունն Առաջին Հանրապետության ստեղծման գործում հանգամանորեն ներկայացնելու համար:


«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի խորհրդի անդամ Համլետ Սմոյանը նկատում է, որ Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերին մասնակցել է Ջհանգիր Աղան՝ մոտ 1500 հոգանոց իր հեծելազորով, Առաջին Հանրապետության խորհրդի անդամ է եղել Ուսուբ Բեկը ՀՅԴ խմբակցությունից։ Համլետ Սմոյանը մեջբերում է Սիմոն Վրացյանի խոսքերը, ըստ որոնց՝ եզդիների դերը մայիսյան հերոսամարտերում վճռորոշ է եղել։ «Հայերի չափ և թերևս հայերից էլ ավելի, եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության խնդրում և ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»,- ասել էր Վրացյանը։


Նկարահանվող փաստագրական ֆիլմերը հետագայում ցուցադրվելու են ինչպես եզդիական դասընթացների ժամանակ եզդի աշակերտներին, այնպես էլ հանրության լայն լսարաններին։
Ծրագրի շրջանակներում պատրաստվել են նաև արտաքին գովազդներ. Երևան-Արամավիր ճանապարհահատվածում տեղադրվել են Ջհանգիր Աղայի և Ուսուբ Բեկի նկարներով պաստառներ։

Դիտվել է՝ 3075

Մեկնաբանություններ