Մոլդովայի Սահմանադրական դատարանը ընդունել է Դեմոկրատական կուսակցությունից պատգամավորների՝ նախագահ Իգոր Դոդոնին զբաղեցրած պաշտոնից ժամանակավորապես հեռացնելու պահանջը: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը:
Ըստ ՍԴ որոշման՝ երկրի խորհրդարանի նախագահին՝ որպես նախագահի պաշտոնակատարի, հնարավորություն կընձեռվի ստորագրել առողջապահության, սոցիալական պաշտպանության և ընտանիքի նախարարի, նաև գյուղատնտեսության, տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի պահպանության նախարարի նշանակման հրամանագիրը: Դոդոնը կրկնակի հրաժարվել է այդ պաշտոններում նշանակել վարչապետի առաջարկած թեկնածուներին:
Օրենսդրության համաձայն, նախագահն իրավունք ունի մերժել վարչապետի առաջարկած թեկնածությունները, բայց միայն մեկ անգամ:
Նույն թեկնածուների կրկնական առաջադրման դեպքում նա պարտավոր Է ստորագրել նշանակման հրամանագիրը: Եթե նախագահը կրկնական առաջադրումից հետո էլ չստորագրի հրամանագիրը, ապա նրա համապատասխան լիազորություններն անցնում են խորհրդարանի նախագահին, որը նախագահի փոխարեն կարող է ստորագրել հրամանագրերը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ