Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ինչու՞ է հենց այսօր մի գիտնական, որ թեմայի վերաբերյալ չունի նեղ մասնագիտացում, փորձ անում ցույց տալ, որ հայոց գրերը չունեն աստվածային ծագում, որ դրանք Մաշտոցը չի ստեղծել

Ինչու՞ է հենց այսօր մի գիտնական, որ թեմայի վերաբերյալ չունի նեղ մասնագիտացում, փորձ անում ցույց տալ, որ հայոց գրերը չունեն աստվածային ծագում, որ դրանք Մաշտոցը չի ստեղծել
10.07.2025 | 11:03

Այսօր, համացանցից տեղեկացա, որ ԵՊՀ կայքում տեղադրվել է մի նյութ, որտեղ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը պատմում է Նախամաշտոցյան Հայաստանի գրերի վարկածի վերաբերյալ իր ուսումնասիրությունների մասին:

Անկեղծ ասած, զարմացա, քանի որ պարոն Ներսիսյանը, որքան որ հիշում էի բոլորովին այլ շրջանի մասնագիտացում ունի: Ինքս պարոն Ներսիսյանի հետ շփվել եմ մի քանի անգամ, միշտ պահպանել խորին հարգանքը և նրան ընկալել որպես 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբների Հայոց պատմության տարբեր կարևոր հարցերով զբաղվող գիտնականի:

Այսօր մտածեցի՝ գուցե սխալվել եմ: Բացեցի ԵՊՀ Պատմության ֆակուլտետի էջը և պարոն Աշոտ Ներսիսյանի գիտական հետաքրությունների համար նշված է հետևյալը. https://www.ysu.am/user/835

• Հայ ազգային-ազատագրական պայքարի պատմություն

• Հայաստանի Առաջին հանրապետության պատմություն

• Հայկական հարցի պատմություն

• Հայ քաղաքական կուսակցությունների պատմություն

Ինչպես տեսնում ենք և ոչ մի տող Նախամաշտոցյան գրային համակարգի և կամ հայոց գրերի ստեղծման մասին: Ինչևէ, ԵՊՀ կայքում տեղադրված նյութում, օրինակ, արված են նմանատիպ մեկնաբանություններ.

«Վերլուծության արդյունքում պրոֆեսորը փորձել է հիմնավորել, որ Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենը ստեղծել է նախամաշտոցյան գրերի հիմքով, որ, ըստ պրոֆեսորի, ի պահ էր հանձնված Հունաստանի Սամոսատ քաղաքում»:

«Այդ մասին կան վկայություններ նաև հռոմեական աղբյուրներում»,-նշում է Աշոտ Ներսիսյանը՝ հավելելով, որ հեթանոսության վերացմամբ փորձ է արվել վերացնել նաև հեթանոսական ժամանակաշրջանի հայերեն գրերը՝ նոր մշակույթ ձևավորելու նպատակով»:

«Ըստ պրոֆեսորի՝ քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում, երբ հեթանոսական մշակույթն ավերվում էր, Յոքաստոս (Աքաստոս) անունով հայտնի հայ քուրմերից մեկը Հայաստանից հեռացրել է նախամաշտոցյան գրերի մի օրինակ»:

Հիմա, անդրադառնամ պարոն Ներսիսյանի ուսումնասիրության վերը նշված դիտարկումներին: Սակայն, նախ և առաջ, հարկ է նշել, որ նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերով զբաղվել են օրինակ այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Աշոտ Աբրահամյանը և Արտակ Մովսիսյանը:

Քանի որ պարոն Աշոտ Ներսիսյանը հանդիսանում է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ապա, դժվար թե ծանոթ չլինի Արտակ Մովսիսյանի՝ իր ուսումնասիրության վերաբերյալ արված բավական կարևոր հետազտություններին: Հիշեցնենք, որ լուսահոգի Արտակ Մովսիսյանը մինչ իր մահը եղել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչը:

Պետք է նշել, որ Սամոսատը Հունաստանի քաղաք չէ և, եթե հայ պատմիչները այն կարող էին անվանել Հունաստանի Սամոսատ, ապա դա չի նշանակում, որ պարոն Ներսիսյանը ևս պետք է այդպես կարծեր: Հունաստանը բոլորովին այլ վայրում է, Սամոսատը՝ լրիվ այլ տեղ և գտնվել է Կոմմագենեում: Կա՞ արդյոք որևէ սկզբնաղբյուր, որ Հայոց գրերն ի պահ էին տրված Սամոսատում:

Ինձ, օրինակ, նման աղբյուր հայտնի չէ: Պրոֆեսորը նշում է, որ այդ մասին վկայում են հռոմեական աղբյուրները: Իսկ կոնկրետ ո՞ր հռոմեական աղբյուրները: Գուցե կիսվի՞, մենք էլ իմանանք, եթե նման աղբյուրներ իհարկե կան:

Որտե՞ղ է պրոֆեսորը վկայություններ գտնել Յոքաստոս (Աքաստոս) անունով հայտնի հայ քուրմերից մեկի մասին, ով իբր Հայաստանից հեռացրել է նախամաշտոցյան գրերի մի օրինակ:

Ո՞ր սկզբաղբյուրում է նման տեղեկություն վկայված:

Այդ համատեքստի վերաբերյալ ԵՊՀ կայքում նշված է հետևյալը.

«Պրոֆեսորի խոսքով՝ Յոքաստոսը (Աքաստոսը), որ Հայաստանից փախցրել էր հայոց գրերը, արդեն մահացած էր, հետևաբար Պլատոնը հուշում է Մեսրոպ Մաշտոցին, որ հայերեն գրերը Եպիփանոսի մոտ են. «Մաշտոցը պարզում է, որ Եպիփանոսն էլ է մահացել, և ի վերջո Սամոսատում հանդիպում է հույն գրող Հռոփանոսին: Պատմիչների տեղեկությունները թույլ են տալիս կատարել այն համարձակ եզրահանգումը, որ հենց այստեղ է Մաշտոցը գտնում հայերեն գրերը՝ չնայած նրան, որ Կորյունն ու Խորենացին այս պահից հետո գրում են, որ Մաշտոցը, չգտնելով փնտրածը, ինքն է հորինում հայերեն գրերը»:

Այո, պարոն Ներսիսյանի եզրահանգումը խիստ համարձակ է, բայց ոչ փաստարկված: Այն, ըստ ինձ արված է ինչ-որ անձնական ենթադրության, դրանից բխող մեկ այլ ենթադրության վրա, որից բխող եզրահանգումը փորձ է արվում ներկայացնել որպես փաստ: Մինչդեռ, այդ մասին որևէ ուղղակի սկզբանղբյուր կամ վկայություն որքան տեղյակ եմ չկա:

Ըստ Աշոտ Ներսիսյանի մեկնաբանության, Մաշտոցը հորինել է պակասող տառերը՝ ամբողջացնելով գտնված հայոց այբուբենը. «Խորենացին ու Կորյունը վկայում են նաև, որ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը մեկը մյուսից հաստ ու երկար էին: Սա տարակուսանք է առաջացնում, որովհետև եթե Մեսրոպ Մաշտոցն է զրոյից ստեղծել գրերը, ապա կստեղծեր նույն չափի»:

Իհարկե, կարելի է զարմանալ: Բայց ինչ արած: Ստացվում է, որ Սամոսատում իբր պահած, Հայաստանից փախցրած այբուբենը ամբողջական չէր ու Մեսրոպ Մաշտոցն էլ հորինեց այբուբենի մյուս տառերը: Եվ դրա համար բերվում է մի մոտեցում, որ Մաշտոցի ստեղծած տառերը չէին կարող մեկը մյուսից հաստ ու երկար լինեին ու Մաշտոցը, եթե ստեղծեր հայոց տառերը, ապա կստեղծեր նույնչափ: Իսկ օրինակ, ինչու՞ նման տրամաբանությամբ չանենք մի համարձակ եզրահանգում, որ եթե Մաշտոցը ստեղծեր հայոց այբուբենը, ապա դրա առաջին տառը կլիներ Մ-ն, քանի որ հենց Մ-ն է նրա անվան առաջին տառը: Իսկ հետաքրքիր է պարոն Աշոտ Ներսիսյանը որքա՞ն խորը գիտելիքներ ունի հայոց տառաչափության վերաբերյալ: Դե տառերի հաստության ու երկարության մասին, եթե նշենք, ապա օրինակ, եթե գրենք «ա», ապա այն ավելի հաստ կլինի, քան եթե գրենք «ս», իսկ «ս»-ն էլ ավելի կարճ կլինի, քան, եթե գրենք «ի»:

Սրանք, իհարկե, փոքրատաեռեր են: Բայց կարծես թե Մեսրոպ Մաշտոցը հենց Սամոսատ է գնացել Հռոփանոս անունով մի գեղագրի մոտ, որպեսզի վերջինս ձևավորեր իր ստեղծած տառերը:

Սակայն, ինձ ավելի վրդովեցնում է հետևյալ միտքը. «հեթանոսության վերացմամբ փորձ է արվել վերացնել նաև հեթանոսական ժամանակաշրջանի հայերեն գրերը՝ նոր մշակույթ ձևավորելու նպատակով»:

Այդ դեպքում, ինչու՞ նախաքրիստոնական գրեթե բոլոր տոները, ավանդույթները սինկրետացվեցին հայոց քրիստոնեկանին:

Այդ դեպքում, քրիոստենության ընդունումից առաջ, հայոց արքաներն ինչու՞ էին գրում հունարենով և կամ օրինակ, արամեերենով:

Այն որ Մաշտոցից առաջ կային գրային համակարգեր, մեհենագրեր, նշաններ, դա փաստ է և այդ մասին կա լուրջ գիտական անդրադարձ:

Սակայն ինչու՞ է այսօր, երբ փորձ է արվում հարվածներ ուղղել դեպի Հայ առաքելական սուրբ եկեղեցին, մեկ էլ մի գիտնական, որ թեմայի վերաբերյալ չունի նեղ մասնագիտացում, փորձ է անում ցույց տալ, որ հայոց գրերը չունեն աստվածային ծագում, կասկածի տակ դնել, որ դրանք Մաշտոցը չի ստեղծել...

Ինչևէ, ես էլ որոշել եմ լրջորեն զբաղվել հայ ազգային ազատագրական շարժման ուսումնասիրությամբ:

Հետո՞ ինչ, որ դրա մասնագետը չեմ, մի քանի գիրք բան կկարդամ ու կանեմ համարձակ եզրահանգումներ…

Միքայել ԲԱԴԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ