Նայում եմ ամենուր ցոլացող խաչերին,
նրանց ժամապահությանը անարձանագիր:
Նայում եմ համեստ, նորաոճ ու փնթի
հագնված հազարադեմ ադամորդոց,
որ գաղտնախորհուրդ ներաշխարհ ունեն,
արտիստիկ են, զգույշ, հարգի կենսակերպով,-
բայց օրվա հոսքում երիցս հիշում եմ,
որ նրանց ներսում հուդաներ կան ծպտյալ
(գուցե՝ սակավների, գուցե՝ շատերի մեջ),
և մինչ կերևակվեն լուռ թե աղաղակով,
մարդիկ ապրում են դիպաշարով նույն –
բանում են, տվայտում, թռցնում ու սսկվում,
մեկտեղվում են, ապա հանելուկաբար լքում միմյանց,
և դողո՜ւմ են նրանք՝ ինչպես մահապարտ,
հավատարմության պսակի ներքո…
Ներեք ինձ, սերեր՝ վեհ ու անձնվեր,
ներեք ինձ, եղբայր, ընկեր-ուղեկից,
ես պիտի դիմեմ Բարձրյալին, սակայն,
իմ ամենօրյա վարքը ճշտելիս.
«Տեր-Աստված, ինձ միշտ հուշիր անվարան –
Ու՛մ աջը համբուրեմ և ու՛մ շուրթերը…»։
15.11.2025
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ