Թիվ մեկ գերտերության տիտղոսի հարցը
Այս օրերին ամենից շատ խոսվում է Հորմուզի նեղուցի ու նավթի մասին: Կարծես Իրանի պատերազմի գլխավոր պատճառը նավթն ու Հորմուզն է:
Ըստ պաշտոնական տվյալների, անցած 30 տարում նավթի համաշխարհային սպառումը աճել է ընդամենը 45%-ով, և դրա հիմնական պատճառը Չինաստանն ու Հնդկաստանն են:
45 տոկոսը իրականում մեծ թիվ չէ:
Այժմ տեսնենք, թե ինչպես է տատանվել նավթի գինը:
1998-ին նավթն արժեր 12 դոլար, 2008 թվականին ամերիկյան Lehman Brothers-ի կրախից հետո սկսված տնտեսական ճգնաժամի օրերին նավթի գինը սպեկուլյատիվ ռեկորդ սահմանեց և հասավ 145 դոլարի: 2014-2016 թվականներին տատանվեց $110 → $30-ի սահմաններում, Կորոնավիրուսի պատճառով իջավ 20$-ի, Ուկրաինական պատերազմից հետո դարձավ 120$, հետո կրկին իջավ: Այժմ Իրանի դեմ սանձազերծված պատերազմի պարագայում, երբ հարվածի տակ են Ծոցի բոլոր նավթային երկրները, նավթն արժե ընդամենը 100$-ից քիչ բարձր, Թրամփի այսօրվա դադարից հետո կսկսվի նավթի գնի կտրուկ վայրէջք:
Իրավիճակը ավելի լավ պատկերացնելու համար պետք է ևս մեկ ցուցանիշ, դա դոլարի արժեքն է՝ նույն անցած 30 տարվա կտրվածքով: Պաշտոնական թվերից ելնելով, անցած 30 տարում դոլարի գնողունակությունը իջել է կրկնակի, 100 տոկոսով: Բայց դոլարային ինֆլյացիան ավելի մեծ է, անցած 30 տարիներին աշխարհում կյանքը թանկացել է մի քանի անգամ: Արժեզրկվել է դոլարը, դրա հետ միասին արժեզրկվել են մյուս արժույթները: ԱՄՆ-ում ապրողները նույնպես կհաստատեն այս պնդումը:
Այսինքն, հաշվի առնելով դոլարի արժեզրկումը, կտեսնենք, որ նավթի գինը անցած 30 տարիներին քիչ է փոխվել: Նավթ կա, շատ նավթ կա, պահանջարկից մի քանի անգամ շատ նավթ ու գազ կա, սակայն ԱՄՆ-ի կողմից վերահսկվող մեծ կորպորացիաները թույլ չեն տալիս, որ նավթի գինը չափից շատ իջնի, դրանից հիմնականում շահում են զարգացող երկրները, դա ԱՄՆ-ի համար սպառնալիք է:
Եվ ուրեմն, նավթի դերը Իրանի պատերազմում երկրորդական է: Հակառակ դեպքում, նավթի գինը պետք է հատեր 200 դոլարը:
Նոր ժամանակներ են, տեխնոլոգիական հեղափոխությունը մտել է զարգացման նոր փուլ, ալտերնատիվ էներգետիկան արագ տարածվում է ողջ աշխարհում, արհեստական բանականությունն ու փոխկապակցված ոլորտները ժամ առ ժամ փոխում են համաշխարհային տնտեսության բնույթը, փոխվում է ամեն ինչ, ռազմարդյունաբերությունից մինչև կենցաղ, գիտություն, կրթություն, առողջապահություն: Ձևավորվում է նոր մարդ, նոր սպառող:
Այս իրավիճակում նախկին, ավանդական գաղութատիրական համակարգը դառնում է անպիտան և թանկ: Իմաստ չունի աշխարհի տարբեր կետերում ունենալ ֆիզիկական ներկայություն: Օրեր առաջ այս պրոցեսը շատ լավ նկարագրել էր Manvel Sargsyan ը: ԱՄՆ-ը հեռանում է, քանդելով իր իսկ կառուցած համակարգն ու ենթակառուցվածքները՝ գրեթե բոլոր կետերից, լինի Միջին Արևելք, թե Եվրոպա:
Իրանին հարվածելով՝ ամերիկացիները Իրանի ձեռքով հարվածեցին Ծոցի երկրներին: Թրամփի շանտաժը ուղղված էր հեցն Ծոցի նավթային երկրներին. Կա՛մ պետք է վճարեն, կա՛մ Իրանը նրանց կոչնչացնի: Բայց Ծոցի հարուստ շեյխերը նույնպես չեն մնացել 1996 թվականում, նրանք նոր դաշնակիցներ ու Չինաստանի պես գարանտ ունեն: Ամերիկացիները դա լավ են հասկանում, պոկում են ինչ կարող են, սա թալան է գնալուց առաջ, ինչ կպնի, օգուտ է:
Ամերիկացիները Իրանի դեմ սկսված այս պատերազմում նաև այլ կարևոր հարց են լուծում: Միտումնավոր՝ բոլոր պատճառների սլաքներն ուղղվում են Իսրայելի ուղղությամբ: ԱՄՆ-ում հասարակության զգալի մասը դեմ է այս պատերազմին, հրեաները ամենահարմար քավության նոխազն են: ԱՄՆ-ում հակահրեական տրամադրությունները հասել են գագաթնակետին: Ամերիկյան քաղաքական համակարգին ընձեռվել է իսրայելական լոբիզմից ազատվելու հիանալի հնարավորություն: Նավթը նախկին նշանակությունը չունի, Իսրայելի ծառայությունները՝ արաբական երկրները վերահսկելու ուղղությամբ, չունեն նախկին արժեքը: Ինչպես ասում են, ամեն մարդ իր բախտին:
Իսրայելի քայլերը նույնպես ապացուցում են, որ ԱՄՆ-ը հեռանում է: Իսրայելը հասկանում է, որ ժամանակը սուղ է, մինչև ԱՄՆ-ի հեռանալը պետք է անվտանգային բուֆերային գոտիներ ստեղծել, արաբական երկրների հետ «Աբրահամի համաձայնագիր» ստորագրել, ապագան մշուշոտ է նաև արաբական երկրների համար:
Թրամփն արեց իր գործը, Թրամփը կարող է հեռանալ, թող Նեթանյահուն իր հարցերը ինքնուրույն լուծի:
Առջևում Կոնգրեսի ընտրություններ են, Չինաստանն առաջ է անցնում բոլոր ոլորտներում: Ինչպես ցույց տվեց Իրանի դադար առած պատերազմը, մեծ հարցականի տակ է նաև ամերիկյան զենքի մասին ուռճացված գնահատականը:
Թե ինչ նորագույն զենքեր ունի Չինաստանը՝ մնում է ենթադրել: ԱՄՆ-ը մեկ ամսում կորցրեց մեծ թվով ժամանակակից օդուժ, ՀՕՊ համակարգեր, ռազմաբազաներ, թանկարժեք հրթիռների պաշարները սպառման եզրին են: Ընդամենը մեկ ամսում՝ առանց ցամաքային գործողությունների:
Եթե աշխարհի «թիվ մեկ գերտերությունը» չի կարողանում Իրանին ծնկի բերել, ինչպե՞ս է զսպելու Չինաստանին: Չնայած գերտերությանը ընդհանրապես հարիր չէ, իրենից ցածր կարգավիճակի երկրի հետ անմիջական պատերազմելը, սա արդեն իսկ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը թիվ մեկ գերտերություն չէ: ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը միմյանց դեմ առճակատման մեջ էին աշխարհի տարբեր կետերում, բայց դա արվում էր բացառապես պրոքսի ուժերի միջոցով: Այժմ ԽՍՀՄ-ը չկա, իսկ ԱՄՆ-ը Իսրայելի հետ, ՆԱՏՕ-ի դաշնակիցների արհամարհանքի ներքո պատերազմում է Իրանի պես երկրի հետ, որում Իրանն է թելադրում խաղի կանոնները՝ պատասխնելով բոլոր հարվածներին, զինանոցում ունենալով դեռ գործի չդրված բազմաթիվ խաղաքարտեր:
Ինչպես միշտ, վերադառնանք Հայաստան: Այն, որ ԱՄՆ-ը հեռանում է տարածաշրջանից ու Եվրոպայից, թույլ է տալիս պնդել, որ ԱՄՆ- ը, թե հավաքական Արևմուտքը որևէ երկրի անվտանգության երաշխիք լինել չի կարող: Ընդհանրապես, ժամանակակից աշխարհում նման երաշխիքներ մեկ այլ երկրի չի կարող տալ ոչ մի գերտերություն կամ միություն: Երաշխիքը միջազգային իրավունքն ու օրենքն է, որը վաղ թե ուշ, գուցե նոր խմբագրությամբ, սկսելու է գործել:
Ելնելով ներկա իրավիճակից՝ կարող ենք պնդել, որ Հայաստանի անցած 30 տարիների վարած քաղաքականությունը սխալ էր, բայց մինչև 2018 թվականը Հայաստանը ուներ որոշակի սուվերենության ներուժ, Հայաստանը գործոն էր, ընդամենը պետք էր կենտրոնանալ ներքին քաղաքականության վրա, զարգացնել տնտեսությունը, կառուցել իրավական պետություն:
Ղարաբաղը հանձնելով՝ մեր անվտանգության մակարդակը չբարձրացավ, այն ավելի ռիսկային է: Իրանի պատերազմի ցանկացած ելքի պարագայում ԹՐԻՓՓ կոչված ավանտյուրան Հայաստանը ներքաշելու է լրացուցիչ առճակատումների մեջ, առայժմ սա սառեցված հարց է: Պարսիկները իրենց դեմ գործած յուրաքանչյուր հարևանի հասանելիք ապտակը հասցնում են:
Իսկ դեռևս մի քանի շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը պարծանքով հայտարարում էր, որ ԱՄՆ-ը Հայաստանին առնվազն 100 տարվա գոյության երաշխիք է տվել:
Նման անհեռատեսություն, իրավիճակից կտրվածություն կարող է ցուցաբերել երկրի շարքային քաղաքացին: Երկրի ղեկավարի կողմից նման անհեթեթություններ լսելը խոսում է այն մասին, որ երկիրը մատնված է անտերության, ղեկավարների պլանները երկրի պլանների հետ աղերս չունեն:
Այս ընթացքը պետք է կասեցվի, Հայաստանը անցած 8 տարիներին վերածվել է անհասկանալի միավորի: Եթե 8 տարի առաջ կռվախնձոր, սակարկման նյութ էին մեր տիրապետության տակ գտնվող Ադրբեջանի 7 շրջանները, դրանք կորցնելուց հետո խաղասեղանին դրվեց Ղարաբաղը, որի կորստից հետո մեր ապիկար խաբեբաները խաղասեղանին դրեցին Սյունիքը, այսինքն, Հայաստանը՝ ԹՐԻՓՓ անվան տակ:
Այժմ, բոլոր խաղերը տանուլ տված, էժան շանտաժ է արվում Եվրամիության նկատմամբ, թե՝ տեսեք-տեսեք, եթե մեզ չօգնեք, ռուսները մեզ կուլ կտան...
Լավ հասկանալով, որ իրենց ղեկավարած Հայաստանը բոլոր առումներով Եվրամիություն մտնելու որևէ ստանդարտի չի համապատասխանում: Նույնիսկ խոստացված վիզաների ազատականացման հարցը չլուծվեց, վիզաների տրամադրման հարցը նույն ամոթալի վիճակում է: Մայիսին Երևանում ԵՄ համաժողովը Հայաստանին ոչինչ չի տալու: Եվրոպացիները հիմար չեն, ամեն ինչ տեսնում ու հասկանում են:
Եվրամիությունը սրտատրոփ սպասում է, որ ԱՄՆ-ը ձախողվի ու վերջնական դուրս գա ուկրաինական բանակցություններից, ինչից հետո Եվրամիությունը Ռուսաստանի հետ բանակցությունները կշարունակի առանց կողմնակի անձանց: Այսինքն, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ դուրս չի գալու: ԵՄ-ն ու Ռուսաստանը առանց միմյանց դատապարտված են, ԵՄ-ը Ռուսաստանի թիվ մեկ առևտրային պարտնյորն է, ԱՄՆ-ը՝ ոչ:
Հայաստանի Հանրապետությունը ոչ մի երկրի վրա հույս դնել չի կարող, հատկապես այնպիսի երկրների, որոնք գտնվում են մեր սահմաններից շատ հեռու: Հայաստանի միակ անվտանգային երաշխիքը երկրի հզոր տնտեսությունն ու բանակն են, համազգային՝ Հայաստան-Սփյուռք միասնությունն է, մնացածը հեքիաթներ և տգիտություն է:
Արա Արայան