ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

«Լառնակայի տոմսը»՝ որպես անտուանետյան «թխվածքաբլիթ»

«Լառնակայի տոմսը»՝ որպես անտուանետյան «թխվածքաբլիթ»
16.04.2026 | 20:10

(տեսարաններ՝ առանց հացի)

Երբ պետության փաստացի ղեկավարը, 80 000 նվազագույն զամբյուղի և 50 000 դրամ ողորմելի թոշակի պայմաններում, համարձակվում է խոսել ավիատոմսերի «մատչելիությունից», ոչ թե ընդամենը կտրվում է իրականությունից, այլ վերջնականապես թքում է սեփական ժողովրդի դեմքին։

Այն, ինչ հնչեց ԱԺ ամբիոնից անտուանետյան սնանկության՝ «Հաց չունեն, թող թխվածքաբլիթ ուտեն», 21-րդ դարի «ավիացիոն» մոդիֆիկացիան է՝ ամենանողկալի դրսևորմամբ։

Էական ու սկզբունքային մի տարբերությամբ, սակայն. եթե Ֆրանսիայի թագուհու՝ Մարի Անտուանետի հայտնի «թխվածքաբլիթն» ընդամենը իրականությունից կտրված լինելու և պալատական մեկուսացման հետևանք էր, ապա ՀՀ գերագույն հոգեշեղվածի այս հեգնանքը թիրախավորված, սառնասիրտ ու չարամիտ վիրավորանք է։

Սա սոցիալական աղետի եզրին հայտնված մարդու վրա խրխնջացողի ցինիզմ է, որը վերջնականապես ջնջում է բարոյականության որևէ սահման։

Նման բառային ծաղրը ոչ թե ադեկվատության պակաս է, այլ բացահայտ հոգեբանական տեռոր՝ ուղղված արժանապատիվ ծերության իրավունքից զրկված և գոյության կռիվ տվող հազարավոր քաղաքացիների դեմ։ Սա այն սահմանն է, որից այն կողմ սկսվում է սեփական ժողովրդի նկատմամբ անթաքույց արհամարհանքի պատմական դատավճիռը։

Նախ փաստենք ակնհայտը. «երկու եվրոյանոց» ավիատոմսը երբեք չի արտացոլում թռիչքի իրական ինքնարժեքը։ Դա լոուքոստերների մարքեթինգային խայծն է, որը գործում է սահմանափակ ու պատահական սկզբունքով։ Սակայն հարցն այստեղ նույնիսկ տոմսի գինը չէ։

Եթե անգամ ավիատոմսն արժենա զրո դրամ, թոշակառուն պետք է ունենա օդանավակայան հասնելու, օտար երկրում սնվելու, տեղաշարժվելու և գիշերակացի միջոցներ։ Պետության ղեկավարը, որը «մոռանում» է կենսական այս բազային ծախսերի մասին, կա՛մ ինքն ունի ինտելեկտուալ լուրջ խնդիրներ, կա՛մ սեփական ժողովրդին համարում է անուղեղ ու պրիմիտիվ ամբոխ, որին կարելի է «կերակրել» «երկու եվրո» արժեցող հայտարարություններով։

Աբսուրդային՝ «Երկու եվրոյով Գյումրի-Լառնակա միակողմանի ավիատոմս կա, թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով, կարող է 5 հատ «տուդա-աբրատնի» տոմս առնի», առաջարկով իշխանությունը հանրության մի հատվածին վերջնականապես զրկում է քաղաքացիական սուբյեկտայնությունից՝ դուրս մղելով արժանապատիվ մարդու տիրույթից։ Թոշակառուին սրանք վերաբերվում են որպես լոկ կենսաբանական միավորի, որին կարելի է կերակրել «Լառնակայի» մասին անբովանդակ ու տխմար զառանցանքով։

Ականատեսն ենք «ստամոքսի դիկտատուրայի» նողկալի տրամաբանության, որտեղ քաղաքացու հիմնարար իրավունքները, անվտանգությունն ու սոցիալական երաշխիքները նենգափոխվում են վիրտուալ զվարճանքի պրիմիտիվ պատրանքով։

Մեր տատիկներին ու պապիկներին, ում հասցեին այս վարչախումբը թույլ է տալիս «չգիտես ինչու երկար ապրելու» մասին հակամարդկային ակնարկներ, փորձում են դեգրադացնել հերթական «ավիացիոն» զառանցանքով։ Սա բացահայտ փորձ է՝ մարդուն ստիպելու երազել ոչ թե արդարության, արժանապատիվ ծերության կամ որակյալ կյանքի, այլ տեխնիկապես անհնարին ու բարոյապես ստորացուցիչ «թռիչքի» մասին։ Սակայն այդ «թռիչքը» իրականում գահավիժում է դեպի արժեհամակարգային անդունդ, որտեղ պետության ղեկավարի աթոռը զբաղեցնողը մարդուն դիտարկում է լոկ որպես մանիպուլյացիայի ենթակա կենսաբանական թիրախ։

Երբ բանական խոսքն ու պետական միտքը փոխարինվում են «կրկեսային» էժան հնարքներով, դա ոչ թե քաղաքականություն է, այլ պետական ինստիտուտների վերջնական ու անդառնալի փլուզման վավերագիր։

Լրջության իսպառ բացակայությունը և պատասխանատվության դեֆիցիտը ոչ միայն սպանում են պետության հիմքերը, այլև ի լուր աշխարհի ցուցադրում մեր տոտալ անպաշտպանությունը տխմարության և անբարո ցինիզմի առջև։

Ներկայացվածն աղետալի դիագնոզն է մի համակարգի, որտեղ իշխանությունը սեփական ժողովրդի սոցիալական ողբերգությունը վերածել է շոկ շոուի՝ պետականության վերջին բեկորները զոհաբերելով սեփական հոգեշեղվածությանն ու առաջիկա ընտրություններում ամեն գնով վերարտադրվելու ախտավոր մոլուցքին։

Անպատժելիության պատրանքով տարված խմբակի վերջին ճիգն է՝ իշխանական աթոռը պահել սեփական ժողովրդի արժանապատվության և պետության ապագայի ավերակների վրա։

Գործ ունենք ոչ թե պարզապես սխալվող քաղաքական կերպարի, այլ սառնասիրտ ու գիտակցված մանիպուլյատորի հետ, որը մեթոդաբար սպանում է հանրային բանականությունը՝ այն փոխարինելով «քյաբաբ հոշոտողի» պրիմիտիվ ու նվաստացուցիչ տրամաբանությամբ։

Համաշխարհային պատմությունն ունի անողոք մի օրինաչափություն. այն միշտ էլ կառափնարանով, գիլյոտինով կամ փողոցային արդարադատությամբ է հատուցել սեփական ժողովրդին աղետի մատնած հանցագործներին։

Իհարկե, դեռևս դժվար է ճշգրիտ կանխատեսել, թե ինչպիսին կլինի հայկական այս «մերժվածի» վերջաբանը, որն իր տեսակով իսկական էկզոտիկ նմուշ է մարդկային խայտառակության տարեգրության մեջ, բայց որ հատուցումն անխուսափելի է ու մոտալուտ՝ կասկածից վեր է։

Պատմությանը հայտնի քաղաքական ստահակների ու արկածախնդիրների այս կատարյալ «հիբրիդը», որն անթաքույց լպիրշությամբ հանրությանը կերակրում է Լառնակայի «էժան տոմսերի» մասին անամոթ հեքիաթներով, սեփական ախորժակը հագեցնում է աստղաբաշխական պարգևավճարներով։ Պատկերը ցինիկ է ու պարզ.

շարքային թոշակառուի համար՝ տեսական թռիչք դեպի անհայտություն՝ ողորմելի հավելավճարով,

իր համար՝ բյուջեի անխոչընդոտ թալան, կոռուպցիոն սխեմաներ և 14 միլիոնանոց «ինդուլգենցիա»՝ հենց նույն կողոպտված թոշակառուի գրպանից։

Կողոպուտի այս համայնապատկերին, ընտրություններից առաջ, սույն սուբյեկտն իրականացնում է ուղեղների հերթական «զանգվածային լվացքը»՝ փորձելով քաղաքացու արժանապատվությունը գնել «տուդա-աբրատնի» տոմսի խայծով։

Սակայն, երբ պաշտոնական լպիրշությունը հատում է բանականության բոլոր սահմանները, պատմությունը դադարում է լոկ դիտորդ լինելուց։

ԱԺ ամբիոնից հնչեցրած հիմարությունը, որը խոցել է բազմահազար տատիկ-պապիկների մարդկային արժանապատվությունը, քաղաքական ու բարոյական ախտորոշում է, որն այլևս ենթակա չէ բուժման վիրտուալ տիրույթում կամ լայվերի սահմաններում։ Այն պահանջում է անհապաղ համազգային սթափություն, քանի դեռ այս վարչախումբն իր «երկու եվրոյով» մեզ բոլորիս՝ որպես պետություն և ազգ, «տուդա-աբրատնի» չի ուղարկել անհայտություն։

Ի վերջո, պետք է հիշել անողոք մի ճշմարտություն. պատմության մեջ ոչ մի «թխվածքաբլիթ» կամ «էժան տոմս» երբեք չի փրկել նրանց, ովքեր փորձել են սեփական ժողովրդի արժանապատվությունը փոխարինել հայտնի «panem et circenses» (հաց և տեսարաններ) բանաձևով։ Սակայն մերօրյա հայկական տարբերակն առավել ցինիկ է. տեսարան՝ առանց հացի, որտեղ սոված մարդուն կերակրում են սեփական աղետի վիրտուալ բեմադրությամբ։

Իշխանական աթոռին կառչած լինելու մոլուցքը կարող է ժամանակավորապես մթագնել բանականությունը, բայց այն երբեք չի կարող կասեցնել արդարության անիվը։

Ընտրությունը մերն է՝ մնալ իբրև «Լառնակայի տոմսով» խաբված ու սեփական հողում օտարված զանգված, թե՞ վերագտնել քաղաքացիական այն սթափությունը, որը թույլ չի տա մեզ ու մեր պետականությունը դուրս շպրտել պատմության լուսանցք։

Որքան էլ այս «հիբրիդային» օբյեկտը փորձի իրականությունը փոխարինել մանիպուլյատիվ շոուներով, նրա տեղը պատմության աղբանոցում արդեն վաղուց ամրագրված է։

Հատուցման գործիքն ու վայրը կարող են փոխվել, բայց դատավճիռն անբեկանելի է. ժողովրդին ողբերգության մատնած ոչ մի կերպար չի խուսափել իրեն հասանելիք «գիլյոտինից»՝ լինի դա իրավական, թե պատմական անեծքի տեսքով։

Հատուցման ժամը միշտ գալիս է ավելի շուտ, քան թվում է «անպատժելիության» թմբիրի մեջ հայտնվածներին։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ