ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում, որտեղ նա մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և նույնիսկ հայցել է նրա ներողամտությունը, չի կարելի դիտարկել որպես սովորական դիվանագիտական ժեստ։
Խնդիրը ոչ թե շնորհակալություն հայտնելն է, այլ այն, թե ինչ գործընթացի համար է այն հնչում։ Երբ հայ-ադրբեջանական կարգավորման հիմքում ընկած են ռազմական ճնշումը, ուժի կիրառման շարունակական սպառնալիքը, Արցախի հայաթափման փաստացի լեգիտիմացումը և Հայաստանի նկատմամբ բաց ու քողարկված շանտաժը, այդ պայմաններում Ադրբեջանի նախագահի նկատմամբ հրապարակային շնորհակալությունը վերածվում է ոչ թե խաղաղասիրության, այլ պարտության քաղաքական արդարացման։
Խաչատուրյանի խոսքում օգտագործվող «քաղաքական կամք» ձևակերպումը փաստացի խեղաթյուրում է իրականությունը։ Քաղաքական կամքը ենթադրում է սուբյեկտություն, ընտրության հնարավորություն և հավասար պայմաններ։ Մինչդեռ հայ-ադրբեջանական գործընթացում Հայաստանը գործել է ոչ թե սեփական կամքով, այլ հարկադրանքի պայմաններում։ Ուժի կիրառման սպառնալիքի ներքո պարտադրված զիջումները ներկայացնել որպես երկկողմ խաղաղության կամքի արդյունք նշանակում է վերաձևել քաղաքական իրականությունը՝ մաքրելով ագրեսիայի պատասխանատվությունը և նորմալացնելով պարտված կողմի դիրքը։
Դավոսում հնչած այս ելույթը ակամա հիշեցնում է սովետական անցյալը, երբ միութենական հանրապետությունների ղեկավարները մրցում էին ՍՄԿԿ Գլխավոր քարտուղարին քծնելու մեջ՝ սեփական կախվածությունը ներկայացնելով որպես «եղբայրական միասնություն»։ Այսօր այդ մոդելը վերարտադրվում է նոր ձևով․ նախկին սովետական (ռուսական) պատրոնաժի փոխարեն ձևավորվում է ադրբեջանական գործոնից բխող քաղաքական ենթագիտակցություն, որտեղ Հայաստանի ղեկավարը իրեն չի տեսնում որպես հավասար կողմ, այլ որպես պարտադրված «խաղաղության գործընթացի» ենթակա։
Իհարկե, ներկայիս համատեքստը ավելի շատ կապված է տարածաշրջանային հաշվեկշռի փոփոխության հետ, որտեղ Ադրբեջանը ուժեղացրել է դիրքերը, իսկ Հայաստանը փորձում է ադապտացվել նոր ստատուս-քվոյին:
Խաչատուրյանի խոսքը չի կարելի բացատրել դիվանագիտական անփութությամբ։ Այն ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական գծի մեջ, որտեղ պարտությունը ներկայացվում է որպես ռազմավարական ընտրություն, զիջումը՝ որպես իրատեսություն, իսկ դիմադրության բացակայությունը՝ որպես քաղաքական հասունություն։
Դավոսում հնչած շնորհակալությունները պարտության փիլիսոփայության խոսքային դրսևորում են, որը վտանգավոր է ոչ միայն ներկա բանակցային գործընթացի, այլև Հայաստանի պետական ինքնագիտակցության համար։ Երբ պետության ղեկավարը հրապարակային շնորհակալություն է հայտնում այն կողմին, որը խնդիրները լուծում է ուժի լեզվով, դա նշանակում է, որ խնդիրը այլևս բանակցությունների բովանդակությունը չէ, այլ իշխանության պատկերացումն իր դերի, իր պետության սուբյեկտայնության և արժանապատվության մասին։
Սուրեն Սուրենյանց