ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

«Հավես» գաղթի սյուրռեալիզմը

«Հավես» գաղթի սյուրռեալիզմը
07.02.2026 | 17:52

Հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու համար, սկզբից ևեթ փաստեմ՝ չեմ կարդացել Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը։ Ասելիքս էլ բացարձակ ստեղծագործությանը չի առնչվում։

Եվ բոլոր նրանք, ովքեր կփորձեն խոսքս տեղափոխել գրականագիտական հարթություն կամ մեղադրել կանխակալության մեջ, իրենց խնդիրն է։

Քննարկվողը ոչ թե տեքստն է, այլ ենթատեքստը, ոչ թե գիրքը, այլ այն ընկալումը, որն ի ցույց դրվեց Երևան-Աբու Դաբի-Երևան թռիչքին հաջորդած սոցցանցային գրառմամբ։

Ասել է՝ խնդիրը ոչ թե գեղարվեստական հնարքներն են, այլ բարոյական օպտիկան, որով տեքստին նայում է «մեկ շնչով կարդացողը»։ ՈՒմ համար «գաղթի գրականությունը» կարող է լինել «հավես», իսկ ազգային ողբերգությունը՝ թռիչքի ժամանակ սպառվող դեկորացիա։

Երբ հայրենիքը դադարում է լինել ապրում, պատասխանատվություն և սրբություն, վերածվում է դեկորացիայի, որի գլխավոր բաղադրիչներից են և կառավարական բուրգի վերևում կանգնածները։

«Հավես ու սիրուն» գրառումներ անողների համար երկիրը թատրոնի հետնաբեմ է։ Քանի դեռ այն ֆոտոգենիկ է, ապահովում է անհրաժեշտ «լայքերը», նրանք այնտեղ են։

Բայց հենց փլվում են դեկորացիաները, պատկերը դառնում է արյունոտ ու իրական, նրանք պարզապես փոխում են թատրոնը կամ նստում ինքնաթիռ։

Դեկորացիան սպառվում է հենց այն պահին, երբ այլևս չի գեղեցկացնում նրանց սոցցանցային կյանքը։

Ի տարբերություն հիմնավոր կառույցի, դեկորացիան հեշտ է փոխել։

«Նապաստակի գլուխներ հագածների» համար ամեն ինչ փոփոխական է․ այսօր նրանք նաիրյան դեկորացիաների մեջ են, վաղը՝ արաբական շեյխերին հատուկ շքեղության։

Նրանք բացարձակ կապ չունեն երկիր Նաիրիի հետ, որովհետև դեկորացիան հիմք չունի, այն պարզապես կախված է օդում՝ հետևում գտնվող դատարկությունը թաքցնելու համար։

Երբ Տերյանը հարցնում էր՝ «Մա՞հն է արդյոք, թե՞ նինջը քեզ պատել, պայծառ Նաիրի», նա չէր կարող պատկերացնել, թե մեկ դար անց, ոմանք կնախընտրեն «նինջը»՝ փաթեթավորելով այն «հավես ու սիրուն» զգացողություններով։

Այսօրվա մեր նինջն ինքնաթիռային է՝ հեռու

հող- հայրենիից, հեռու ցավից, հեռու պատասխանատվությունից։

Սա կամավոր թմբիր է, որտեղ գաղթը դառնում է «մեկ շնչով կարդացվող» պատմություն, իսկ հայրենիքի փլուզումն ընդամենը անհարմար դրվագ՝ Աբու Դաբի թռիչքի ճանապարհին։

Եթե Չարենցը նկարագրում էր այնպիսի Նաիրի, որը չկար, պատրանք էր, մենք այսօր ստեղծել ենք մի նոր՝ «հավես գաղթի» ու «դեկորատիվ հայրենիքի» պատրանք։

Եթե Չարենցի ամբոխները խելագարված էին իրենց սիրուց ու տառապանքից, ապա այսօրվա «նապաստակի գլուխներ հագածները» խելագարված են իրենց անտարբերությունից։ Նրանք այլևս արեգակներ չեն շպրտում երկինք, նրանք արեգակներն օգտագործում են որպես լուսավորություն՝ իրենց սոցցանցային էջերում արված գրառումների համար։

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ ողբերգությունը վերածվել է «սիրուն պահի»։

ՈՒ քանի դեռ չենք արթնացել այդ նինջից, քանի դեռ չենք հասկացել, որ բանալին ոչ թե ինքնաթիռի տոմսն է, այլ սեփական ցավի հետ առերեսվելու կամքը, հավերժ կմնանք փակ դռների հետևում՝ կարդալով մեր իսկ կործանման մասին «հավես» պատմություններ, ինչպես ինքնահռչակ «առաջին տիկինը»։

«Ավարտեցի Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը։ Գիրքը սկսեցի դեպի Աբու Դաբի թռիչքի ժամանակ (փետրվարի 3-ին, ժամը 22:30-ից), վերջացրեցի Երևան վերադարձի ճանապարհին։ Մոտավորապես տևեց մեկուկես օր։ ՈՒզում եմ ասել՝ մեկ շնչով կարդացվող գիրք է. մեր մասին իրական, հավես, սիրուն պահեր շատ կան։ Եվ, այնուամենայնիվ, գաղթի գրականություն է, պատմում է մեր օրերի գաղթականների մասին»։

Նկատեցի՞ք «առաջընթացը»։

Եթե Ռեյկավիկ-Ֆրանկֆուրտ թռիչքային ճանապարհին Չարենցի «Երկիր Նաիրին» «մոռացվել» էր որպես անցյալի ծանր բեռ, ապա դեպի Աբու Դաբի թռչող ինքնաթիռում գիրքն արդեն կարդացվում է որպես․․․ «հավես ու սիրուն»։

Իսկ դուք երբևէ առնչվե՞լ եք «հավես ու սիրուն» «գաղթի գրականությանը»։

Եթե սույն գրառումը դիտարկենք Աբու Դաբիում ցուցադրված կրկեսի, Բաքվի դատարանում կատարվածի ու Չարենցի «Երկիր Նաիրիի» համատեքստում, ապա կարելի է առանձնացնել մի քանի սահմռկեցուցիչ, բայց հստակ «ուղերձներ», որոնք տիկինը ջանում է փոխանցել հայ հանրությանը։

1․ Հանրային հույզերի բթացում։

Երբ երկրի ճակատագրական պահին «առաջին տիկինը» խոսում է «հավես» ու «սիրուն» գրքի մասին, նա հանրությանը թելադրում է վարքագծի նոր մոդել.

«Արտառոց ոչինչ էլ չի պատահել։ Կյանքը շարունակվում է, մենք կարող ենք թռչել Աբու Դաբի, ողջագուրվելձեր թշնամու հետ ու հաճույքով գիրք կարդալ»։

Սա փորձ է՝ Արցախի էլիտայի դատավճիռը դարձնել սովորական լուր, որը չպետք է խաթարի «հավես» առօրյան։

Սրանց համար «խաղաղության» միրաժն ավելի կարևոր է, քան Բաքվի բանտերում տանջվող մարմնավորված հայրենիքը։

Սա իսկական ողբերգություն է՝ «նապաստակի գլուխներ հագած» կերպարները ոչ թե գրքի էջերում են, այլ մեր իրականության ղեկին։

Նրանք գաղթի մասին կարդում են ինքնաթիռի բիզնես-կլասում՝ համարելով դա «սիրուն պահ»։ Իսկ իրական գաղթականը դեռևս իր ուսերին տանում է Կարսի, Շուշիի ու Ստեփանակերտի փոշին։ Սա է մերօրյա «ուղեղի մորմոքը», երբ ողբերգությունը վերածվում է թռիչքի ընթացքում անցկացվող ժամանցի:

2․ Հրաժեշտ անցյալին՝ որպես «գրական սյուժեի»։

Օգտագործելով «գաղթի գրականություն» եզրույթը և այն անվանելով «սիրուն», տիկինը փորձում է Արցախի կորուստն ու հայրենազրկումը տեղափոխել թանգարանային կամ գրքային հարթություն։

3․ «ՈՒղերձի» ենթատեքստը.

«1915-ի ու ղարաբաղյան անցուդարձերը մեր պատմության մի հատվածն են, որ դեռևս ճշգրտման կարիք ուենեն՝ ինչու՞ և ինչպե՞ս տեղի ունեցան արյունալի բախումները, և ո՞վ էր մեղավոր։

Ինչևէ, մենք «մեկ շնչով» արդեն կարդացել-ավարտել ենք այդ ամենը և անցել առաջ։ Կյանքը շարունակվում է։ Առանց Ղարաբաղ մեզ ավելի լավ են կերակրում»։

Նպատակը հստակ է՝ ամեն ինչ դարձնել վերացական պատմություն, որն այլևս չպետք է ցավեցնի կամ պահանջատեր դարձնի։

4․ Իշխանական «Էսթետիզմ» ընդդեմ ազգային Ցավի։

Սա Չարենցի նկարագրած «կլուբի մեյմունների» բարձրագույն դրսևորումն է։

Նրանք փորձում են ցույց տալ, որ իրենք «վեր են» այդ ամենից, իրենք էսթետներ են, գիրք են կարդում, թռիչքների մեջ են, «պայծառափայլ» դիակների հետ են հանդիպում-համբուրվում։

Սա հոգեբանական գրոհ է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ցավ ունեն ու պահանջատիրություն։

Տիկինը հուշում է նմաններին․

«Ձեր ցավն ու աբսուրդ պահանջները ոչ թե «նորաձև» են, այլ հնաոճ և հակասում են մեր օրակարգին։

Ճիշտը՝ «հավես ու թեթև» ապրելակերպն է»։

5․ «ՈՒղերձի» դաժան «գաղտնագիրը»։

«Մոռացե՛ք ձեզ պատած իրական ցավը։

Ողբերգությունն ընդունեք որպես «հավես» պատմություն և մի՛ խանգարեք մեզ վայելելու մեր աբուդաբիներն ու միլիարդները»։

Ի՞նչ է սա՝ աբսու՞րդ, թե՞ մեր կյանքի հերթական սյուրռեալիզմը։

Թերևս, ո՛չ մեկը, և ո՛չ էլ մյուսը։

Աբսուրդը ենթադրում է իմաստի կորուստ, իսկ սյուրռեալիզմը՝ իրականության գերազանցում։

Այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզունակ է ու դաժան։ Սա բարոյական վակուում է և հուզական դեֆոլտ։

Այստեղ չկա որևէ տրամաբանական կապ։ Սա իմաստի լիակատար փլուզում է։

Տվյալ պարագայում միախառնվել են ինքնաթիռի շքեղ սրահը, Աբու Դաբիի թռիչքը և հայրենազրկման մասին «թեթև» ընթերցանությունը, ինչը Բաքվի բանտերում գտնվող մեր ռազմաքաղաքական էլիտայի տառապանքների ու նվաստացումների ֆոնին ուրվագծում է մռայլ տեսարան, այնքա՜ն բնորոշ Դալիի կամ Ռենե Մագրիտի հայտնի կտավներին։

Հայկական տարբերակում, սակայն պատկերն այլ անվանում ունի՝ էթիկական կուրություն՝ ատրոֆիա։

Երբ կուրանում են մարդու էթիկական օրգանները, նա սկսում է ողբերգությունը տեսնել որպես «էսթետիկական հաճույք»։ Սա «գլամուրային ցինիզմ» է, որտեղ ուրիշի արյունն ու հայրենազրկումը վերածվում են ինքնաթիռում ժամանակ սպանելու համար նախատեսված ապրանքի։ «Հավեսը» դառնում է այն անզգայացնողը, որով փորձում են լռեցնել սեփական խիղճը, եթե, իհարկե, այն դեռևս կենդանի է։

Մենք գործ ունենք սրբապղծության նոր տեսակի հետ՝ «նապաստակի գլուխներ հագածները» փորձում են համոզել՝ «գաղթի գրականությունը» կարող է լինել «սիրուն», կորուստը կարող է լինել «հաճելի», իսկ ինքնաթիռի բարձրությունից երևացող հայրենիքը ընդամենը գունավոր դեկորացիա է՝ հաջորդ սոցցանցային գրառման համար։

«Հավես» բառը հենց այն դիմակն է, որը սրանք քաշում են անդեմ դեմքերին իրականությունից փախչելու համար։ Եթե գաղթը «սիրուն» է, ուրեմն պատասխանատվություն չկա։ Եթե այն «հավես» է, ուրեմն պետք չէ սգալ կորուստը։

Սրանց համար ինքնաթիռի բարձրությունից հայոց հողը ներկած արյունը «սիրուն» կարմիր կետիկ է, իսկ մարդկանց ողբը՝ «մեկ շնչով կարդացվող» պատմություն։

Նրանք այլևս չեն զգում Նաիրիի մորմոքը, որովհետև նրանց երակներով հոսող արյունը վաղուց ջուր է դարձել՝ թեթև, թափանցիկ ու անհամ։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Գեղանկարը՝ Ռենե Մագրիտի

Դիտվել է՝ 533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ